Ծայրահեղ ծանր վիճակ «օրենքով գող» Արսեն Երևանսկու մոտ. պաշտպանական կողմը ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Անվտանգության կողմից կալանավորված  «օրենքով գող» Արսեն Երևանսկու՝ Արսեն Մկրտչյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր նրա վիճակը ավելի է վատացել. «2020 թվականի մայիսի 21-ից Արսեն Ստյոպայի Մկրտչյանը պահվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Առկա բժշկական փաստաթղթերի համաձայն Արսեն Մկրտչյանն ունի ուղեկցող առողջական լուրջ խնդիրներ, տառապում է մի շարք հիվանդություններով, ակնհայտ հենաշարժողական համակարգի պաթոլոգիայով պայմանավորված չի կարողանում շարժվել կամ այլ անձանց օգնությամբ է շարժվում, ինչպես նաև մարմնի վրա բաց վերքերի առկայությամբ պայմանավորված ունի սանիտարական, սոցիալական և բժշկական ամենօրյա խնամքի կարիք:

Համաձայն բժշկական փաստաթղթերի, Արսեն Մկրտչյանին անհրաժեշտ է մասնագետների կողմից ամենօրյա հսկողություն, վիրակապում, խնամք: ՌԴ բժշկասոցիալական թիվ 8 փորձագիտական ԲՍՀ-2015 թիվ 23480742017 տեղեկանքի համաձայն (տրված 03.04.2017 թվականին)մեղադրյալ Արսեն Մկրտչյանը ընդհանուր հիվանդություններով պայմանավորված հանդիսանում էանժամկետ առաջին խմբի հաշմանդամ (տեղեկանքի պատճենը կցվում է):

Արսեն Մկրտչյանի հիվանդություններից առնվազն երեքը ներառված են կառավարության 825-Ն որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին: Դեռևս 27.05.2020թ-ին Արսեն Մկրտչյանին տեսակցության ժամանակ վերջինս գանգատվել է առողջական վիճակի վատթարացումից: 27.05.2020թ-ին դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել վերջինիս արագ արձագանքն ու միջամտությունը Արսեն Ստյոպայի Մկրտչյանին ՀՀ ԱՆ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից քաղաքային հիվանդանոց տեղափոխելու, պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հարցում: Դիմել ենք նախկինում նրան բուժող բժիշկներին, խնդրել զննություն իրականացնելու և բուժ.օգնություն ցույց տալու նպատակով այցելեն Արսեն Մկրտչյանին: 01.06.2020 թվականին բժիշկների նախնական զննության արդյունքում նրա վիճակը գնահատվել է ծանր, ցուցվել է, որ մշտապես պետք է գտնվի բազամապրոֆիլ հիվանդանոցում նեղ մասնագիտացումներ ունեցող բժիշկների հսկողության տակ:

Դեռևս այդ պահին Արսեն Մկրտչյանի վիճակը վկայում էր այն մասին, որ վերջինիս շտապ անհրաժեշտ է նեղ մասնագիտական բժիշկների հսկողություն և լաբորատոր-գործիքային հետազոտություն, ստացիոնար բուժում: Նույն օրը դիմել ենք ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կյենտրոն» ՊՈԱԿ: Այսօր Արսեն Մկրտչյանի վիճակն ավելի է վատացել, ինչի հետ կապված կրկին դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, խնդրել արագ արձագանքման խմբին հանձնարարել վերը նշված հանգամանքների հետ կապված շտապ այցելել Արսեն Մկրտչյանին, ինչպես նաև միջոցների ձեռնարկել Արսեն Մկրտչյանին անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, քանի որ յուրաքանչյուր րոպեն կենսական նշանակություն ունի Արսեն Մկրտչյանի համար և կարող է ճակատագրական լինել նրա կյանքի և առողջության համար: Միևնույն ժամանակ, դիմում ենք ներկայացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ՝ Ա.Գոյունյանին:

Սակայն մինչ այս պահը Արսեն Մկրտչյանըշարունակում է պահվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, որի պայմաններում անխուսափելի է Արսեն Մկրտչյանի անվերականգնելի առողջական վտանգը: Պաշտպանական կողմը ստեղծված իրավիճակը գնահատում է ծայրահեղ ծանր և պետական մարմինների ուշադրությունն է հրավիրում հիշյալ խնդրի անհապաղ լուծման հարցում՝ անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով»:

Ք.Մ.




Լրահոս