ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործարկվել է Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» բաժինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մեկնարկող շինարարության՝ տուն, շենք, հասարակական ու արտադրական շինություններ:
Մեծ ու փոքր մասշտաբի շինարարության հանդիպելիս քաղաքացու մոտ ծագող առաջին հարցը՝ օրինակա՞ն է արդյոք, թե՝ ոչ:
Մինչև հիմա քաղաքացիներն այդ մասին կարող էին իմանալ միայն Երևանի քաղաքապետարան ահազանգելով կամ հարցումներ ուղղելով:
Այժմ քաղաքում իրականացվող շինարարությունների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է առցանց: Երևանի
քաղաքապետարանը գործարկել է շինթույլտվությունների առցանց քարտեզը:

«Երբ քաղաքապետին զեկուցում էինք «թեժ գծերով» ստացված հարցերը, հասկացանք, որ կա խնդիր, որ քաղաքացիները երբեմն տեսնելով
շինարարություն, չունեն հնարավորություն պարզելու դա օրինական է, թե՝ ոչ: Բացը գիտակցելով՝ մի քանի ամիս շարունակ աշխատանքներ
տարանք, և ստեղծվեց այս հարթակը»,-ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

«Գործիքը բավական ճկուն է ստեղծված: Ընտրում ենք որևէ վարչական շրջան, այնուհետ հնարավորություն ունենք ընտրել նպատակային
նշանակությունը՝ օրինակ, «Բնակելի շինություններ», որից հետո կարող ենք ընտրել շինության կոնկրետ տեսակը՝ ասենք,
բազմաֆունկցիոնալ բնակելի շենք: Համակարգում կա հնարավորություն նաև ընտրել շինությունն ըստ հասցեի կամ կառուցապատողի»,-
մանրամասնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Հարթակ մուտք գործելն ու տեղեկատվության ճշգրտումը քաղաքացիներից կխլի մի քանի վայրկյան: Գործիքից օգտվելը հեշտ է և հասանելի:
Այստեղ կգտնեք տեղեկատվություն կառուցապատողի, շինության տեսակի մասին, ինչպես նաև՝ թույլտվության տրամադրման ամսաթիվը,
համարը և թե երբ է նախատեսվում ավարտել այն: Կից կտեսնեք նաև լուսանկարներ, թե ինչպիսի տեսք է ունենալու շինությունը:
Քաղաքում տրված յուրաքանչյուր նոր թույլտվություն նախ թվայնացվում, ներբեռնվում է քաղաքաշինական փաստաթղթերի հաշվառման
բազայում, որից հետո հայտնվում է նաև քարտեզին: Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:
Այժմ կայքում հասանելի են ավելի քան 4500 շինթույլտվության տվյալներ:

Քաղաքապետարանը քաղաքում սկսող և ընթացող շինարարությունների վերաբերյալ բազմաթիվ նամակներ էր ստանում նաև
լրատվամիջոցներից: Հարթակի ստեղծումը կթեթևացնի նաև նրանց աշխատանքը:
«Շինարարության օրինականությունը ստուգելու համար անհրաժեշտ է քաղաքապետարան գրավոր հարցում ուղարկել, և առնվազն 5 օր
կարող էինք կորցնել: Գործիքի ստեղծումն իրենով դրական է, բացի այդ, այն հնարավորթություն է տալիս տեղորոշել շինարարության
տեղանքը»,-ասում է հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը:

Շինթույլտվությունների առցանց հարթակը ոչ միայն տեղեկատվության աղբյուր է, այլև ապօրինի շինարարության կանխարգելման
յուրօրինակ գործիք:
«Ինձ համար ՏՏ կիրառումը կառավարման ոլորտում շատ կարևոր է: Մենք հաճախ ահազանգեր ենք ունենում քաղաքացիներից, երբ,
օրինակ, իրենց բակում ինչ-որ շինարարություն է իրականացվում և մտածում են, որ ապօրինի է: Սա միջոց է, որ քաղաքացիները հենց
հեռախոսով միանգամից բացեն հավելվածը և տեսնեն կա՞ թույլտվություն, թե՝ ոչ: Կատեգորիաներն էլ շատ բազմազան են՝ սկսած պարսպից
մինչև բազմաբնակարն շենք: Մեկ այլ հարց է,որ սա թափանցիկության համար շատ կարևոր գործիք է: Կարող ենք առցանց հետևել, թե
քաղաքապետարանը որտեղ ինչ շինթույլտվություն է տվել, և ընդհանուր վերահսկողություն իրականացվի»,- նշում է Երևանի ավագանու
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը:
«Այս պլատֆորմը համալրեց մեր «Open data» գործիքների շարքը, ինչը համահունչ է «Խելացի քաղաք» հայեցակարգի դրույթներին:

Դրանք բաց տվյալներ են, որի միջոցով, օրինակ, ներդրողները հնարավորություն կունենան կանխատեսել, թե որ ոլորտի շինարարությունն է
նախատեսվում այս կամ այն վարչական շրջանում»,-ասում է Սարգիս Մանուկյանը:
«Տևական ժամանակ աշխատանքներ են տարվում ավելի քան 160 ծառայության թվայնացման և էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»,-
ընդգծում է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Երևանի քաղաքապետարանի թիմը, չնայած արտակարգ դրության պայմաններին, շարունակում է աշխատանքը՝ մտածելով նոր լուծումներ,
որոնք ժամանակին համընթաց կկրճատեն քաղաքապետարանի հետ քաղաքացիների հարցումների ժամանակն ու կբարձրացնեն իրազեկման
մակարդակը:




Լրահոս