Ճապոնիան կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում է սկսել 2021 թվականի առաջին կիսամյակում:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն:
«Մենք ձգտում ենք գործընթացի շուտափույթ իրականացմանը, նպատակը՝ 2021 թվականի առաջին կեսն է»,- նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ եթե սովորաբար պատվաստանյութի արտադրության նախապատրաստումը սկսվում է նրա վերջնական ստեղծումից հետո, ապա այս անգամ և´ պատվաստանյութի ստեղծումը, և´ արտադրությանը նախապատրաստվելը իրականացվում են միաժամանակ:
COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության համար Ճապոնիան բյուջեից կհատկացնի 140 միլիարդ իեն (շուրջ 1.3 միլիարդ դոլար):