Դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանը (Ռաֆոն) «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է իր «Արի ամուսնանանք» խորագրով ուղիղ եթերների արձագանքի, նոր նախագծերի մասին եւ ոչ միայն:
«Իրականում «Արի ամուսնանանք» նախագիծը, որը ես այնքան էլ նախագիծ չեմ կոչում, հատուկ մտածված չի եղել, եւ քանի որ բոլորս տանն ենք, ես որոշեցի, որ այդպես կարելի է ժողովրդի հետ շփվել, նրանց կտրել առօրյա հոգսերից, հետո ընթացքում ավելի լրջացավ, եւ մարդիկ սկսեցին զանգահարել, ուղիղ եթերների շնորհիվ շատ մարդիկ միմյանց հետ ծանոթացել են, շփվում են, ու այդպես լավ բան եղավ: Ես այս լայվերից ինչ-որ ակնկալիքներ չունեմ, սա հատուկ մտածված մեգգա նախագիծ չէ, պարզապես փորձում եմ այս դժվարին ընթացքում իմ լայվերով կտրել մարդկանց առօրյա հոգսերից իմ հումորով, անմիջականությամբ»,-նշում է դերասանը:
Ռաֆոն մեզ հետ զրույցում պատմում է, որ հաճախ մարդիկ իրեն գրում են, թե՝ Ռաֆո ջա՛ն, լայվի ժամանակ հավանել ենք աղջկա, ինչպե՞ս կարող ենք նրա հետ ծանոթանալ, որտեղի՞ց է, եւ այլն, որը, մեր զրուցակցի կարծիքով, է՛լ ավելի հետաքրքիր աժիոտաժ է մտցնում նախագծի մեջ:
Մեր այն հարցին, թե արդյոք եղել են զույգեր, որ ծանոթացել են իր նախագծի շրջանակում, նա պատասխանեց. «Ես խոստանում եմ, որ իմ լայվերի միջոցով եթե մի զույգ ամուսնանա, որոշեն, որ պետք է ընտանիք կազմեն, ապա ես իրենց հարսանյաց արարողությունը լրիվ անվճար կվարեմ»: Ռաֆոյի խոսքով` լայվերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ այս համավարակը չի նահանջել. « Հիմա կարող է «Արի ամուսնանանք» նախագիծը փոխվի, օրինակ, «Ինչ հետաքրքիր դեպքեր կպատմեք Ձեր ամուսնական կյանքից», այսինքն` այնքան, մինչեւ այս ամեն ինչը վերջանա, մենք էլ դուրս գանք գնանք ներկայացումներ խաղանք, ու այն ամեն ինչը, որ ասում ենք լայվի ընթացքում, ասենք բեմից մեր սիրելի հանդիսատեսին»:
Մեզ հետ զրույցի ընթացքում անդրադառնալով վերջերս հայտնիների կողմից կառավարության շենքի դիմաց իրականացված բողոքի ակցիային՝ նա ըդգծում է. «Այնպես չէ, որ ես միշտ եղել եմ հանդիսավար, բայց այդ նույն խնդիրը վերաբերում է նաեւ թատրոններին, թատրոններն էլ չեն գործում, եւ դերասանները մատնված են անգործության այն ժամանակ, երբ դերասանը, շատ խաղալով, կարողանում էր վաստակել գումար, այսօր մնացել է աշխատավարձի հույսին: Ես ոչ մեկին չեմ մեղադրում, կառավարությունը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի վարակը շուտ կանխվի, իսկ մարդը երբ հասկանում է, որ գրպանի գումարը վերջանում է, երբ իր երեխային պետք է պահի, ինքը դուրս է գալիս, բողոքի ակցիաներ է անում»:
Ռաֆայել Երանոսյանի փոխանցմամբ` թատրոններում պետական աշխատավարձը շատ ցածր է, օրինակ` ընդգծում է, որ իր աշխատավարձը Կամերային թատրոնում 63 հազար դրամ է, որով ապրել նա չի կարող:
«Օրինակ` իմ աշխատավարձը 63 հազար դրամ է, գնացի փորձի, տաքսի նստեցի կամ վառելիքի գումար ծախսեցի, ընդմիջում արեցի, այդ գումարը վերջացավ, դրա համար ավելի լավ է՝ ես նստեմ տանը, խոսքը իմ մասին չէ, այլ շատ իմ կոլեգաների, ու դեռ պարզ չէ, թե թատրոնները երբ բաց կլինեն, որպեսզի գոնե մի 300-ից 350 հազար դրամ գումար վաստակենք»,-նշում է նա:
Ըստ նրա` այս պահին Կամերային թատրոնի տնօրինությունը փորձում է ինչ-որ ելքեր գտնել, օնլայն ներկայացումներ անել, որպեսզի դերասանները գոնե ինչ-որ չափով գումար վաստակեն:
Ինչ վերաբերում է նոր նախագծերին, Ռաֆայել Երանոսյանը նշում է.«Այս ընթացքում ընկերներս անում են մի նոր նախագիծ, որը կոչվում է «Լա կասսա, դե պապալ», որը թողարկվելու է մեր «Դեպուտատի շոու»-ի յութուբյան էջով, եւ ես էլ անում եմ մի նոր նախագիծ, բայց դեռ գաղտնիքները շատ չեմ ուզում բացել, ինքը մեդլայթ շոու է լինելու, դեռ քննարկումների, խմորումների գործընթացի մեջ է, երեւի թե շատ շուտով կլինի յութուբում, եւ մարդիկ հնարավորություն կունենան դիտելու այն»:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄԱՆՈ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է դուստրերի հետ շփվելու իր յուրահատուկ մեթոդի, փոքրիկ Յաննայի՝ նոր նախագծում որպես բլոգեր հանդես գալու մասին: Մանո Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշել է, որ այս կարանտինային ամիսներն իր համար ամենեւին ձանձրալի եւ սթրեսային չեն եղել, ինչպես նշում են շատերը, քանի որ նա այդ ժամանակահատվածն օգտագործել է դուստրերի հետ ավելի մտերմանալու եւ նրանց հետ ավելի երկար ժամանակ անցկացնելու վրա:
«Այս կարանտինային պայմաններում Յաննի հետ կապված մի քանի ծրագրեր ստոպ եղան, նոր, բավականին հետաքրքիր նախագիծ ենք ուզում սկսել, քանի որ նա սկսել է ավելի լուրջ զբաղվել բլոգեր դառնալու ուղղությամբ, եւ հույսով եմ՝ շատ շուտով արձագանքները, նորությունները կտեսնեք համացանցում, չնայած որ հիմա իր ինստագրամյան էջի հետ ինչ-որ խնդիրներ են առաջացել, չենք հասկանում՝ գողացել են, թե փակել են էջը, մի խոսքով` հիմա փորձում ենք այդ խնդիրը լուծել, տեսնենք, թե ինչպես կարող ենք էջը հետ վերադարձնել»,- ընդգծում է Մանո Գրիգորյանը:
Դերասանուհու կարծիքով` իր փոքրիկ աղջիկը, ով արդեն բավականին հայտնի է, փոքրիկ Յաննան շատ լավ լեզվի ճկունություն ունի եւ մանկական բլոգի միջոցով կարող է լավ եւ հետաքրքիր միջոցառումներ լուսաբանել:
«Բլոգում ոչ թե իր մասին ինչ-որ պատմություններ պետք է պատմի, քանի որ, կարծում եմ, իր մասին բոլորն արդեն գիտեն, այլ փորձում ենք մտնել ավելի պրոֆեսիոնալ բլոգերի դաշտ, քանի որ, իր տարիքի հետ կապված, դեռ հստակ ուղղվածություն չունի, դեռ չի կողմնորոշվել, թե իրականում ինչն է ավելի իրեն հոգեհարազատ՝ երգարվեստը, թե բլոգեր լինելը, բայց որ արվեստասեր է, դա միանշանակ է, եւ մենք՝ որպես ծնողներ, փորձում ենք նրա համար ազատ դաշտ ստեղծել, որպեսզի նա կարողանա ընտրություն կատարել: Ոչինչ առանց իր ցանկության չի կատարվում, այնպես չէ, որ մենք այս ոլորտի մեջ ենք եւ իրեն պարտադրում են, թե անպայման դու պետք է երգես, նման բան չկա, պարզապես իր բախտը բերել է այնքանով, որ մենք այդ ամեն ինչին լավ տիրապետում ենք, եւ իր մոտ ավելի արագ է ստացվում»,-նշում է նա:
Սակայն խոսելով մեծ դստեր` Էվայի մասին՝ մեր զրուցակիցը միանգամից ընդգծում է, որ նա ուրիշ երեխա է. «Ես նրան միշտ այդպես եմ ասում, նա յուրահատուկ երեխա է իր ներաշխարհով, եւ ես՝ որպես մայր, նկատել եմ, որ իր մեջ ահավոր մեծ ստեղծագործական ոգի կա, նա միշտ իրեն ավելի դժվար է գտնում՝ ի տարբերություն Յաննայի, նա ավելի խորն է, ամեն ինչ ուրիշ հայացքով է տեսնում, կարելի է ասել՝ ռեժիսորի աչքեր ունի, ավելի խորը, ավելի դիտող է, տեսակով փակ է, եւ մենք դեռ իրեն փնտրում ենք»:
«Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում Մանո Գրիգորյանը հատուկ շեշտում է, որ երեխաների դաստիարակության մեջ նա առաջնահերթությունը տալիս է «մարդ» լինելու հանգամանքին, որպեսզի նրանք երբեք իրենց կյանքի ցանկացած պարագայում չմոռանան լավ մարդ մնալ:
«Ես ուզում եմ, որպեսզի նրանք լինեն հասկացող, բարի, օգնող ու պատասխանատու մարդիկ, երբեք չդավաճանեն լավ մարդ լինելու արժեքները»,-հավելում է մեր զրուցակիցը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՑ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ եթե զբաղեցներ «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը, ապա կփորձեր թիմ վերադարձնել բրազիլացի հարձակվող Նեյմարին:
«Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրան գերազանցում է միայն Մեսին: Եթե ես լինեի «Բարսելոնայի» նախագահը, ապա կփորձեի թիմ վերադարձնել նրան: Նեյմարն ամբողջությամբ համապատասխանում է «Բարսելոնայի» խաղային փիլիսոփայությանը: Այնուամենայնիվ, նրա հետ պետք է կնքել 2 պայմանագիր՝ սպորտային եւ անձնական: Անձնական պայմանագրով նա պետք է պատասխանատվություն ստանձնի իր վարքի վերաբերյալ»,-ասել է Ռոսելին:
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականին է ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ: Կատալոնական ակումբը 2019 թվականի ամռանը փորձեց վերադարձնել 28-ամյա հարձակվողին, սակայն չկարողացավ համաձայնության հասնել ՊՍԺ-ի հետ:
ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ հանդիպումից հետո վերսկսել է մարզումներն ակումբի մարզաբազայում: 29-ամյա ֆուտբոլիստը մտավախություն ուներ, որ տնային ինքնամեկուսացումը խախտելու դեպքում կարող է վարակվել կորոնավիրուսով: «Չելսին» մայիսի 19-ից մարզվում է մարզաբազայում: Կանտեն ժամանել էր առաջին մարզմանը, սակայն հետագայում հրաժարվել էր: Անգլիայում մրցաշրջանի վերսկսումը սպասվում է հունիսի 17-ին:
ՄԱՀԱՑԵԼ Է
Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի կինոռեժիսոր Սամվել Գասպարովը: Այս մասին իր սոցկայքի էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը: «Մոսկվայում մահացել է հիանալի կինոռեժիսոր, Միխայիլ Ռոմի աշակերտ, «Վեցերորդը», «Մոռացե՛ք «մահ» բառը», «Հաց, ոսկի, նագան», «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմերի ստեղծող Սամվել Գասպարովը: Սամվել Վլադիմիրովիչին հատուկ չէր պարտվելը, սակայն անիծյալ կորոնավիրուսին նա հաղթել չկարողացավ: Վառ հիշատակ»,-գրել է Սահակովը:
Ռեժիսորի կինը` հայտնի դերասանուհի Նատալյա Վավիլովան, որը «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտել է Ալեքսանդրայի դերը, նույնպես վարակված է կորոնավիրուսով, նրա վիճակի մասին տեղեկություններ գրեթե չկան:
Գասպարովը ծնվել է 1938 թվականի հունիսի 7-ին Թբիլիսիում հայկական ընտանիքում: Կինոյում կարիերան սկսելուց առաջ աշխատել է որպես բեռնատարի վարորդ եւ գրել է պատմվածքներ: