«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը կիսվել է երկրում կորոնավիրուս համաճարակի հետեւանքով առաջացած խնդիրների, իշխանությունների բացթողումների եւ ոչ միայն:
-Պարո´ն Պետրոսյան, կորոնավիրուսի համավարակը գնալով ավելի է տարածվում, անգամ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է` եթե այս տեմպերով շարունակվի, ապա երկու-երեք օրից կրկին կանցնենք արգելափակման ռեժիմին: Ի՞նչ եք կարծում, այս տեմպերով մինչեւ ո՞ւր կարող ենք հասնել:
-Ես զգացի նրա հանդիմանանքը առ ժողովուրդ: Վարչապետն իր խոսքով կարծես, թե կարգի էր հրավիրում իր ժողովուրդին, որ Ձեզ հավաքեք, թե չէ կանցնենք հերթական սահմանափակումներին, բայց ցավոք սրտի ես չնկատեցի, որ Վարչապետը գոնե ինչ-որ մի ակնարկ աներ այն մասին, որ իրենք այս հարցում ձախողել են, այդ «մեղադրյալ» ժողովրդին մոլորեցրել են խառնիճաղանջ, հաճախ նաև իրարամերժ ինֆորմացիաներով, երբեմն էլ կատակով ժողովրդի մոտ առաջացրել են ի միջայլոց, անլուրջ վերաբերմունք այդ վտանգի նկատմամբ: Կանխարգելման այն կարճ ժամանակը, որ հարկավոր էր խիստ կանոնները պահպանել, իրենք անձամբ չպահպանեցին և վարակիչ վատ օրինակ ծառայեցին:
– Համավարակի պատճառով երկիրը հնարավոր է ենթարկվի սոցիալական եւ տնտեսական ցնցումների: Դուք ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք:
-Իմ կանխատեսումները ձևավորվում են զանազան մասնագիտական խմբերի և անհատների վերլուծությունների հիման վրա և, կարծես, հիմնականում գերակշռում է լուրջ անհանգստությունը սոցիալ-տնտեսական առումով, ինտուիցիաս էլ ինձ հուշում է, որ մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, եւ առանց այն էլ մեր խարխուլ տնտեսությունը ենթարկվելու է լուրջ ցնցումների թե´ կորոնավիրուսի, թե´նրա ածանցյալ ազդեցությունների հետեւանքով: Մենք պետք է ամուր ձգենք գոտիները, որպեսզի կարողանանք հաղթահարել այս լուրջ փորձությունը. Սա շատ լուրջ մարտահրավեր է: Սակայն գոտիները ձգելու առումով վերապահում ունեմ, որովհետեւ իշխանությունների կողմից թույլ տրվող սխալները, երբեմն պահի կարևորության չգիտակցումը, ինչպես նաև առաջնահերթությունների մեջ չկողմնորոշված դեգերումը անհանգստացնող է. Ինքնագլխություն, չարդարացված կամակորությունեմզգում: Երկրի կառավարումը սովետական-կուսակցական մոդելն է հիշեցնում:
-Ինչպե՞ս կարող ենք խուսափել ահագնացող ճգնաժամի անդառնալի հետեւանքներից:
-Սա մի մարդու խելքի բանը չի. Ճգնաժամից խուսափելու ելքը կա,
1-դա կառավարության մեջ քվոտայով տեղավորված դեռ չհասունացած <անտոմս ուղևորների>,նաև հնուց տաքուկ տեղերում ծվարած անպիտան կադրերի հեռացումն է կառավարական լծակներից,
2-նրանց փոխարեն բանիմաց մասնագետների, նախաձեռնող նվիրյալների ներգրավումն է համազգային կադրային բանկից,
3- հակաճգնաժամային անցումայինժամանակավոր կառավարության ձևավորում , որն էլ լուրջ խթան կհանդիսանա համայն հայության ինտելեկտեւալ, տնտեսական, ֆինանսական ներուժի համախմբման համար, ինչի հրաշալի հնարավորությունը, ցավոք սրտի, հեղափոխությունից հետո իշխանությունները չկարևորեցին և մսխեցին այդ հզոր,կարևորագույն ռեսուրսը:
-Առհասարակ այս օրերին ինչպե՞ս եք գնահատաում ժողովրդի վարքագիծը:
-Ժողովուրդը միշտ էլ իր մեծամասնությամբ եղել է ոչ ադեկվատ, իներտ : Բայց նրանց մեղադրել էլ չի կարելի, ինչ տեսնում, այն էլ ընդօրինակում են:Բայց նախքան մեղադրելը եկեք ֆիքսենք՝ յուրաքանչյուր ժողովորդի բոլոր շերտերի վարքի դրսեվորումների համար պատասխանատու են երկրի իշխանությունները: Եթե ազգընտիրը թքած ունի պարետատան որոշումների վրա և չի պաշտպանվում, ուրեմն նրանց էլ դա պետք չէ:
-Ինչպես ե՞ք գնահատում քաղաքի մաքրությունը, քանի որ այս ժամանակահատվածում մաքրությունն ու հիգիենան ամենակարեւոր դրույթներն են համարվում:
-Անկեղծորեն ասեմ, քաղաքային իշխանությունների կատարած աշխատանքներին ծանոթ չեմ, քանի, որ փետրվարից համարյա դուրս չեմ գալիս:Միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հ1 էլ չեմ նայում, որտեղ ,երևի, պատկերում են գիշեր ու զօր աշխատանքներ :Մարտ ամսին միայն մեկ անգամ ականատես եմ եղել մեր շենքի մուտքերի ախտահանման աշխատանքի՝ փոքրիկ «պզիկներով»:
-Պարո´ն Պետրոսյան, նախօրեին Պարետի որոշմամբ, բաց տարածքներում նույնպես պարտադիր է լինելու կրել դիմակներ: Դուք կո՞ղմ եք այդ որոշմանը:
-Պարտադիր դիմակ կրելուն կողմ եմ: Մեր ընտանիքը փետրվար ամսից խստիվ պահպանում է բոլոր անվտանգության կանոնները:Ցավոք սրտի ի սկզբանե խոսք գնաց, որ դիմակները չեն պաշտպանում եւ իմաստ չկա այն կրելու, եւ մարդկանց այդ տարբերակը ձեռնտու էր, առհամարեցին վտանգը եւ դիմակ կրողին նայում էինորպես այլմոլորակայինի: Հիմա էլ դեռ շատ են այդպիսի անհեռատես- ամենագետ-լավատեսները: Բայց, արդեն, բանը բանից անցել է, եւ չես կարող գուշակել, թե որ կողմից կմոտենա քեզ այդ անիծյալ վտանգը և կդառնաս «պացիենտ»:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը