Անուն-ազգանունները կարելի է հրապարակել. ինչու էր նախարարությունը թաքցնում տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականը վեց օր շարունակ փորձում է ՀՀ առողջապահության նախարարությունից ստանալ կորոնավիրուսից մահացած անձանց անուն-ազգանունները: Մենք մայիսի 25-ին գրավոր դիմում ներկայացրեցինք նախարարություն` խնդրելով այդ տվյալները տրամադրել ու բացատրել էինք, որ ինչպես ամերիկյան «Նյու-Յորք Թայմսն» է հրապարակել վիրուսից մահացած անձանց անուն ազագանուները՝ թերթի մի ողջ համար նվիրելով զոհվածների հիշատակին, այդ ձեւաչափով մենք էլ պատրաստ ենք հրապարակել ՀՀ-ում մահացածների անուն -ազգանունները: Սակայն ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ փոխանցեց, թե անունները հրապարակման ենթակա չեն, դրանք մարդկանց անհատական տվյալներ են: Թե անուն-ազգանունը որքանո՞վ է համարվում անհատական տվյալ, որը հնարավոր չէ նույնականացնել, այդպես էլ չպարզաբանվեց:

Armlur.am-ը փորձեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանից պարզել, թե որքանով է ՀՀ առողջապահությունը այս հարցում ճիշտ՝ փակելով այդքան թույլատրելի ինֆորմացիան լրատվամիջոցի համար: «Մահացածների անուն ազգանունները կարելի է հրապարակել, քանի որ անձի նույնականացում տեղի չի ունենում։ Մանավանդ այն դեպքերում, երբ ժառանգներն իրենք են քայլեր ձեռնարկում այդ տվյալների հրապարակայնության ուղղությամբ։ Այստեղ ընդհանրապես խնդիր չկա»,-հայտարարեց Դոյդոյանը:

Նշենք, որ արդեն զարտուղի ճանապարհով լրատվական կայքերը հրապարակել են մահացածների տվյալները եւ նախարարությունը հիմա զբաղված է այդ ցուցակի հերքումով՝ պնդելով, թե ճիշտ չեն այդ տվյալները: Հիշեցնենք, որ մարտի 1-ից մինչև Հայաստանում կորոնավիրուսով  վարակված 214 հիվանդ է մահացել, նրանցից 56-ը, ըստ առողջապահության նախարարության, այլ հիվանդությունից: Իսկ համացանցում տարածված ցանկում նշված է 132 քաղաքացիների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ ու ամսաթիվ։ Այսօրվա տվյալներով, ըստ նախարարության, կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը 158 է։

Ամեն դեպքում, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշել է դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես է տեղի ունեցել մահացածների ցուցակի արտահոսքը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս