Երևանի քաղաքապետարանի աշխատակից Նարեկ Թադևոսյանը քիչ առաջ հայտնել է, թե իր սեփական դիմումի համաձայն ավարտում է աշխատանքը քաղաքապետարանում: Նա իր հայտարարության մեջ հայտնել է, թե 2018 թվականից ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտ էր քաղաքապետարանում, և բոլոր պայմաններն առկա են նախկին փորձառու կադրերից հրաժարվելու համար:
ArmLur.am-ը զրուցել է Նարեկ Թադևոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն է պատճառ հանդիսացել նման որոշման և ինչու են այդպիսի խնդիրներ առաջացել: Նախ նշենք, որ Նարեկ Թադևոսյանը 2016 թվականից աշխատել է Երևանի քաղաքապետարանում, զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետի պաշտոնը:
ArmLur.am-ի հետ զրույցում Թադևոսյանը հայտնեց, որ աշխատանքային խնդիրները սկսվել են դեռևս 2018 թվականից, սակայն պատճառների մասին չցանկացավ այս պահին խոսել, ասելով, թե ավելի ուշ կարձագանքի: Նրա խոսքով, քաղաքապետարանում տիրող մթոնոլորտի ստեղծման պատճառը նաև կոնկրետ անձինք են, որի հետևանքով էլ շատերն են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնում:
Նկատենք, որ Նարեկ Թադևոսյանը եղել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի երիտասարդական կազմակերպության նախագահ: ArmLur.am-ը Թադևոսյանից նաև հետաքրքրվեց՝ արդյոք իր ՀՀԿ-ական լինելը ևս կարող էր իր հանդեպ նման մթնոլորտի ձևավորման պատճառ դառնալ: «Իհարկե, իրական կուսակցականների համար անցած տարիների ընթացքում բան չի փոխվել։ Մենք ոնց ամեն օր աշխատում էինք մեր երկրի ապագայի համար՝ նույն ձեւ ամեն օր քրտնաջան աշխատելու ենք։ Կապ չունի, թե ինչ կարգավիճակով։ Նժդեհի ասածի պես՝ կուսակցությանս հետ՝ ազգիս համար։ Ինձ պատեհապաշտների հետ չշփոթեք: Իսկ պատճառների մասին արդեն խոսել եմ, իսկ մնացածի մասին ավելի ուշ», – նշեց նա։
Հավելենք, որ Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի եւ նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, եւ աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերեւս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին եւ 7 վաչություն ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ, եւ վաղուց նոր նշանակումներ այդպես էլ չեն լինում՝ տարբեր պատճառաբանություններով:
Նաիրա Հովհաննիսյան