Մայիսի 28-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Մուշի բաժնում Գյումրիի Սավոյան փողոցի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ նախորդ օրը, օգտվելով տնից իրենց բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են տնակի մուտքի դռան փականը եւ գողացել հեռուստացույց ու համակարգիչ:
Օպերատիվ խումբը մեկնել էր Սավոյան փողոց: Իրավապահներն ուսումնասիրել էին դեպքի վայրը, կազմել արձանագրություններ: Քրեական հետախույզները գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ հունիսի 1-ին բնակարանային գողության վերաբերյալ նոր ահազանգ ստացվեց. դարձյալ օգտվելով տանտերերի բացակայությունից` կոտրել էին Շարա Տալյան փողոցի տներից մեկի դուռը եւ գողացել հեռուստացույց:
Ձեռագիրը նույնն էր: Մշակվեց օպերատիվ պլան: Առաջ քաշվեցին եւ ստուգվեցին տարբեր վարկածներ: Բացահայտման աշխատանքներին միացան նաեւ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, եւ փոխգործակցությունն օրեր անց դրական արդյունք տվեց:
Իրավապահները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունները հնարավոր է կատարած լինի նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված Սավոյան փողոցի 36-ամյա մի բնակիչ:
Հունիսի 3-ին, ժամը 12.30-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մուշի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: