Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր
Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով,
դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝
«Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր
կայացվել:
Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված
սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:
-Մինչ այժմ կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդներին ինֆեկցիոն հիվանդանոցից ստիպված էինք լինում
տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն, թիվ 2 և թիվ 3 համաբուժարաններ՝ ռենտգեն իրականացնելու համար,
այժմ այդ խնդիրը լուծված կլինի,-ասաց մարզի ղեկավարը:
Վլադիմիր Նալիվայկոն իր հերթին նշեց, որ չափազանց ուրախ են համավարակի դեմ պայքարի գործում իրենց մի փոքր
մասնակցությունն ունենալու համար: