ArmLur.am-ը զրուցել է Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակլցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանի հետ, ով վարակված է եղել կորոնավիրուսով և բուժվել է: Այժմ պատգամավորի օգնականը դեռ մեկուսացած է տանը և մեզ հետ զրույցում կիսվել է իր զգացումներով:
-Քնարի՛կ, ինչպե՞ս պարզեցիք, որ Ձեզ մոտ կորոնավիրուսային հիվանդություն է:
-Ամեն ինչ սկսվեց ջերմությամբ, սկզբից 37.2, իսկ հաջորդ օրն արդեն 38.5, նաև դողի զգացողություն։ Ում հետ, որ նախորդող օրերին շփվել էի, ինքն էլ էր ջերմում։ Սկզբից նա դիմեց հիվանդանոց՝ թեստ հանձնելու, և երբ իր պատասխանն արդեն դրական էր, ես կասկած արդեն չունեի, որ վարակված եմ։ Դիմեցի շտապ օգնության ծառայությանը և ինձ տեղափոխեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Երկու օր անց (միգուցե մեկ օր անց, արդեն չեմ հիշում) եկավ իմ թեստի պատասխանը, որը դրական էր։
-Բայց դուք ո՞ւմ հետ էիք շփվել, ո՞ւմ եք վարակել…
-Այդ հարցը անցնենք, որովհետև դա անձնական գաղտնիք է ու տվյալ, ես դա չեմ կարող բարձրաձայնել։ Ես միայն իմ անունից կարող եմ խոսել:
-Նկատի ունեմ՝ մարդ կա, ո՞ւմ վարակել եք, թե՞ ոչ, անձի անունը պետք չէ նշել…
-Այո՛, իմ մտերիմների շրջանակից։ Ազգային ժողովում որևէ մեկին չեմ վարակել։ Իմ մոտ սկզբնական շրջանում դեռ ենթադրություն էր։ Երբ թեստի պատասխանը դրական ստացվեց, առանձնապես չզարմացա կամ անակնկալի չեկա, որովհետև երբ համադրում էի իմ շփման շրջանակը, ախտանշանները, արդեն պարզ էր դառնում ամեն բան։ Բայց այդ թվացյալ հանգստությունը ժամանակավոր էր։ Հետո հիշում եմ՝ արդեն հիվանդանոցում լացում էի, մտածում էի ինձ հետ շփված մարդկանց մասին։ Մի տեսակ մեղքի զգացում ունեի, որ իրենց հավանաբար վնասել եմ։ Հետո անցա անհրաժեշտ բուժզննումները, պարզվեց, որ թոքաբորբ չունեմ։ Դա արդեն լավ էր։
-Քանի՞ օր մնացիք հիվանդանոցում:
-Հինգ օր հիվանդանոցում, ընդ որում՝ երկու օր Նորքի ինֆեկցիոնում, հետո տեղափոխեցին Գյումրու ինֆեկցիոն, այնուհետև՝ մայիսի 9-ին տեղափոխվեցի Ծաղկաձոր: Ծաղկաձորից տուն եմ եկել մայիսի 23-ին:
-Իսկ Ձեզ լա՞վ էին վերաբերվում, ուշադի՞ր էին Ձեր նկատմամբ:
-Հա բավականին, օրը մի քանի անգամ ստուգայցեր։ Բոլոր հիվանդանոցներում նաև հոգեբաններ կային, որոնք պատրաստակամ էին զրուցելու ու համապատասխան օգնություն ցուցաբերելու։ Ուզում եմ նաև շեշտել սնունդը, օրը երեք անգամ, պարտադիր ներառված հյութ և միրգ։ Ես երբեմն զարմանում էի բուժանձնակազմի համբերության վրա։ Հիվանդ մարդիկ դյուրագրգիռ են, գիտեք, իրենք բոլորի հետ փորձում էին լեզու գտնել, բոլորին ոգևորել, ուժ տալ։ Իրենք անձնվեր աշխատանք են անում ու շնորհակալություն բառն, ըստ էության , ոչինչ է իրենց արածի համեմատ։ Միրգը այնքան շատ էր, ես չէի կարողանում ամբողջն ուտել ու երբ արդեն տուն էի գալիս, իմ սառնարանում այսքան միրգ էր հավաքվել։
-Ծա՞նր եք տարել հիվանդությունը:
-Ես քանի որ թոքաբորբ չունեի, առանձնակի դժվարություններ չեմ ունեցել։ Բարձր ջերմությունը 3 օր անց նահանջել է, ինձ հիմնականում անհանգստացրել են մկանային ցավերն ու հազը, որը երբեմն շնչահեղձ անող էր։ Հետո կորցրել եմ հոտի զգացողությունը, որն ի դեպ, դեռ լիարժեք չի վերականգնվել։ Բոլոր ախտանշաններից զատ, ավելի շատ տրամադրության անկում էր։ Այ դրա դեմ ոչ մի կերպ պայքարել չէր ստացվում։
-Իսկ բուժո՞ւմը, դեղորայք ընդունում էիք:
-Հինգ օր հակաբիոտիկ եմ ընդունել ու վիտամին: Այդքանը:
-Հիմա տա՞նն եք, հարազատների հետ շփվո՞ւմ եք, թե դեռ սահմանափակումներ կան…
-Ամսի 23-ին, երբ ինձ տուն բերեցին, հստակ ցուցում կար, որ ևս երկու շաբաթ պետք է ինքնամեկուսանամ։ Հունիսի 5-ից սկսած լիարժեք ազատ կլինեմ։ Եվ, ըստ էության, բոլոր սահմանափակումները կվերանան։ Ես մենակ եմ ապրում, որևէ մեկի հետ չեմ շփվում: Իմ հայրական տունը Գյումրիում է:
-Քնարի՛կ, հունիսի 8-ից հետո ինչպե՞ս եք շարունակելու ապրել, ի՞նչն եք փոխելու Ձեր առօրյայում:
-Աննկարագրելի ընկճախտ էր, մենակության զգացողություն։ Հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնք պտտվում էին գլխումս, ու որոնց պատասխանը չունեի, հիմա էլ չունեմ։ Սովորաբար, երբ մենք վատառողջ ենք, մեզ հետ են մեր մտերիմները, այս դեպքում դու ստիպված ես ինքդ հոգալ քո մասին։ Հիվանդությունը «վայելում ես» կատարյալ միայնության մեջ։ Ես արդեն մեկ ամիս է փակված եմ չորս պատի մեջ, հազիվ եմ դիմանում․ ես դրսում քայլելու, օդ շնչելու անհագ ցանկություն ունեմ։ Ինձ մի բան էր ոգևորում՝ հեռախոսը։ Դա միակ միջոցն էր, որն ինձ կապում էր աշխարհի ու ինձ մտերիմ մարդկանց հետ։ Այնքան սեր ու ջերմություն եմ ստացել, ու շնորհակալ եմ բոլորին։ Ես հիմա խոսում եմ ապագայից, այն իմաստով, որ զգացել եմ այն, ինչը դեռ շատերին է անծանոթ։ Ես իհարկե, բոլորին ամուր առողջություն եմ ցանկանում, բայց նաև զգոնության կոչ եմ անում։ Ես շարունակելու եմ ապրել իմ բնականոն կյանքով, գնալու եմ աշխատանքի, շարունակելու եմ ուսումս մագիստրատուրայում, շարունակելու եմ սիրել ու շնորհակալ լինել մարդկանց։ Մտածելու եմ կյանքի ամեն մի րոպեն շատ ավելի արժեքավոր ու հետաքրքիր դարձնելու մասին։ Փորձելու եմ ագահաբար կյանքը սիրել ու գնալ կիսատ թողած երազանքների հետևից։
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը