Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով նվազում են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 4 մլն 816 հազար 700 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 11 մլն 787 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն: ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են:
Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 100 հազար 700 դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 179 հազար 700 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան եկել է 800 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա երեք ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 84 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 7 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Օրինակ, Ռուսաստանից Հայաստան այս տարվա հունվար-մարտին մտել է 5900 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել`198 հազար 400 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակի նվազել է՝ 2 մլն 432 հազար դոլար: Պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-մարտին Հայաստան Չինաստանից եկել է 145 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 557 հազար 400 դոլար: Նկատենք նաեւ, որ Չեխիայից նախորդ տարվա երեք ամիսներին Հայաստան ստացվել է 0 մարդասիրական օգնություն, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 31 հազար 700 դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.