
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին խնդրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ։
Այս մասին հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
«Այսօր առավոտյան հրավիրել եմ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարարին և խնդրել եմ մեր հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ, որոնք պետք է աշխատեն հասարակության հետ։ Ես կոչ եմ անում մեր երիտասարդական կազմակերպություններին, որոնք հերթագրվում են պետական բյուջեից աջակցություն ստանալու համար՝ մասնակցել այս պայքարին»,- նշեց ԱՀ նախագահը։
Նրա խոսքով՝ այդ կամավորները Արցախի քաղաքացիներին պետք է բաժանեն տեղեկատվական թերթիկներ, որտեղ գրված կլինեն այն պահանջներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուրը պետք է իրականացնի ամեն օր։
Արայիկ Հարությունյանը նկատեց, որ բոլորը պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ պահպանեն սոցիալական հեռավորությունը, անձնական շփումը նվազեցնեն։
«Մեր նպատակը տույժերն ու տուգանքները չեն, այս փուլում մեր անելիքները պետք է լինեն հանրային գիտակցության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Սա միայն նախագահի կամ արտակարգ իրավիճակի պարետի խնդիրը չէ, այլ ցանկացած քաղաքացու։ Բոլորս պետք է պագտասխանատվություն կրենք մեր բարեկամի, հարազատի, հայրենակցի առողջության համար։ Կորոնավիրուսը չպետք է դառնա ազգային սպառնալիք»,- ասաց Արցախի նախագահը։
Մինչ այսօր Արցախում ծանր, ինչպես նաև մահացության դեպքեր չեն եղել։