Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Գայանե Աբրահամյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով ցանկանում են փոփոխություն անել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում: Այն նախագծերի փաթեթ է, որով պատգամավորները ցանկանում են ամրագրել լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը և խախտումների համար պատասխանատվության միջոցները:
Ըստ այդմ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում կատարվել են հետևյալ փոփոխությունները:
Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ինչպես նաեւ քաղաքաշինության բնագավառում կառուցապատողների կողմից, ըստ տվյալ առեւտրի, ծառայության կամ կառուցապատման օբյեկտի գտնվելու վայրի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:
Իսկ բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսունապատիկի չափով:
Նշենք, որ այժմ արդեն իսկ գործում են տուգանքներ, սակայն նախահծի հեղինակները գտնում են, որ կարգավորումները ճկուն չեն և նախատեսված են միայն առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտների համար: Նրանք մեկնաբանում են, որ օրինակ բազմաբնակարան շենքում կատարվող շինարարությունը կամ շենքում գործող սրճարանը կարող է երաժշտություն հնչեցնել ընդհուպ մինչև տոնական և հանգստյան օրերին՝ սկսած առավոտյան ժամը 07:00-ից 23:00:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ աղմկուկի հետևանքով բնակիչներին անհանգստացնելու վերաբերյալ քաղաքապետարանը ստացել է 178 բողոք: Մեծ թիվ են կազմում բողոքներն ուղղված նաև ՄԻՊ-ին: Եվ հաշվի առնելով այս ամենը պատգամավորները որոշել են ներկայացնել օրենսդրական նախագծերի փաթեթ՝ նախատեսելով համակեցության կանոնների որոշակի շրջանակ դրանց պահպանման համար վերահսկողական մեխանիզմներ և պատասխանատվության միջոցներ:
Այս փոփոխություններով նրանք նոր լիազորություններով են օժտում համայնքի ավագանուն: Մասնավորապես, համայնքի ավագանին սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը»: Բացի այդ, համայնքի ավագանին սահմանում է համայնքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները»:
Նաիրա Հովհաննիսյան