Հայաստանում գրանցվեց Կավասակի սինդրոմի առաջին դեպքը երեխայի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ Հայաստանում արձանագրվել է Կավասակիի սինդրոմի առաջին դեպքը 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն:

Նա նշում է, որ վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության աճ, որը որոշ հետազոտողներ կապում էին կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետ: Կավասակիի սինդրոմի պատճառագիտությունը ամբողջությամբ հայտնի չի, սակայն այն հիմնականում կապվում է վարակիչ հիվանդությունների դեպքում դրդվող աուտոիմունային պատասխանի հետ: Այն հիմնականում հանդիպում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ:

«Հաշվի առնելով միջազգային վիճակագրությունը, մենք կանխավ պահեստավորել էինք հատուկ այդ սինդրոմի բուժման համար նախատեսված թանկարաժեք իմունոգլոբուլինային դեղորայք: Հուսամ փոքրիկը արագ կապաքինվի, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության», – նշել է Թորոսյանը:

Թորոսյանը նաև կոչ է արել խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, այս ընթացքում տուրք չտալ միմյանց հետ սերտ շփվելու գայթակղությանը, միշտ կրել դիմակ, հաճախ լվանալ կամ ախտահանել ձեռքերը:

Իսկ ինչ է Կավասակի սինդրոմը

Կավասակին հազվագյուտ հիվանդություն է, կրում է ճապոնացի բժշկի անունը և առաջին անգամ նկարագրվել է 1967 թ.: Հիվանդության ախտանիշներն են արյան անոթների բորբոքում, ցան, այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում, փսխում և շրթունքների չորացում: Այն ազդում է մինչև հինգ տարեկան երեխաների վրա: Կովիդ-19-ի հետ կապված՝ Կովասակիի ախտանիշները հայտնվել են նաև մինչև 16 տարեկան դեռահասների մոտ:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Նյու Յորք նահանգում երեք երեխա է մահացել այդ ախտանիշներով, տասնյակներն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Նման հարյուր դեպք է գրանցվել Մեծ Բրիտանիայում, 10 դեպք՝ Իտալիայում:




Լրահոս