Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին անցկացրել է
հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներին
նվիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Համավարակի հետ կապված հանրապետությունում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկույցներով
հանդես են եկել գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները: Առողջապահության
նախարար Արայիկ Բաղրյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ առայսօր գրանցվել է նոր
կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք: Մեկուսացված է 100, առողջացած՝ 26 քաղաքացի: Առայսօր
իրականացվել է 923 թեստավորում:
Իր զեկույցում պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անդրադարձել է բանակում
վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին և հավաստիացրել, որ իրավիճակը գտնվում է խիստ
վերահսկողության ներքո:
Քննարկման արդյունքում խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու
պատասխանատուները հանդես են եկել մի շարք առաջարկություններով: Նախագահ Հարությունյանը
հավանության է արժանացրել պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի
առաջարկությունները, համաձայն որոնց առաջիկա օրերին մայրաքաղաքում և շրջաններում կստեղծվեն
արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները, տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
կխստացվեն պարետի սահմանած կանոններին հետևելու պահանջները, անհրաժեշտության դեպքում
կկիրառվեն գործունեության սահմանափակումներ: Կվերանայվեն Շահումյանի շրջանի վարակի օջախ
չհամարվող համայնքների բնակիչների ազատ տեղափոխման սահմանափակումները, հանրային վայրերում
իրականացվող սանիտարա-հիգիենիկ միջոցառումների պարբերականությունը կավելանա:
Խորհրդակցության ավարտին նախագահ Հարությունյանը հանձնարարականներ է տվել
համապատասխան մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը ներկա էին պարետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար
այլ անձինք: