ՀՀ վարչապետի 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար: Այսինքն դատախազությունում հաստիքներ են ավելացել, որը բազմաթիվ շահարկումների առիթ է տվել:
Դատախազությունից պարզաբանում են, թե ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված՝ գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ: Եթե օրինակ 2008թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք: Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը:
Եթե 2008թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 20.329 նյութի նախապատրաստման և 16.593 քրեական գործի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, 2019թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 58290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27.961 նյութ կամ շուրջ 137%) և 35.168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը՝ 18575 գործ կամ շուրջ 112 %): Այսինքն, եթե 2008թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 130,7 գործ:
Օրինակ՝ միայն առաջին ատյանի դատարանում քննված գործերի քանակը, որոնցով դատախազները պաշտպանում են մեղադրանքը, 2008թ համեմատությամբ 2020թ. մայիսի 15-ի դրությամբ աճել է 66%-ով: Իսկ օրինակ 2015թ. համեմատությամբ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ դատարան ներկայացված բողոքների քննությանը դատախազների մասնակցության ծավալն ավելացել է 125%-ով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննարկված միջնորդությունների քանակը՝ 80.6%-ով, պատիժը փոփոխելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից ազատելու քննարկված միջնորդությունների քանակը՝ 184%-ով:
Բացի այդ, դատախազությունից հայտնում են, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որոնց համաձայն ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մի շարք լիազորություններ: Դրանց իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ բաղկացած 5 դատախազներից, ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առանձին հաստիք՝ այդ ստորաբաժանման աշխատանքները համակարգելու նպատակով: Սրանով պայմանավորված ևս անհրաժեշտ է ավելացնել ՀՀ դատախազության համակարգի հաստիքների թիվը՝ դրանում ներառելով ոչ միայն դատախազների, այլ նաև ստորաբաժանմանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, փորձագետների, օժանդակող անձնակազմի հաստիքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 15 հաստիք:
Այսպիսով, դատախազությունում ավելացված հաստիքների թիվը 73-ն է: