ԶԵՆՔ ԵՆ ԲԵՐԵԼ, ՆԱԽԻՋԵՎԱՆԸ՝ ՈՒԺԵՂԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է: Կրակոցը հնչել է Նախիջեւանի կողմից՝ սահմանի այն հատվածից, որտեղ 2018-ից հետո հակառակորդն իր դիրքերն առաջ էր բերել: Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին եւս նման դեպք էր եղել. հակառակորդի կրակոցից այրվել էր զորամասի հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Երկու դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր չկան: Վերջին դեպքը տեղի է ունեցել Վայոց ձորի Արենի գյուղի մերձակայքում։ Փաստորեն, հակառակորդի համար լավ տեսանելի եւ հասանելի է դարձել մեր դիրքերի տեղաշարժը:

 

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԵԿՄ փոխնախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, Նախիջեւանի կողմից Ադրբեջանական կողմը հարձակվել է, ռմբակոծել եւ մեքենա է վնասել: Ինչո՞ւ են հիմա էլ Նախիջեւանից հարձակումներ իրականացնում:

-Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն իրականացնում է իր գլոբալ քաղաքականությունը: Եթե պատերազմի ժամանակ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի Նախիջեւանը չմասնակցի ռազմական գործողություններին, որովհետեւ թուրքերը հասկանում են, որ ադրեբջանական բանակը թույլ է, Նախիջեւանը խոցելի է, եւ կարող է իրենք կորցնեն: Եվ հասկանալով, որ պատերազմի ժամանակ կարող են դա կորցնել, ես նկատի ունեմ Ղարաբաղի պատերազմի, իրենք ամեն ինչ անում են, որ զերծ պահեն Նախիջեւանը: Նույնիսկ ես, երբ ռազմական օպերացիա էի անցկանցում, դե բնական է, որ լսում էի իրենց կապը՝ Նախիջեւանն ու Լաչինը, իրենք իրար հետ կապվում էին ու նման խոսակցություններ էին տանում, որ ամեն ինչ արեք, որ իրենք չհարձակվեն Նախիջեւանի վրա:

-Պարո՛ն Հարությունյան, Նախիջեւանի կողմից հարձակումներն անընդհատ շարունակվելո՞ւ են, քանի որ դա մշտապես եղել է ադրբեջանական կողմի պլանը:

-Հիմա իրավիճակ է փոխվել, հիմա իրենք իրականացնում են աշխարհաքաղաքական, ռազմական, քաղաքական ճնշում Հայաստանի վրա Նախիջեւանի սահմաններից, որպեսզի հակական կողմը գնա զիջումների Ղարաբաղի հարցում: Իսկ զիջումը, իրենց գիտակցելով, այն է, որ մենք դա պետք է հանձնեք Ղարաբաղին: Դա է: Իրենք դա են իրականացնում: Ուրեմն Նախիջեւանն իրենք ուժեղացրել են, զենք են բերել, որպեսզի հասանելի դառնա Երեւանը: Այնտեղ թուրքական դե ֆակտո զորքեր, բազաներ կան:

-Իսկ ինչպե՞ս պետք է միջազգային կառույցները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն արձագանքեն այս ամենին:

-ԵԱՀԿ Մինսկի համախախագահները միշտ փորձում են, նույնիսկ երբ Ադրբեջանն ակնհայտ գնում է գործողությունների, նրանք կոչ են անում երկու կողմին էլ: Դա միջնորդ է միայն, դրա համար էստեղ իրենց մոտուցումը դա է եւ այդպես էլ կլինի:

-Իսկ ռուսական կողմն ի՞նչ արձագանք պետք է անի:

-Ռուսական կողմը ինչ արձագանք տա: Պետք է հայկական կողմը դրա մասին դիմի՝ ըստ ՀԱՊԿ պայմանագրի: ՀԱՊԿ պայմանագիրը գործում է ագրեսիայի դեպքում, եւ հստակ նշված է, թե ինչ է ագրեսիան: Իսկ այն, ինչ տեղի է ունենում, դա նշանակում է հրադադարի խախտում, դա ագրեսիա չէ: Մյուս կետերում հայկական կողմը պետք է դիմի օգնության, եւ բնական է, որ այդ գործողությունները պետք է լինեն ադեկվատ, որովհետեւ այն տեղի է ունենում, մեր բանակը, նույնիսկ պարետազմ չի հայտարարում: Բանակում այն ստորաբաժանումները, որոնք գտնվում են այդ հատվածում, իրենք կարողանում են դա կանխել: Այնպես որ, դա այսօր չեն դնում, ապա չկա նման անհրաժեշտություն: Բայց քաղաքական առումով, իհարկե, միանշանակ պետք է սրա մասին բարձաձայնել: Ես կարող եմ ասել, որ բոլորը գիտակցում են, տարածաշրջանի խաղացողները գիտեն, թե ինչ է նշանակում Նախիջեւանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱՊՐԻԼՅԱՆՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Երեկ՝ ժամը 15.00-ին, ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տեսակապով հարցաքննել է ՀՀ արտաքին գործերին նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին: Բանն այն է, որ Նալբանդյանն այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում ու հնարավորություն չունի գալ Հայաստան՝ նիստին մասնակցելու համար, ինչի համար էլ հանձնաժողովը որոշել է Նալբանդյանի հետ առցանց խոսել:

 

Ըստ մեր տեղեկությունների՝ քննիչ հանձնաժողովի անդամները փորձելու են պարզել, թե 2016 թվականին Հայաստանի Հանրապետության ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ինչ փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ում, որը չեն կարողանում պարզել անձամբ Խաչատուրովից, քանի որ վերջինս ոչ մի կերպ չի համաձայնում պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին:  Էդուարդ Նալբանդյանի հարցաքննությունով պետք է հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտի, քանի որ ավարտվում են նաեւ հանձնաժողովի ժամկետները:

Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականի մայիսի 31-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով: Իսկ արդեն նույն թվականի դեկտեմբերին հանձնաժողովի աշխատանքները 6 ամսով երկարաձգվել են, ու հունիսին այն ավարտվում է: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում հանձնաժողովը Արցախ է մեկնելու՝ այնտեղ հանդիպումներ ունենալով Արցախի ներկա եւ նախկին պաշտոնյանների հետ, քանի որ իրենց աշխատանքների ժամանակ հանձնաժողովականները պարզել են, որ Արցախի պաշտոնյանները եւս պետք է տեղեկություն տրամադրեն այդ օրերի հետ կապված, ինչի համար միայն նրանց հետ հանդիպումներից հետո վերջիններս կգան եզրակացության:

Մեր տեղեկություններով՝ հանձնաժողովն իր եզրակացությունը, հնարավոր է, ներկայացնի հուլիս-օգոստոս ամիսներին, քանի որ հանձնաժողովի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ բավականին շատ փաստաթուղթ կա ուսումնասիրելու, հանդիպած անձանց հետ տեղեկությունները համադրելու ու եզրակացության գալու համար:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ

Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա մասնավորապես նշել է. «Այսպիսով, մարզում ընդհանուր ունենք 476 հաստատված դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով»։

 

 

ՎԵՐՍԿՍՈՒՄ Է

Brussels Airlines-ը վերսկսում է կանոնավոր չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Հայկական ավիացիան։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ BrusselsAirlines-ից ստացած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 27-ից կվերսկսվեն Երեւան-Բրյուսել-Երեւան երթուղով կանոնավոր չվերթները: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ

Ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի Դաշնության շուրջ 100 քաղաքացի արդեն չորս օր է՝ Բագրատաշենի անցակետում են գիշերում: Քնում են մեքենաների մեջ, սնվում են ոտքի վրա: Պահանջը մեկն է՝ աջակցել գնալ Ռուսաստան, որտեղ թողել են ընտանիքներին, աշխատանքը: 50-ամյա Գայանեն Ռուսաստանից Հայաստան եկել է մարտի 17-ին հիվանդ մորն այցելելու նպատակով, բայց ավելի քան 2 ամիս է՝ չի կարողանում գնալ Ռուսաստան: Իրենց պահանջը լսելի դարձնելու համար անգամ նախօրեին փակել են Բագրատաշեն անցակետ տանող ճանապարհը: Դարձյալ անարձագանք: Քաղաքացիները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ դիմել են գրեթե բոլոր կառույցներին, բայց արձագանք չեն ստացել: Քաղաքացիների բողոքներին ու պահանջներին չի արձագանքում անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Բայց քաղաքացիները վճռական են տրամադրված. անցակետում գիշերելու են այնքան, մինչեւ իրենց հարցին լուծում տրվի: 47-ամյա Արթուր Գասանյանը ընտանիքի 9 անդամներին թողել է Ռուսաստանում եւ տեւական ժամանակ է՝ չի կարողանում հասնել հարազատներին: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացու խոսքով՝ ինքը 9 հոգուց բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է:

 

 




Լրահոս