Այսօր առավոտից ՍԱՏՄ աշխատակիցները խստացված վերահսկողություն են իրականացնում Երևանում՝ կասեցնելով մի շարք օբյեկտների գործունեությունը։ Սարյան փողոցում գործող որոշ օբյեկտների գործունեությունը կասեցվեց 24 կամ 48 ժամով։ Հիմնավորումն այն է, որ այդ օբյեկտներում օգտագործվում է նարգիլե։ Այնինչ, պարետի որոշմամբ հստակ սահմավում է, որ նմանօրինակ օբյեկտներում, անվտանգության կանոններից ելնելով, չի կարելի արտակարգ դրության պայմաններում նարգիլե մատուցել։
ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրին նաև Նոր Նորքի շուկայի գործունեությունը։ Պատճառն այն է, որ խախտվել են անվտանգության կանոնները՝ սոցիալական հեռավորությունը չի պահպանվել, դիմակների ու ձեռնոցների կրման կարգն է խախտվել։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանձնարարել է իրավասու մարմիններին ու իրավապահներին խստացնել անվտանգության կանոնների նկատմամբ վերահսկողությունը։ Նա նշել էր, որ նաև բանկերն ու «Հայփոստի» բաժանմունքները պետք է քայլեր ձեռնարկեն անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։ Քաղաքացիները լուսանկարներ են ուղարկում վարչապետին, որոնք փաստում են, որ այդ հաստատությունների մոտ մեծ հերթեր ու մարդկային կուտակումներ կան։ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շրջայց է կատարում «Հայփոստի» բաժանմունքներում՝ իրավիճակը տեղում պարզելու համար։