Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել 2 տարի առաջ Կոտայքի մարզի բնակիչ Ռազմիկ Ներսիսյանի սպանության գործից: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, թե ինչի համար են նրան սպանել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Ռազմիկ Ներսիսյանի սպանության գործով ձերբակալված անձիnք վերջինիս հետ խնջույքի են մասնակցել, մի փոքր գինովցել են, իսկ, ահա, ավելի ուշ ֆինանսական հարցերի շուրջ խնջույքի մասնակիցների մեջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ հարվածներ են հասցվել Ռազմիկ Ներսիսյանին, որն էլ հիվանդանոցում մահացել է:
Սակայն 2 տարի առաջ տեղի ունեցած այս դեպքը իրավապահների թեթեւ ձեռքով որակվել է որպես ինքնասպանություն, ու դեպքը ծածկադմփոց է արվել: Սակայն 2 տարի անց պարզվել է, որ Ռազմիկ Ներսիսյանը ինքնասպանության չի դիմել, այլ նրան սպանել են, եւ ներկայումս ենթադրյալ հանցագործները ձերբակալված են:
Նշենք, որ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ մայիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթեւոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչ Արթուր Ղազարյանի որոշմամբ` ձերբակալվել են Գառնի գյուղի բնակիչ, 39-ամյա Լուսինե Շ.-ն, Երեւանի բնակիչ, 48-ամյա Ռուզաննա Խ.-ն, Գառնի գյուղի բնակիչներ, 33-ամյա Ռոման Մ.-ն եւ 34-ամյա Սամվել Ն.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Շ.-ն ու Ռուզաննա Խ.-ն կասկածվում են հանցագործությունը պարտակելու եւ օժանդակելու, իսկ Ռոման Մ-.ն ու Սամվել Ն.-ն՝ սպանություն կատարելու համար:
2018 թ.-ի նոյեմբերի 1-ին «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա եւ պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Այն ժամանակ նշված կենտրոն այցելած ոստիկանության Կոտայքի բաժնի եւ ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու:
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Գառնի գյուղի բնակիչ, 33-ամյա Ռազմիկ Ներսիսյանն է, ով այնուհետեւ տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նոյեմբերի 11-ին վերակենդանացման բաժանմունքում մահանում է: Նոյեմբերի 23-ին Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 110 հոդվածի 1-ին մասի (ինքնասպանություն) հատկանիշներով հարուցվում է քրեական գործ, ու մինչ որոշ մարդիկ մտածում են, որ այս գործն այդպես էլ ավարտ է ունենալու, Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գ. Մաթեւոսյանի, քննիչ Ա. Ղազարյանի կողմից կատարվում են հսկայածավալ աշխատանքներ, պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե դժբախտ պատահար է, այլ սպանություն:
Ավելին, ստացվել է դատաբժշկի եզրակացության փորձաքննության պատասխանը, որ Ռազմիկ Ն.-ն ոչ թե դժբախտ պատահարի հետեւանքով է մահացել, այլ սպանության: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը պարտակելու եւ սպանությունը կատարելու կասկածանքով նշված անձանց բերման են ենթարկում ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են քննչական մարմին եւ քննիչի կողմից ձերբակալվում են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Լուսինե Շ.-ն եւ Ռուզաննա Խ.-ն աշխատում են Գողթ գյուղում գործող, գեներալ Գուրգեն Մելքոնյանին պատկանող «Ոսկե աքաղաղ» հյուրանոցային համալիրում՝ Լուսինեն՝ որպես մատուցողուհի, իսկ Ռուզաննան՝ որպես մենեջեր, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ռոման Մ.-ն իր շրջապատում հայտնի է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գառնիի ԳԳՄ-ի պետի տղա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Կապանի միջադեպերով հարուցված քրեական գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը կալանավորվեց: Պաշտպան Հովսեփ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը. Համբարձումյանը նիստերի դահլիճից տեղափոխվել է ՔԿՀ: Հովսեփ Սարգսյանը որոշումը ակնհայտ անհիմն է որակել. «131-րդ հոդվածով նախատեսված արարք չի կատարվել, տուժողը ցուցմունք է տվել, հետո՝ հրաժարվել իր ցուցմունքից, եւ այդպիսի պայմաններում դատարանը նման որոշում կայացրեց՝ ընդվզելով արդարադատության դեմ»,-ասել է պաշտպանը:
Հիշեցնենք՝ Համբարձումյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Օրեր առաջ Համբարձումյանի ձերբակալությունը մեկ այլ դատարանի որոշմամբ ճանաչվել էր ոչ իրավաչափ, եւ այդ ժամանակ նա ազատ էր արձակվել:
Հիշեցնենք նաեւ, որ այլ դատարանների որոշումներով մերժվել են նույն գործով մեղադրյալ Մարատ Ստեփանյանի եւ Աշոտ Պապյանի կալանավորման միջնորդությունները:
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենուհի Թունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ԱՅ-ԲԻ-ՍԻ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, 2017 թվականի սեպտեմբերին «Գրացիա հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն» ՍՊ ընկերության վերականգնողական կենտրոնում Աշխեն Սարգսյանի հետ ծանոթության ընթացքում ներկայացել է որպես վերոհիշյալ բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար, որն աջակցություն է ցուցաբերում զոհված զինծառայողների ընտանիքներին տարբեր, այդ թվում նաեւ՝ բնակարաններ տրամադրելու հարցերով, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, ներազդելով Աշխեն Սարգսյանի գիտակցության եւ կամքի վրա, նրա մոտ ձեւավորել է վստահության մթնոլորտ:
Նա, հավաստիացրել է՝ իբր, որպես բարեգործական կազմակերպության ղեկավար, կաջակցի, որ վերջինիս դուստրը` 2008 թվականին ծնված Դիանա Ավետիսյանը, որպես մահացած զինծառայողի զավակ, ապահովվի բնակարանով: Արդյունքում, Արմենուհի Թունյանը, իր սկզբանե նպատակ չունենալով իրագործելու խոստումը, Աշխեն Սարգսյանից պահանջել եւ մոտ երկու շաբաթ անց «ԱՅ-ԲԻ-ՍԻ» բարեգործական հասարակական կազմակերպության՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 5-րդ շենքում գտնվող գրասենյակում խաբեությամբ ստացել եւ հափշտակել է խոշոր չափերով` 1.911.520 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը:
ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԳՈՐԾՈՎ
Ինչպես հայտնի է, ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը վարչական հայց է ներկայացրել Առողջապահության նախարարության դեմ՝ վիճարկելով դրա անգործությունը Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը կազմակերպելու որոշում չկայացնելու առումով: Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասել էր, որ իրենք 2 անգամ դիմել են Առողջապահության նախարարություն Գրիգորյանի բուժման հետագա ընթացքի մասին որոշում կայացնելու համար, երկու անգամ մերժել են պատասխանել, երրորդ դիմումին էլ դեռ չեն պատասխանել:
«Մենք ներկայացրել ենք պարոն Գրիգորյանի էպիկրիզը եւ խնդրել, որ եզրակացություն տան, թե հնարավոր է արդյոք, որ այստեղ բուժում կազմակերպեն. եթե չէ, ապա թույլատրեն, որ մեկնի արտասահման: Նրանք մի անգամ մեզ պատասխանեցին, որ հարցը մեր իրավասության ներքո չէ, եւ դիմենք Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ իրենք անելիք չունեն, քանի որ անձը կալանավորված չէ, եւ հարցը պետք է լուծի Առողջապահության նախարարությունը,- ասել էր փաստաբանը:
Ի դեպ, այս հարցով նաեւ դիմել են ՄԻՊ եւ ՄԻԵԴ:
Այսպիսով այս գործով նաեւ ուշագրավ զարգացումներ են տեղի է ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հայցադիմումին կից պաշտպանական կողմը նաեւ հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, որով հայցվոր կողմը խնդրել է որպես հայցի ապահովում ժամանակավոր բավարարել հայցվորի պահանջը, պարտավորեցնել ՀՀ առողջապահության նախարարությանը հրավիրել բժշկական հանձնաժողով՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի՝ Ֆրանսիայի «Վալ Դ. Օրի» բժշկական կենտրոնում հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը եւ տալ համապատասխան եզրակացություն: Արդդյունքում գործը քննող դատավոր Արգիշտի Ղազարյանը մերժել է պաշտպանական կողմի այս միջնորդությունը, սակայն որոշման մեջ նշել է, որ հաշվի առնելով, որ գործ ունեն մարդու առողջության հետ, ապա գործը պետք է քննվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ միաժամանակ պահպանելով բոլոր դատավարական նորմերի պահանջները:
Ք.Մ.
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում շուրջ մեկուկես տարի քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ վերջինիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ: Պարզվել են ենթադրյալ հանցագործությունները կատարած անձանց ինքնությունը, որոնք անմիջապես վերցվել են հսկողության տակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020թ. մայիսի 27-ին 4 անձ միաժամանակյա բերման է ենթարկվել: