Երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության ժամանակ պատգամավորները նաեւ հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաեւ առանձին վարչություն է ստեղծվելու: Եվ բնական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը եւս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն, պարզվում է, Արթուր Դավթյանը որոշել է իրեն ագրեսիվ պահել մեր լրատվամիջոցի հանդեպ՝ անպատասխան թողնելով հարցերը կամ այլ տոնով պատասխանելով: Մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համակարգում Սերժ Սարգսյանի մնացորդների մասին, մենք պարզապես հետաքրքրվեցինք՝ իրեն զգում է որպես նախկին համակարգի անդամ, թե ոչ, ինչինի պատասխան նետեց. «Հարցը տալուց մտածե՛ք, թե ում եք տալիս, եւ ինչ ձեւով եք տալիս»: Իսկ արդեն վերջում հետաքրքրվեցինք՝ թե արդյոք չի կարծում, որ ապօրինի բռնագանձումը իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինս արձագանքեց. «Դու կսկսես»: Նկատենք, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կատուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար: Իհարկե, դրանից հետո Գլխավոր դատախազությունը փորձել էր հերքել, որ այդ առանձնատունն արժե կես միլիոն դոլար՝ ասելով, որ Դավթյանն իր հայրիկի հետ միասին վերցրել է 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը: Եվ հիմա իսկապես ժամանակն է՝ եթե դատախազը բոլոր տվյալները ճիշտ է ներկայացրել, ապա ուսումնասիրությունները կարող են սկսել հենց իրենից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կզորացրվի: Ինչպես հայտնի է, նա պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել 2018 թվականի հուլիսի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց երկու ամիս անց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանի որդու զորացրումը տեղի կունենա մինչեւ օգտոստոսի 11-ը: ՀՀ վարչապետի որդու՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը հատկապես ուշագրավ էր մշտապես հայտնի հրապարակումների ֆոնին, թե բարձրաստիճան որ պաշտոնյաների որդիներն են այս կամ այնկերպ խուսափել հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց: Եվ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը մեծ շուքով սկսեց նախկին պաշտոնատար անձանց որդիների՝ բանակից ազատվելու գործընթացի քննություն իրականացնել: Ի դեպ, ՊՆ-ում տարածված լուրերի համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի տղան ծառայում է անպիսի զորամասում, որը սահմամամերձ չէ, բավականին «փափուկ տեղ» է համարվում, եւ, ըստ զինվորակաների մեջ տարածված խոսակցությունների, այնտեղ ժամանակին ծառայել են հայտնի հայրիկների փափկասուն որդիները: Ավելին, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի 2 որդիները բանակում չեն ծառայել, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով են վերջինիս երկու որդիներն ազատվել ծառայությունից:
Հայաստանի կրթական համակարգում շարունակում է անմխիթար վիճակ տիրել: Այս պահին «անտեր» են մնացել թվով 6 բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նրանք բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսն էլ՝ անգամ հոգաբարձուների խորհուրդ: Այդ առումով ամենաանմխիթար իրավիճակում Երեւանի պետական համալսարանն է, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում խնդիրը կարգավորել եւ շարունակում է ղեկավարվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից՝ չունենալով նաեւ գիտական խորհուրդ: Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն արդեն երկար ժամանակ է՝ շարունակում է մնալ Գեղամ Գեւորգյանը, ընդ որում՝ մարտի 23-ին պետք է տեղի ունենար մայր բուհի նոր ռեկտորի ընտրություն, որն այդպես էլ չկայացավ՝ պայմանավորված երկրում արտակարգ դրությամբ: Ռեկտորի պաշտոնակատարներով են շարունակում իրենց գործունեությունը նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը (պաշտոնակատար Դավիթ Խիթարյան), Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան): Նույն իրավիճակն է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ռեկտորի պաշտոնակատար է Եղիազար Վարդանյանը: Ռեկտոր չունեցող մյուս երկու բուհերն են Պոլիտեխնիկական համալսարանն ու Տնտեսագիտական համալսարանը: Վերջինիս ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շուրջ աղմուկը չի դադարում:
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի՝ 2019 թվականի վերաբերյալ գործունեության եզրակացությունը ներկայացվել է Ազգային ժողովին: Այն բաղկացած է 82 էջից, որում մանրամասն ներկայացված են կառույցի՝ 2019 թվականի գործունեությունն ու արված աշխատանքները: Ըստ այդմ, այդ տարվա համար նախատեսված 32 հաշվեքննությունից 25-ն ավարտվել է, մեկը՝ կասեցվել, իսկ 6-ը դեռեւս շարունակվում է: Ընդ որում, 20 հաշվետվության արդյունքները հրապարակված են, իսկ, ահա, 4-ը համարվել են պետական գաղտնիք պարունակող եւ վերաբերել են Պաշտպանության նախարարության ոլորտին: Հետաքրքիր է, որ Հաշվեքննիչ պալատը վերլուծել է նաեւ պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականը եւ արձանագրել, որ քաղաքականության միջոցառումներից 18.6 տոկոսի գծով ընդհանրապես ոչ մի ֆինանսական ցուցանիշ սահմանված չի եղել: Եվ ընդգծվում է, որ չնայած այս կառույցի նախորդ տարվա առաջարկությանը՝ բարելավել վիճակը եւ սահմանել ոչ ֆինանսական ցուցանիշներ, սակայն իրավիճակն այդ առումով չի բարելավվել, այլ, հակառակը, վատթարացել է 1.2 տոկոսով: Եվ նշվում է, որ քաղաքականության միջոցառումներից 64.8 տոկոսի գծով սահմանված է եղել միայն մեկ տեսակի ոչ ֆինանսական ցուցանիշ: Սակայն, ընդհանուր առմամբ, բյուջեի կատարողականի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատը դրական եզրակացություն է տվել: