2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էր արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը եւ Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» ԲԿ»:
Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները: Բանն այն է, որ կրակոցների հետեւանքով սպանվածներ Զորիկ Պարոնիկյանի եւ Ավետիսյանի հարազատները եւ ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Արմեն Հայթյանը, Դավիթ Հայթյանը եւ Վարդան Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել եւ փորձել էին սպանել նրանց, ավելին՝ կտրել էին հորեղբոր որդիներ Արմեն Հայթյանի եւ Դավիթ Հայթյանի պարանոցը, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ: Ի դեպ, Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո մինչ օրս կրքերը չեն հանդարտվում, եւ իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ վենդետան կշարունակվի:
Եվ, ահա, այսօր լրացավ աղմկահարույց միջադեպի 1 ամիսը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը գործով հայտնվել է փակուղու առաջ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը: Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել: Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, եւ ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում:
Ինչեւէ, այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 28 անձ, որից 25-ը՝ «Գավառ» բժշկական կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եււ դրանց ընթացքում կոչեր հնչեցնելու համար, մեկ անձի՝ նույն կենտրոնում նաեւ սպանության փորձի, իսկ երկու անձի՝ Գավառի Ազատության փողոցում խմբի կողմից երկու եւ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:
Այսպիսով, ի՞նչ վիճակում են պարանոցը կտրած երիտասարդները, ինչո՞ւ չեն հայտնում, թե որտեղ են նրանք գտնվում, եւ, առհասարակ, ի՞նչ են պատմել նրանք իրենց դեպքից: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արման Թամրազյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչ է եղել այդ օրը, եւ ինչպես են ծակել Դավիթ Հայթյանի պարանոցը ու սիրտը, ու ինչպես է բժիշկը թել ու ասեղով կարել սիրտը. «Ես՝ որպես փաստաբան, մասնակցել եմ իր հարցաքննությանը, միջնորդություն եմ ներկայացրել, որ իրեն տուժող ճանաչեն, քննչական մարմինն առանց որեւէ հիմքի միջնորդության լուծումը հետաձգել է: Դավիթ Հայթյանը էդ դեպքի, կրակոցների հետ որեւիցե առնչություն չի ունեցել. ցուցմունքներով էլ հաստատված է, որ Դավիթ Հայթյանն այդ պահին եղել է իր անասնաֆերմայում: Իր հորեղբոր տղան՝ Արմենը, զանգել, ասել է՝ շտապ արի հիվանդանոց, էս մարդն էլ իր գործերը թողել, գոմի շորերով նստել է մեքենան եւ եկել հիվանդանոց: Եկել, տեսել է՝ հիվանդանոցի մոտ հավաքված են, մտել է, որ տեսնի հորեղբոր տղային, առաջին հարկում՝ վերելակի մոտ է հանդիպել»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
Խաչատուր Ավդալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի օգոստոսի 07-ից, «թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն՝ վարքային խանգարումներով, հոգեկան եւ վարքային խանգարումներ` ալկոհոլի գործածման հետեւանքով» ախտորոշմամբ գտնվելով ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲ ընկերության 5-րդ բաժանմունքում եւ 2019 թվականի օգոստոսի 13-ին դեռեւս հանդիսանալով ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի ընկերության 5-րդ բաժանմունքում բուժման մեջ գտնվող հիվանդ, ժամը 16:30-ի սահմաններում դիտավորությամբ հարվածել եւ վնասել է ՀՀ ԱՆ «ՀԱՊԱԿ» ՓԲ ընկերության 5-րդ բաժանմունքի միջանցքում տեղադրված հեռուստացույցի էկրանը` ընկերությանը պատճառելով զգալի չափերի` 130.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
Armlur.am-ին են ահազանգել Արթիկ քաղաքի մի խումբ բնակիչներ` նշելով, որ վտանգված է իրենց երեխաների ապագան: Մասնավորապես, ըստ Արթիկ քաղաքի բնակիչների՝ Արթիկ քաղաքի Պ. Սեւակ 14 հասցեում տեղադրվել է շարժական կապի կայան: Քաղաքապետարանի կողմից տրվել է շինթույլտվություն: Ըստ բնակիչների՝ կայանի տեղադրման մասով դիմում են ներկայացրել Արթիկի ոստիկանություն, անգամ դիմել են Արթիկի քաղաքապետարան, սակայն անարդյունք: Բնակիչների խոսքով՝ այդ կայանը վնասում է իրենց կյանքը, եւ դեռ ավելին՝ կայանը դպրոցից մի քանի մետրի վրա է: Բնակիչները խնդրում են, որ պատկան մարմինները դադարեցնեն շարժական կապի կայանի գործունեությունը: Ի դեպ, բնակիչները տեղեկացրին նաեւ, որ շարժական կապի կայանը տեղադրվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Բզնունու առանձնատան տանիքին, ու դա է պատճառը, որ իրավապահները եւ Արթիկի քաղաքապետը որեւէ քայլ չեն իրականացնում իրենց կողմից բարձրացված խնդրի մասով:
Ավելին, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Բզնունու որդին էլ Արթիկի ավագանու անդամ Կորյուն Բզնունին է, եւ դա է պատճառը, որ նրանց ահազանգը տեղ չի հասնում: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ԲԱՆՏՈՒՄ
Մհեր Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել որ նա, 2019 թվականի հոկտեմբերի 08-ից հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ, հաստատապես իմանալով, որ նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ավագ Թաթոս Համբարյանն իշխանության ներկայացուցիչ է, նրա նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
2019 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի 1-ին խցում խուզարկություն է իրականացվել, եւ մեծ աղմուկ է բարձրացել: Բարձրացված ձայներից նույն մասնաշենքի 6-րդ խցի կալանավորված անձ Մհեր Կաղզվանցյանը ձայն է տվել մասնաշենքում ծառայություն իրականացնող Թաթոս Համբարյանին: Արդյունքում, Թաթոս Համբարյանը մոտեցել է խցի դռանը եւ բացելով սննդի փոխանցման դռնակը՝ հարցրել է, թե ինչ է պատահել: Մհեր Կաղզվանցյանը, աջ ձեռքը դնելով սննդի դռնակի վրա, հարցրել է, թե ինչ ձայներ են:
Այդ պահին Թաթոս Համբարյանը, վերը նշված հրամանի դրույթների համաձայն պարտավոր լինելով հետեւել կալանավորված անձանց կողմից ներքին կանոնակարգի պահանջների պահպանմանը եւ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու այլ իրավախախտումներ կատարելու փորձերը, նրան ներկայացրել է օրինական պահանջ՝ խցի սննդի փոխանցման դռնակից դուրս հանված ձեռքը վերցնել դռնակի վրայից եւ հետ քաշել, որպեսզի դռնակը փակի, սակայն Մ.Կաղզվանցյանը, չենթարկվելով նրա օրինական պահանջին, ծառայողական հիշյալ պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Թաթոս Համբարյանի նկատմամբ:
Մասնավորապես, մեկ անգամ սննդի դռնակի բացվածքից դիտավորությամբ ձեռքով ապտակել է նրա դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Թաթոս Համբարյանի ձայնից եկել են նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներ Էդգար Կյուրեղյանը, Ռաֆիկ Մովսիսյանը, Հովհաննես Կարախանյանն ու Գեւորգ Հակոբյանը, բացել են խցի դուռը, որպեսզի կանխեն կալանավորված անձ Մհեր Կաղզվանցյանի հետագա անօրինական գործողությունները եւ գործեն ըստ սահմանված կարգի, սակայն վերջինս, շարունակելով իր դիտավորությունը, վիճաբանության մեջ է մտել Թաթոս Համբարյանի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով նրան՝ կրկին ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Թ.Համբարյանի նկատմամբ՝ մեկ անգամ բռունցքով դիտավորությամբ հարվածել է նրա դեմքին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ