Oxford academic գիտական հարթակում օրեր առաջ հայտնվեց «Beyond Smoking Cessation: Investigating Medicinal Nicotine to Prevent and Treat COVID-19» աշխատանքը։ Հեղինակը՝ ԱՄՆ Նեշվիլ նահանգի Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Հիլարի Թինդլը, նկարագրում է նիկոտինի հնարավոր արդյունավետությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու և հիվանդության ընթացքը մեղմելու հարցում։
Բուժման կամ պատվաստանյութի բացակայության պայմաններում նոր կորոնավիրուսի պանդեմիան մարտահրավեր է նետում բժշկական հանրությանը՝ վարակի տարածումը կանխելու նոր ռազմավարություններ մշակելու տեսանկյունից: Ֆիանսիացի գիտնականներ Շանժոն և Ամուրան առաջ են բերել նիկոտինի օգտագործման վարկածը. ըստ նրանց, նիկոտինային ացետիլխոլինի ընկալիչները կարող են թերապևտիկ թիրախ լինել՝ SARS-CoV-2 վարակի տարածումը նվազեցնելու և COVID-19 հիվանդությունը մեղմելու համար: Նիկոտինն օգտագործելու փորձը նպատակ ունի կանխել և բուժել COVID-19 հիվանդությունը բազմաթիվ պացիենտների և բուժաշխատողների շրջանում՝ ներառյալ ծխողներին ու չծխողներին։
Ինչո՞վ է պայմանավորված նիկոտինի արդյունավետությունը․
Համաճարակաբանական տվյալների համաձայն, ծխողների շրջանում SARS-CoV-2 վարակը ավելի հազվադեպ է հանդիպում։ Ըստ երևույթին, սա կարող է բացատրվել հենց նիկոտինի և ոչ սիգարետի ծխում առկա հազարավոր վնասակար քիմիական նյութերի ազդեցությամբ: Նիկոտինը նվազեցնում է ռենին-անգիոտենսին-ալդոստերոնային համակարգի (ՌԱԱՀ) ակտիվությունը։ (ՌԱԱՀ) մարդու և կաթնասունների հորմոնային համակարգ է, որը կարգավորում է զարկերակային արյան ճնշումը, արյան ծավալը և ջրաաղային փոխանակությունը։ ՌԱԱՀ մասնակցում է COVID-19-ի կողմից թոքային, սրտանոթային, երիկամային և նյարդաբանական բարդությունների առաջացման մեջ:
Հայտնի է, որ նիկոտինն ու սիգարետի ծուխը մարդու բազմաթիվ օրգաններում նվազեցնում են SARS-CoV-2– ի հիմնական ընկալիչի՝ անգիոտենզին փոխարկող ֆերմենտ 2-ի ակտիվությունը։ Թոքերում նկատված անգիոտենզին փոխարկող ֆերմենտ 2-ի նվազեցված մակարդակը բրոնխոսկոպիա անցկացնելիս նկատվել է ծխողների ու քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։
Այս բացահայտումների կլինիկական նշանակությունը SARS-CoV-2 ինֆեկցիոն ռիսկի տեսանկյունից դեռևս պետք է ուսումնասիրվի։ Եթե նիկոտինն իսկապես իջեցնում է անգիոթենսինը փոխարկող ֆերմենտ 2-ի ակտիվությունը, դրանով իսկ խոչընդոտելով վիրուսային մասնիկների մուտքը բջիջներ, ապա նիկոտինի ընդունումն իսկապես կարող է նվազեցնել SARS-CoV-2 վարակի տարածումը։
Նիկոտինը կարող է նաև նվազեցնել COVID-19 հիվանդության ծանր ընթացքը խոլիներգիկ հակաբորբոքային ուղու միջոցով՝ խանգարելով մակրոֆագի վրա հիմնված գերբորբոքումը և թրոմբոցիտների ռեակտիվացմանը։Բուժական նպատակներով օգտագործվող նիկոտինը տասնամյակներ շարունակ առանց ռիսկերի օգտագործվել է ծխախոտային կախվածությունից միլիոնավոր պացիենտներին բուժելու համար։ Այդ պացիենտների շարքում են նաև սուր հիվանդություններով տառապող մարդիկ։ Բացի այդ, ներկայումս հետազոտվում է չծխողների շրջանում նիկոտինի կիրառմամբ նյարդաբանական խանգարումների բուժումը։
Նիկոտինի կիրառությունը բժշկության մեջ․
Նախքան բժշկական նպատակների համար օգտագործվող նիկոտինը հնարավոր կլինի առաջարկել որպես COVID-19 բուժման կամ հիվանդության ընթացքի կարգավորման մեթոդ, պետք են գիտական հիմքեր։ Ֆրանսիացի գիտնականները վերջերս հայտարարեցին նիկոտինի օգտագործմամբ վերահսկող հետազոտության անցկացման պլանների մասին,։ Հետազոտության շրջանակներում կուսումնասիրվի նիկոտինի արդյունավետությունը COVID-19 պացիենտների ու վարակակիրների շրջանում վարակը կանխելու և բուժելու տեսանկյունից։ Նմանատիպ հետազոտություններ անհրաժեշտ կլինի անցկացնել նաև ԱՄՆ տարածքում՝ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության հաստատումը ստանալու նպատակով։
Հետագա վերլուծությունները կարող են ուսումնասիրել հեպատիկ նիկոտինի նյութափոխանակության կամ նիկոտինային ացետիլխոլինի ընկալիչների հնարավոր գենետիկ փոփոխությունները։ Վերջապես, կարող է օգտագործվել պացիենտների լայն ընտրանք, որի հետազոտությունը հիմք կդառնա հաստատելու կամ ժխտելու կորոնավիրուսը նիկոտինի միջոցով բուժելու վարկածը։ Անհրաժեշտ է սակայն, որ ընտրանքը բավականին մեծ լինի, ինչպես նաև հասանելի լինի բավարար կլինիկական տեղեկատվություն՝ հստակություն ապահովելու, ինչպես նաև բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտինի ու ծխախոտային արտադրատեսակների միջոցով նիկոտին ստանալու ազդեցությունը տարանջատելու համար։
Սիգարետ և բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտին․
Ծայրահեղ կարևոր է COVID-19-ի կանխարգելման և բուժման նպատակով նիկոտինի օգտագործման ու սիգարետ ծխելու տարանջատումը։ Պետք է հստակ լինել․ ծխելը կորոնավիրուսի կանխարգելման առումով որևէ բուժական դեր չի խաղում: Ի հակադրություն, բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտինը ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչության կողմից արտոնագրված, մատչելի ու հասանելի թերապիա է` անվտանգ լինելու երկարաժամկետ ապացույցներով՝ ներառյալ կախվածություն առաջացնելու ցածր հավանականությունն ու հակացուցումների փոքր թիվը:
Հաշվի առնելով ծխողների շրջանում SARS-CoV-2 վարակի տարածման նկատելի ցածր վիճակագրությունը, իրատեսական է թվում բժշկական նպատակներով օգտագործվող նիկոտինի օգտագործումը՝ վարակի տարածման նվազեցման և հիվանդության ծանրությունը մեղմելու համար։ Անհրաժեշտություն է առաջանում նաև հետազոտել նիկոտինի դերը COVID-19-ի կանխարգելման և բուժման գործում անգամ այն մարդկանց մոտ, ովքեր չեն ծխում։