«ժողովուրդ» օրաթերթը հունիսի 1-ի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ զրուցել է հայտնի մայրիկների հետ, ովքեր մեզ հետ զրույցում պատմել են իրենց մանկության ամենահիշարժան դրվագների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե կորոնավիրուս համավարակի պայմաններում, երբ ամեն ինչ գրեթե սահմանափակ է ու վտանգավոր, ինչպես են անցկացնելու օրն իրենց փոքրիկների հետ:
Քրիստինե Պեպելյան. Կարիերաս սկսել եմ մանկապարտեզից
Իմ մանկության տարիներին, անկեղծ ասած, չեմ հիշում, որ հատուկ հունիսի 1 նշած լինենք, որովհետեւ այն ժամանակ այդքան էլ ընդունված չէր նշելը, կամ գուցե ես չեմ հիշում: Ես ունեցել եմ բավականին ուրախ մանկություն դժվարությունների հետ մեկտեղ, քանի որ ես ինքս եղել եմ շատ ուրախ երեխա: Մանկությանս տարիներին ամենահիշարժանը երեւի թե եղել են մանկապարտեզի տարիները: Շատ աշխույժ երեխա լինելով հանդերձ` կարողանում էի մանկապարտեզում փոքրիկ մենահամերգներ կազմակերպել, կարելի է ասել` կարիերաս մանկապարտեզի տարիներից եմ սկսել (ծիծաղում է): Դրանից ավելի լավ հիշողություններ չունեմ:
Հիմա արդեն ունեմ փոքրիկ` Արեգս, մենք մարդաշատ վայրեր չենք գնում, այս վիրուսի պատճառով, փորձելով պահել անվտանգության կանոնները, եւ քանի որ նա դեռ փոքրիկ է այդքան էլ չի հասկանում, որ ինչ-որ բանից զրկվում է այսօր: Բայցեւայնպես, երեկոյան ինչ-որ սրճարան կգնանք հաստատ:
Ուզում եմ շնորհավորել բոլոր բալիկներին: Թող բոլորը պաշտպանված լինեն, բոլոր հնարավոր միջոցներն ունենան առողջ ու լավ ընտանիքներում մեծանալու համար:
Անահիտ Կիրակոսյան. Տան ջուր կրողն էի
Աշխույժ մանուկ եմ եղել, ծնվել ու մեծացել եմ Վանաձոր քաղաքում, եղել եմ մեր ընտանիքի ամենաակտիվ երեխան, ով միշտ վազում էր հացի ու աղբ թափելու: Իմ մանկությունից հիշում եմ մի դրվագ, երբ ջուր էինք կրում, քանի որ տանը ջուր չունեինք, դրա համար կար հատուկ աղբյուր, որտեղից գնում բերում էինք, թաղի բոլոր երեխաներով, ու մամաս ինձ շատ գովում էր, ասում էր` Անահիտն իմ տան ջուր կրողն է, եւ երբ որեւէ տղա ինձ սիրահարվում էր, փորձում էի նրան` ուղարկում էի իմ փոխարեն ջուր կրելու, ու այդպես իմ ջուր կրողը միշտ կար: Հիշում եմ նաեւ, թե ինչպես 12 տարեկանում առաջին անգամ հաց թխեցի: Ընդհանուր մեր մանկության դժվարությունների հետ մեկտեղ շատ հետաքրքիր, հագեցած մանկություն ենք ունեցել: Խաղում էինք մինչեւ ուշ գիշեր, եւ ոչ-ոք անհանգստանալու կարիք չուներ: Չկային այսօրվա սմարթֆոնները, բոլորս ուրախ եւ անհոգ խաղում էինք, եւ եթե ինձ հիմա հարց տան, թե կուզենայի նորից իմ մանկությունը կրկնվեր, ապա միանշանակ կասեի` այո:
Երեխաներիս հետ նոր ենք վերադարձել Դսեղից, որտեղ շատ հետաքրքիր ու լավ օրեր ենք ունեցել: Վայելել ենք բնության շունչը, ձի ենք նստել, աննկարագրելի պահեր ենք ապրել, երեկ ենք վերադարձել, բայց կրկին երեխաներս ուզում են գնալ, եւ երեւի թե հաճախակի կկազմակերպենք հանգիտ բնության գրկում: Իսկ այսօր կփորձենք մի քիչ քայլել, զբոսնել, օրն ավելի պասիվ անցկացնել, տարբեր հետաքրքիր խաղեր խաղալ:
Սոնա Շահգելդյան. Փայտով ծեծ կերա
Իմ մանկությունը շատ բուռն , հետաքրքիր ու խենթություններով է անցել եւ շատ գունեղ: Մեր բակում ես միշտ հավաքում էի բակի երեխաներին եւ համերգներ էի կազմակերպում: Իսկապես, մաքուր, պարզ մանկություն էինք ապրում, ու շատ կցանկանայի նորից վերապրել այդ քաղցր տարիները:
Մանկության տարիներին ես բավականին ուժեղ ֆուտբոլ էի խաղում, քանի որ մորեղբայրս ֆուտբոլի հայտնի մարզիչ Արմեն Շահգելդյանն է , իրենից ժառանգել էի այդ ունակությունները: Բակի տղաներով ու աղջիկներով ֆուտբոլ էինք խաղում, եւ ես միշտ հանդես եմ եկել` որպես հարձակվող 10 համարի ներքո: Եթե երգչուհի չդառնայի, անպայման կամ ֆուտբոլիստ, կամ դերասանուհի էի լինելու: Բակում նաեւ ունեինք թթի ծառ, բոլորին ստիպում էի բարձրանալ ծառի վրա` թութ ուտելու, եւ էլի երեխաներից ամենահամարձակը ես էի միշտ լինում: Մի անգամ էլ բակի երեխաներին հավաքել տարել էի Նաբերեժնիի ձորը: Բոլորը ընկած մեզ ման էին գալիս, մայրիկս շատ էրվախեցել եւ մեզ գտնելուց հետո, մի հատ լավ ծեծ կերանք, անգամ փայտով հարվածեցին, բայց կրկին լիդերը ես էի: Դպրոցական տարիներին կրկին շատ ակտիվ եմ եղել, դասերից շատ հաճախ փախչել ենք: Ուզում եմ նշել, որ իմ մանկությունը հիմա էլ իմ մեջ է, եւ բոլոր մանուկներին ցանկանում եմ անհոգ մանկություն:
Լիդա Եղիազարյան