-Սիրելի՛ հայրենակիցներ.Անկախության հռչակումը մեզ հնարավորություն տվեց ձերբազատվել խորհրդային տոտալիտար համակարգից եւ ինքնուրույն կերտել մեր ապագան: Նորաստեղծ պետականության հիմքերը դրվեցին այնպիսի բարդ ժամանակաշրջանում, երբ մի կողմից աշխարհի ամենախոշոր կայսրության փլուզումը` իր բոլոր բացասական հետեւանքներով, մյուս կողմից աղետի գոտու եւ տասնյակ հազարավոր անօթեւան ընտանիքների առկայությունը եւ, վերջապես, արդեն իսկ թեժացող արցախյան պատերազմը եւ որպես դրա հետեւանք` հարյուր հազարավոր բռնագաղթված մեր հայրենակիցների ներհոսքն ու կատարյալ շրջափակումը կարող էին կործանել մեր երկիրը, սակայն ի պատիվ մեր հերոսական ժողովրդի, մեր միասնականությամբ, տոկունությամբ ու նվիրվածությամբ ազգովի կարողացանք ոչ միայն փրկել Հայաստանը, այլ նաեւ հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրել Արցախն ու ստեղծել երկրորդ հայկական պետությունը: Չնայած առկա բազմաթիվ դժվարություններին, այնուամենայնիվ, կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ ստեղծել երկրի կայուն զարգացման հիմնական նախադրյալները: Այդ տարիներին միջազգային կառույցների կողմից Հայաստանն ընկալվում էր որպես տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ: Այս ամենը կատարվել է մեր բոլորիս աչքի առաջ, մեր մասնակցությամբ, եւ հարկ եմ համարում նշել, որ դարեր ի վեր մեր նախնիները միայն երազել կարող էին այդ ամենի մասին: Սակայն, ցավոք, անկախությանը հաջորդած 20 տարիները միայն հերոսական էջեր չեն ավելացրել մեր պատմությանը, եւ ամենադժվարին տարիները հերոսաբար հաղթահարելուց հետո` խաղաղության պայմաններում, մենք չկարողացանք մեր երկիրը զերծ պահել ցնցումներից: Տեսանք հոկտեմբեի 27 ու մարտի 1, ունեցանք կեղծված ընտրություններ, արմատավորվեցին ամենաթողությունը, կոռուպցիան, տնտեսության օլիգարխիկ-կլանային համակարգն ու մոնոպոլիզացիան, եւ այդ ամենի արդյունքում ստացանք ոչ միայն ժողովրդի խորը հիասթափություն եւ հուսալքություն, սոցիալական ծանր պայմաններ ու ահագնացող չափերի հասնող արտագաղթ, այլ նաեւ անկախության արժեհամակարգի նկատմամբ վստահության կորուստ: Նույն միջազգային հանրությունը մեր երկիրը վաղուց արդեն դասում է ոչ ազատ երկրների շարքում: Մի խոսքով, այն ամենը, ինչը ժամանակին դրվել էր մեր պետականության հիմքում, մսխվել է գրեթե ամբողջությամբ, եւ մեր երկիրն այժմ կանգնած է կործանման եզրին: -Սիրելի՛ հայրենակիցներ.
Այսօր մեր առջեւ կրկին ծառացած է մեր պետականության հիմքերն ամրապնդելու եւ սահմանադրական կարգը վերականգնելու հրամայականը, ինչը հնարավոր է իրականացնել միայն արտահերթ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելով, որի արդյունքում իշխանությունը կրկին կանցնի ժողովրդին: Սակայն օրվա իշխանությունները, որոնց ապաշնորհ կառավարման հետեւանքով է հենց երկիրը հայտնվել այս անմխիթար վիճակում, համառորեն չեն ուզում տեսնել ակնհայտը: Տզրուկի նման կառչելով մեր 20-ամյա երիտասարդ պետականության մարմնին՝ նրանք ոչ մի կերպ չեն ուզում զրկվել նրա կենարար հեղուկից: Նրանց ո՛չ բանակցություններով, ո՛չ էլ հիմնավորված փաստարկներով հնարավոր չեղավ հասկացնել արտահերթ ընտրությունների հրամայականը: Այդ իսկ պատճառով, ինչպես եւ սպասվում էր, մեզ մնում է միայն մեր ժողովրդի հավաքական կամքով ստիպել նրանց կատարել այդ վերջին քայլը: Մենք այլեւս հապաղելու իրավունք չունենք…Եկե՛ք համախմբվենք եւ պայքարով տեր կանգնենք մեր պապերի ու մեր երազած անկախությանը:«Սասուն» ջոկատի հրամանատար ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԵՆՔ ԱՅԼԵՎՍ ՀԱՊԱՂԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ