ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԳՆԱԼ ՍՈՐՏԱՎՈՐՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանում, հնարավոր է, կորոնավիրուսով հիվանդների բուժման խորը սորտավորման գնան: Հանրային խորհրդի նիստի ժամանակ նախարար Թորոսյանը մասնավորապես նշել էր. «Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաեւ արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում բուժման վերցնում, որոնք փրկվելու հնարավորություն ունեն եւ հակառակը: Չի բացառվում, որ վարակի տարածման նման տեմպի պահպանման արդյունքում մոտ օրերը դրան գնանք»:

 

Այս հայտարարությունից հետո հանրությունը, կարելի է ասել, խուճապի մեջ հայտնվեց: Armlur.am-ը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ է նշանակում սորտավորում ասվածը, արդյոք պետք է գնալ այդ քայլին:

-Պարո՛ն Մելիք-Նուբարյան, ինչպե՞ս է սորտավորման գործընթացն իրականացվելու:

-Նախ՝ հասկանանք, թե որտեղից է առաջացել. սորտավորումն առաջին անգամ ներդրվել է բժիշկ վիրաբույժ Պիրագովի կողմից ռազմադաշտում մեծ քանակությամբ վիրավորներին բուժօգնություն տրամադրելու նպատակով: Այն սկզբունքից ելնելով, քանի որ վիրավորների քանակություն մեծ է, եւ բուժծառայության ռեսուրսները չեն բավարարում, այն իմաստն է, որ փրկել հնարավորինս շատ մարդկանց եւ առաջնայնության տալով այն մարդկանց, ում փրկվելու շանսն ավելի շատ է: Ինքն իր գրքում էդպես էլ նկարագրում էր. եթե դուք տեսնում եք վիրավոր, որը արդեն որեւէ ձայն չի հանում, նրա խոսքով, այդ մարդուն պետք չէ օգնել, քանի որ նա մեծ շանսեր չունի փրկելու, այլ կարելի է օգնել այն վիրավորին, որը, հակառակը, գոռում, ճչում է, այսինքն՝ նա ավելի կենսունակ է: Ես կարծում եմ, որ այս իրավիճակը սկզբունքորեն արել է այն, ինչ եղել է Պիրագովի ժամանակ: ՀՀ առողջապահության համակարգը դեռեւս փետրվար ամսից առ այսօր ունեցել է եւ ունի ժամանակ ռեսուրսները միբիլիզացնել եւ որեւէ սորտավորման չհասնել, քանի որ դա ուղղակի մեր ապրելու եւ առողջ լինելու սահմանադրական իրավունքին հակասում է: Առավել եւս, որ մենք պատերազմում չենք, բարեբախտաբար, օրինակ, տարրերային աղտ չի առաջացել:  Մենք ունենք այդ ռեսուրսները, ունենք բազմապրոֆիլ հիվանդանոցներ, որոնք պարտավոր են այս պահին մասնակցել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին: Մենք ունենք մարզերում հիվանդանոցներ, որտեղ մեր բուժհաստատությունների մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը ոչ համաճարակային պայմաններում կազմում է 50 տոկոս: Այսինքն՝ մեր մահճակալային ֆոնդի  ուղիղ կեսը չի օգտագործվել ու հիմա էլ չի օգտագործվում: Եվ պետք է հստակ մշակել տեղաշարժման սխեմա եւ մարզում թողնել 1 կամ 2 հիվանդանոց, որը կսպասարկի այլ հիվանդությունների, իսկ մնացածները վերապրոֆիլավորել՝ որպես կորոնա սպասարկող բուժհաստատություն այս պահին, եթե կրկնապատվի մեր մահճակալային, սարքավորումների եւ մարդկային ներուժը: Հարցը նրանում է, որ դա պետք է անել որոշակի նախապատրաստական աշխատանքից հետո՝ բուժանձնակազմի վերապատրաստել, ապահովել անձնական պաշտխպանիչ պարագաներով, ներդնել ամեն հիվանդանոցում սպեցիֆիկ պացիենտի հոսքեր, դրա համար պետք է ստեղծել բուժհիմնարկներին աջակցող համաճարակաբանների խմբեր եւ այլն:

Այսինքն՝ որեւէ պարագայում մենք ուղղակի որեւէ իրավունք չունենք գնալ սորտավորման:  Այն, ինչ տեղի ունեցավ Իտալիայում, մեզ համար դա պետք է լիներ դաս:

-Իսկ ովքե՞ր պետք է անեն, ինչո՞ւ  այդ քայլերը չեն ձեռնարկվում, որպեսզի  մենք չգնանք այդ քայլին: Ո՞վ է այս ամենի մեղավորը:

-Ես չէի ցանկանա մեղավորներին անդրադառնալ, որովհետեւ իրոք սա ծանր իրավիճակ է, եւ բոլորի համար անսպասելության էլեմենտ պարունակող: Արվել է այնքան, ինչքան կարողացել են, եւ ունենք այն իրավիճակն, ինչ ունենք: Հիմա ավելի կարեւոր է, թե ինչ անել:

-Բժիշկների խնդիր ունենք,. մասնագետների պակաս կա: Այդ հարցն ինչպե՞ս կարելի է լուծել:      

-Դա ամենածանր խնդիրներից մեկն է: Ազգային Ժողովն ընդունեց օրենք, որը թույլ տվեց կարճ վերապատրաստումից հետո բուժանձնակազմին, բժիշկներին, միջին բուժաշխատողներին ներգրավել կորոնավիրուսի բուժման գործընթացին: Մենք ունենք բավականին մեծ ռեզերվ տարբեր մասնագիտությունների մեջ, որոնց պետք է ներգրավել: Բայց շատ կարեւոր է, որ ոչ թե դա լինի կոչերի ձեւով, այլ լինի հստակ բժիշկների անվտանգությունը ֆիզիկական եւ սոցիալ-ֆինանսական ապահովող երաշխիքներ: Այսինքն՝ բոլոր բուժխատողների համար, կառաջարկեի, որ ներդրվեր արդարացի միասնական վճարման սխեմա, որը, բացի բժշկի բարձր բարոյական կամքից, նրանց համար ստեղծվի ֆինանսական երաշխիք: Լիներ արժանի վարձատրություն, վարակվելու դեպքում արժանի կոմպենսացիա եւ, բարեբախտաբար, ամենաանցանկալի ելքի դեպքում լիներ լուրջ կոմպենսացիա բուժաշխատողի ընտանիքի հետ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻՆ

Երեւանի թիվ 3 զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետին մեղադրանք է առաջադրվել: Իսկ ինչի՞ համար է նա մեղադրվում: Ռոման Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 2152-Ա առ 27.11.2019թ. հրամանի հիմքով զբաղեցնելով Երեւանի թիվ 3 զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կաշառք ստանալու պատրվակով խաբեությամբ Մարիամ Սայադյանից փորձել է հափշտակել խոշոր չափերով գումար:

 

Մասնավորապես, օգտվելով այն հանգամանքից, որ Մարիամ Սայադյանը չի տիրապետում, թե որդու` առողջական վիճակի հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատված եւ 2010թ. պահեստազորում հաշվառված Սերգեյ Մկրտչյանի կողմից սահմանված ժամկետում վերափորձաքննության ենթարկված չլինելն ինչ հետեւանքներ կարող է առաջացնել, 2019թ. դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Երեւան քաղաքի Ն. Ստեփանյան 3 հասցեում գտնվող նույն զինվորական կոմիսարիատի իր աշխատասենյակում տեղի ունեցած զրույցների ընթացքում Մարիամ Սայադյանին հավաստիացրել է, թե, իբր, 716.835 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց կարող է կազմակերպել Սերգեյ Մկրտչյանի բժշկական վերափորձաքննության եւ դրա արդյունքների հիման վրա հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրման գործընթացի անխոչընդոտ իրականացումը` ներկայացնելով, թե 1.000 ԱՄՆ դոլարը պետք է փոխանցի բշժկական հանձնաժողովին, իսկ 500 ԱՄՆ դոլարը պահի իրեն` որպես մատուցած ծառայության վարձատրություն:

Ի պաշտոնե չունենալով բժշկական հանձնաժողովի գործունեության վրա ազդելու որեւէ լիազորություն եւ հնարավորություն` Ռոման Դավթյանը Սերգեյ Մկրտչյանի փորձաքննությանը միջամտելուն ուղղված որեւէ միջոց չի ձեռնակել, վերջինս ենթարկվել է փորձաքննության, որի արդյունքների հիման վրա համապատասխան նշումներ են կատարվել զինվորական գրքույկում: Դատելով իրավիճակից՝ պաշտոնատար անձը տիրապետել է, որ զինվորը առողջական խնդիր ունի եւ այդ հիվանդության պատճառով բանակից ազատվելու է, որոշել է կլորիկ գումար աշխատել եւ անունն էլ դնել, թե դա ինքն է արել:

Ք. Մ.

 

 

ԳԱԶԱՏԱՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

Տավուշի մարզի բնակավայրերից  գազաֆիկացված չեն միայն 3-ը՝ Կիրանցը, Աճարկուտը եւ Բերքաբերը, սակայն մարզի գյուղերում կան ընտանիքներ, որոնք ի վիճակի չեն մուծել գազատարից  իրենց առանձնատներին միացնելու  վճարները, որոնք  որոշ դեպքերում, կախված գազատարից մինչեւ առանձնատներ հեռավորությունից, կազմում եմ մի քանի հարյուր հազար դրամ: Գյուղերի առանձնատները գազաֆիկացնելու համար մեկ գծամետր  խողովակի գինը 4 հազար դրամ է:  Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում 6 ընտանիք ներկայումս հնարավորություն չունի գազատարին միանալու, իրենց տները գազաֆիկացնելու: Մոտ 1800 բնակիչ ունեցող Տավուշ գյուղի  վարչական ղեկավար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ 2008թ. Տավուշի մարզից Աժ պատգամավոր Միքայել Վարդանյանի բարեգործությամբ ողջ Տավուշ գյուղը գազաֆիկացվեց, գյուղացիները հնարավորություն ունեին իրենց ունեցած  խողովակներով տները գազատարին  միացնել: Այդ ժամանակ այդ 6 ընտանիքները չեն ցանկացել իրենց տները գազաֆիկացնել, քանի որ այն  ժամանակ վառելափայտի հարցը  դյուրին էր լուծվում: Ներկայումս անտառի նկատմամբ խիստ  հսկողություն է, վառելափայտի հայթայթելու գործը՝ դժվար: Սակայն, չնայած դրան, Տավուշի մարզի գյուղերում ձմռանը ջեռուցումը փայտով է կատարվում, քանի որ գյուղական ընդարձակ  տները գազով ձեռուցելու դեպքում  գազի վճարները մեծ գումարներ կկազմեին, որոնք գյուղացիենրը ի վիճակի չեն մուծելու:

 

 

 

ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ Է ՏՎԵԼ, ԲՌՈՒՆՑՔՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՄԱՅՈՐԻՆ

Գյումրի քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14?00-ի սահմաններում, մարտական հերթապահության մեկնելու նպատակով ներկայացել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 2-րդ հրաձգային գումարտակի հսկիչ-անձնագրային կետ, որտեղ վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող մայոր Հովհաննես Գրիգորյանի հետ, որի ընթացքում սեռական հայհոյանքներ է հնչեցրել Հ. Գրիգորյանի հասցեին: Որոշ ժամանակ  անց Է. Բաբլումովը մարտական հենակետ բարձրանալու հարցի շուրջ վիճաբանության է մտել Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել իր նկատմամբ պետ հանդիսացող Հ. Գրիգորյանին, աջ բռունցքով հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող  մարմնական վնասվածք: Նախկինում չդատված  Էդուարդ Բաբլումովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով եւ 360 հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Այդ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս