Նոր մարտահրավերները՝ Ադրբեջանում արհեստական հանրային օրակարգի ձևավորման գործոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ, տարածաշրջանային քաղաքականության գծով մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանի հետ:

– Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը օրերառաջ հայտարարել է, որ ուժի գործոնն առաջին պլան է մղվում՝ արցախյան հակամարտության թեմայով ըստ էության խոսելով Արցախում խաղաղ և երջանիկ ապրող մարդկանց անվտանգությունը փուլ առ փուռ վտանգելու մասին։ Ի՞նչ եք կարծում, այս փուլում ինչո՞վ է պայմանավորված նման հայտարարությունը պետության ղեկավարի մակարդակով:

Առհասարակ Ադրբեջանի քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարության նման հայտարարություններն իրականում պարտվողի հոգեբանության շարունակական յուրացման և Արցախյան հարցում հաջողության հասնելու անկարողությունը հավակնոտ հայտարարություններով քողարկելու հերթական դրսևորում են։

– Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիք ունեք, ի՞նչ պատճառահետևանքային կապեր կարող եք նշել։

Ադրբեջանը ներկայում շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ Ի թիվս էթնիկական խնդիրների, Ադրբեջանում բնակվող մարդկանց, զանգվածային լրատվամիջոցների իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումների, որոնք, ըստ էության, մեծացնում են լարվածությունը երկրում, ընդամենը մի քանի օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը և հերոսացմանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները: Այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով:

Բացի այդ, Ադրբեջանում իրավիճակը բարդանում է նաև այլ խնդիրների ազդեցությամբ։ Նավթի համաշխարհային գնանկումներն ու դրանց հետևանքները նույնպես որոշակի ազդեցություն են ունենում Ադրբեջանում սոցիալ-տնտեսական խնդիրների առաջացմանն ու իրավիճակի վատթարացմանը։

Չմոռանանք նաև, որ այս օրերին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

– Ինչպե՞ս եք պատկերացնում իրադարձությունների հետագա զարգացումը ՄԻԵԴ-ի նշված վճռի մասով։

Իրավական առումով զարգացումները սահմանվում են համապատասխան ընթացակարգերով։ Ինչպես գիտեք, ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են իրականացնել ՄԻԵԴ վճիռները, իսկ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի, Դատարանի վճիռը պետք է փոխանցվի Նախարարների կոմիտե, որն էլ պետք է վերահսկի դրա կիրարկումը։ Այս առումով պետք է հետևողականորեն առաջ տանենք մեր շահերը և հասնենք նախ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու վերաբերյալ Ի․ Ալիևի որոշման չեղարկմանը, այնուհետև նաև՝ իր արարքի համար Ռամիլ Սաֆարովին համապատասխան պատասխանատվության ենթարկելուն։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական մակարդակով գործողությունների իրականացմանը, արդեն իսկ ունենք ՄԻԵԴ-ի իրավական վճիռ, որն ըստ էության ցույց է տալիս, որ Ադրբեջանի պետության ղեկավարի մակարդակով խրախուսվում է հայատյացությունը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այդքան կարևոր դրույթների խախտումը ոչ թե պատժվում է, այլ հերոսացվում։

Հետևաբար կարծում եմ, որ ՄԻԵԴ այս վճռի բովանդակությունը Հայաստանն ամենաբարձր մակարդակով պետք է օգտագործի միջազգային հանրության հետ շփումների, միջազգային կազմակերպությունների համապատասխան վեհաժողովների, խորհրդաժողովների, նստաշրջանների ժամանակ։ Այն, ըստ էության, շատ կարևոր նշանակություն պետք է ունենա Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ, և կարգավորման տարբերակների քննարկման ժամանակ Հայաստանը պետք է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում հղում կատարի ՄԻԵԴ համապատասխան վճռին՝ շեշտադրելով Ադրբեջանի նախագահի կողմից կոնվենցիայի դրույթների կոպիտ ոտնահարում թույլ տված անձին հերոսացնելու և այդ կերպ նաև այն ընդունելի, խրախուսելի և գնահատելի համարելու իրողությունը, և այդ կերպ փորձի էլ ավելի ամրապնդել հայաստանյան դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

– Նշեցիք նաև, որ նավթի գնանկումները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունենում։ Կարո՞ղ եք նաև մանրամասնել և հստակեցնել՝ նավթի գնանկման գործոնն ինչպես է ազդում Ադրբեջանում հանրային օրակարգի ձևավորմանը։

Ադրբեջանում տնտեսությունը բազմազանեցված չէ։ Եվ հատկապես նավթի համաշխարհային գնանկման պայմաններում պետությունը մեծ դժվարությունների է հանդիպում։Չէ՞ որ նավթն ու գազը Ադրբեջանի ընդհանուր արտահանման եկամուտների շուրջ 95%-ը և կառավարության եկամուտների 75%-ն են ապահովում։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի նավթի՝ $53/բարել գնի առկայությունը՝ բյուջեի հավասարակշռման հարցը կարգավորելու համար։ Նախկինում արված կանխատեսումների համաձայն 2020թ․ Ադրբեջանի պետական բյուջեիեկամուտների շուրջ 56%-ը առաջանալու էր նավթագազային սեկտորից, որից 6. 8 միլիարդ դոլարը՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տրանսֆերներից։

Հետևաբար 2020թ․ պետական բյուջեի մոտ 47%-ը կազմված է Պետական նավթային հիմնադրամի տրանսֆերներից։ Պետբյուջեի այլ աղբյուրներ են համարվում Պետական նավթային ընկերության վճարները (10.7%), Ադրբեջանի նավթագազային հատվածում աշխատող ընկերությունների հետ կնքված պայմանագրերից ստացվող եկամտահարկը։ Ադրբեջանի 2020թ․ պետական բյուջեն հաշվարկվել է՝ հաշվի առնելով, որ նավթի գինը $55/բարել է։ Բայց, ի տարբերություն 2019թ․-ի՝ 2020թ.-ին նավթի գնանկումները Ադրբեջանին ցավալի հեռանկարներ են «խոստանում»։

Օրինակ 2020թ․ մարտի 18-ին WTI տեսակի հում նավթի գինը իջել էր ընդհուպ մինչև $20/բարել: Արդեն իսկ համապատասխան պետական գերատեսչության ներկայացրած ցուցանիշների հիման վրա կատարված հաշվարկներից տեղեկություններ են շրջանառվում, որ 2020թ․ հունվար – ապրիլ հատվածում Ադրբեջանի կողմից արտահանված նավթամթերքների արժեքը նվազել է շուրջ 40%-ով՝ 2019թ համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատած։ Ուսումնասիրությունները վկայում են, որ Ադրբեջանի պետբյուջեում այդքան մեծ ներգրավվածություն ունեցող Պետական նավթային հիմնադրամը ամենաշատն է տուժելու նավթի գնանկումներից։ Եվ որ ընդհանուր եկամուտները նախատեսվածից մոտ 30% ավելի քիչ են լինելու։ Ինչ վերաբերում է Պետական նավթային ընկերության կողմից բյուջե վճարվող գումարներին, նավթի գնանկումները կհանգեցնեն նաև եկամտահարկի զգալի կրճատման։

Նավթի գնանկման և դրաշոշափելիազդեցությամբի հայտ եկող սոցիալ-տնտեսական խնդիրների պայմաններում Ադրբեջանն իրականում արհեստական օրակարգ է հրամցնում հասարակությանը՝ մարդկանց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով Արցախյան հակամարտության հարցը՝սրելովիրավիճակըառաջնագծում՝ հնարավորինս երկարաձգելով իշխող կլանի իշխանության տապալումը։

– Իսկ ինչպե՞ս է ազդում նավթի ցածր գինը Ադրբեջանի տնտեսական և քաղաքական կյանքի վրա։

Բազմազանեցված տնտեսություն չունեցող պետություններում, ինչպիսին, օրինակ, Ադրբեջանն է, հիմնական սեգմենտի բնականոն աշխատանքի խաթարման դեպքում տնտեսությունը արտակարգ և, ըստ էության, խիստ ծանր վիճակում է հայտնվում։ Առաջ են գալիս լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ, նվազում է բնակչության կենսամակարդակը, աղքատությունը նոր տեմպեր է հավաքում։ Բռնաճնշումներով, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումներով և ոտնահարումներով առաջնորդվող Ադրբեջանի դեպքում այս խնդիրները, կարող ենք ասել, կրկնակի դժվարություններ են առաջացնում՝ առաջին պլան բերելով նաև քաղաքական խնդիրներ․ այս առումով թերևս հիշարժան է Ալիևի այն հայտարարությունը, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով հոսելու է ոչ թե նավթ, այլ՝ քաղաքականություն:

Նավթի գնանկման և դրա նկատելի ազդեցությամբ Արդբեջանի նկատմամբ միջազգային հետաքրքրության նվազումը դժվարացնում է նավթի միջոցով իր քաղաքական շահերն առաջ մղելու ադրբեջանական ձգտումների իրականացումը։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ժողովրդից կտրված իշխանությունը այլևս ի վիճակի չի լինում իր համար ձեռնտու կայուն կենսագործունեություն իրականացնել և դիմում է տարբեր մանիպուլյատիվ հնարքների՝ հասարակական տրամադրությունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու նպատակով։ Եվ հետաքրքրական է, որ նավթի գնանկումները, Ադրբեջանում տնտեսական և քաղաքական խնդիրներն այս փուլում զուգակցվում են Արցախում նորընտիր իշխանության ձևավորման հետ։

– Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես գալիս Արցախում նոր իշխանության ձևավորման փուլում և ինչ զարգացումներ կարելի է սպասել։

Իհարկե տարբեր պատճառներ կարող են լինել, այդ թվում նաև այն, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովըխոսեց արցախյան հակամարտության կարգավորման փուլային մոտեցում ենթադրող փաստաթղթերի մասին։ Հնարավոր է նաև, որ Ալիևը հրապարակայնորեն փորձում է հստակեցնել նորընտիր իշխանության տրամադրությունները Արցախյան հարցում։ ՀՀ ԱԳ նախարար Զ.Մնացականյանը, ինչպեսգիտեք, նշելէ, որ «մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը։ Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշել է իր մեկնաբանության մեջ, «տարածքներին», ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա` վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը:

Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»։ Իսկ Արցախի Հանրապեության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ փուլային տարբերակով հարցի լուծման մասով նշել է, որ փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»։

Իրականում մենք բավականին բարդ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ խաչաձևվում են տարածաշարջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը։ Եվ տարածաշրջանային զարգացումները, կարծում եմ, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ադրբեջանում առկա լարված իրավիճակի պայմաններում չի բացառվում, որ այն կշարունակի ապակայունացնել իրավիճակը առաջնագծում: Նշյալ իրավիճակում Հայաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային կայունության ապահովման առանցքային դերակատար, որը, հիմնվելով «ոչ միջուկային զսպման» մոտեցման տրամաբանության վրա, ունի տարածաշրջանում հարաբերական կայունության պահպանմանը զգալի ներգործության ներուժ, որի իրացումը կարող է հանգեցնել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կայունություն պահպանող դերակատարի դերի արժևորման:




Լրահոս