Ինչպես հայտնի է, երեկ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Գրել էինք, որ նրա որոշումն անակնկալ է եղել համակարգի աշխատակիցներ համար և չէին սպասում իրադարձությունների նման զարգացման:
Սակայն ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մի որոշում էր կայացրել, որով նախապես Ազգային ժողովում որպես հիմնական զեկուցող նշանակված Դավիթ Անանյանը փոխարինվել էր: Մասնավորապես, դեռ մայիսի 5-ին վարչապետը որոշում էր կայացրել, որով Դավիթ Անանյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2019 թվականի մայիսի 29-ին Նուր-Սուլթան քաղաքում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Սակայն հունիսի 3-ին մեկ այլ որոշում է ստորագրվել և Դավիթ Անանյանը փոխարինվել է Միքայել Փաշայանով: Արդյոք սա պատահականություն է, թե ոչ, դժվար է ասել, սակայն զուգադիպությունն ուշագրավ է: