ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ: Նա Կապանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո մեկնել էր այնտեղ, ինչը նաեւ դժգոհություններ էր առաջացրել սիսիանցիների շրջանում: Նման հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ՝ հաշվի առնելով այն տեղեկությունները, թե կրկին բողոքի ակցիաներ կարող են լինել:

 

Հիշեցնենք, որ Կապանի ծեծկռտուքի գործով երեք մեղադրյալ կալանավորվել է: Եւ նշել էինք, որ այս անձանց կալանավորելու որոշումները մեծ դժգոհություն են առաջացրել քաջարանցիների շրջանում: Նրանք նույնիսկ բարձրաձայնում են, որ, եթե այդ անձանց խափանման միջոց կալանավորումը չփոխեն, իրենք կրկին բողոքի ակցիաներ կիրականացնեն:

-Պարո՛ն Համբարձումյան, օրեր առաջ Կապանի ոստիկանության դիմաց բավականին լուրջ իրավիճակ ունեցանք: Քաջարանի երիտասարդները վիճաբանություն էին ունեցել, մարդիկ ոստիկանության դիմաց հավաքվել եւ պնդում էին ազատ արձակել իրենց հարազատներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Քաջարանում առաջիկա օրերին գուցե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, քանի որ այդ գործով երկու անձանց ազատ էին արձակել, ապա կալանավորել: Քաջարանում նոր բունտ է հասունանում: Ի՞նչ կասեք այս մասին, տեղեկություններ ունե՞ք, թե՞ ոչ: Պատրաստվո՞ւմ եք գնալ Սյունիքի մարզ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում կամ, գուցե, հանդարտեցնելու մարդկանց:

-Ես չեմ կարծում, որ նման միջադեպ այլեւս կհասուսանա թե՛ Կապանում, թե՛ Քաջարանում: Բայց հասունանալու դեպքում ես միշտ եմ պատրաստ լինելու մեր սյունեցիների կողքին լինելու: Իհարկե կգնամ, բայց այս պահին դրա անհրաժեշտությունը, կարծում եմ, չի լինի: Ամեն ինչ նորմալ է, հանգիստ է: Մի բան եմ ուզում ասել եւ մի քանի անգամ շեշտել եմ իմ խոսքում.  մեր քաղաքացիների մի մասին ձերբակալում են, մի մասին բաց են թողնում: Մենք չենք կարող ամեն օր գնալ ոստիկանության դիմաց, բողոքենք օրենքի դեմ: Օրենքը կորոշի, թե որտեղ պետք է հարցաքննություն լինի, ինչ հանցագործություն է կատարել, արդյոք նա պետք է կալանավորվի, թե ոչ: Ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում:

-Պաշտպանական կողմի պնդմամբ՝ տղաներին ոչ օբյեկտիվ, ոչ հիմնավոր ապացույցների արդյունքում են կալանավորել: Մարդիկ այս արդարության կոչով են գնում իրավապահների մոտ: Ձեզ քվե տված քաղաքացիների կողքին լինելու համար Դուք ինքներդ՝ որպես պատգամավոր, հետաքրքրվե՞լ եք՝ եղել է միջադեպ, թե ոչ:

-Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, հիմա էդ մասով իմ ասելիքը չեմ ասի, քանի որ միգուցե ես խանգարեմ գործի հետագա քննությանը:

-Բայց հետաքրքրվե՞լ եք:

-Այո,  ես ամեն ինչից տեղյակ եմ: Ունեմ իմ կարծիքը, ես հանդիպել եմ ե՛ւ քաջարանցիներին, ե՛ւ կապանցիներին,  ե՛ւ ոստիկանապետին:

-Իսկ քաղաքապետին հանդիպե՞լ եք

-Ոչ, քաղաքապետին չեմ հանդիպել:

-Ինչո՞ւ, չէ՞ որ քաղաքապետն էլ այս գործով բավականին ակտիվ է:

-Դե, դրա անհրաժեշտությունը չեմ տեսել: Բայց եթե անհրաժեշտ լինի, ես ոչ մի խնդիր մեր մարզում, մեր համայնքների ղեկավարների հետ չունեմ: Հարկ եղած դեպքում,  այո, համայնքի ղեկավարին էլ կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք լուծում տալիս  ստեղծված  իրավիճակին: Բայց քանի որ այս պահին ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդրահարույց բան չկա, հիմա ոչինչ ասել չեմ կարող:

-Կարծիք կա, որ Քաջարանի քաղաքապետը չի ենթարկվում մարզպետարանին, ըստ էության, տղաներին բռնելու գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի: Կա՞ նման խնդիր, թեկուզ հետագայում Դուք խոսեք քաղաքապետի հետ՝ հասկանալու համար՝ ինչո չի ենթարկվում, օրենքին չի հետեւում, որի արդյունքում ստեղծվել է նման լարվածություն:

-Ես չեմ կարծում, որ սյունեցին՝ լինի քաղաքապետ, պատգամավոր, թե աշխատող, չհարգի պետականությունը: Դա միանշանակ բացառում եմ: Սյունեցին պետականամետ է եւ հագում է իր պետությունը, դրոշը, զինանաշանը: Այնտեղ ոչ մի քաղաքական խնդիր չի եղել: Եվ ես հիմա չեմ ուզում ավելի խորքային հարցերի մեջ, քանի որ այս պահի դրությամբ քննություն է  տեղի ունենում, որպեսզի չխոչընդոտենք այս ամենին: Տեսնենք՝ քննությունն ինչ ցույց կտա, ըստ այդմ, եթե կարիք լինի, որ  ես հասկանամ, որ քննությունը ճիշտ չի գնացել, ես միանշանակ կարձագանքեմ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԵՂԱՐԿՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող  նախագիծը: Ստացվեց կողմ՝ 83, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 0 ձայներ, եւ որոշումն ընդունվեց:

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաեւ կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանում է:

Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը որակեց հակասահմանադրական։ Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը՝ հորդորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հետեւել իրենց օրինակին։

«Մենք գտնում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է եւ խնդրահարույց, եւ չենք մասնակցելու քվեարկությանը, որ մեր ձայներով չապահովենք այն անցնելը: Նաեւ մեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերներին կոչ կանեի չմասնակցել քվեարկությանը, որովհետեւ իրենք նույնպես դեմ են արտահայտվել», – նշեց Մարուքյանը:

ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց, վերադարձավ ու դեմ քվեարկեց օրինագծին։ «Նույն հաջողությամբ խորհրդարանը կարող էր հունիս ամիսը չեղարկելու մասին օրինագիծ ընդունել»,- պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արձագանքն էր քվեարկությանը։

Փոփոխություններին օրենքի ուժ տալուց հետո նոր միայն Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդես գալ ապրիլի 5-ին նշանակված եւ արտակարգ դրության պատճառով հետաձգված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախաձեռնությամբ: Իշխանության մի քանի ներկայացուցիչներ արդեն հրապարակային խոսել են այն մասին, որ ցանկանում են ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցը ԱԺ լիազորությունների շրջանակում լուծել, եւ այդ մասով արդարադատության նախարարը խորհրդատվության համար արդեն դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ

Երեկ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը. այն բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է եւ շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները: Հիշեցնենք, որ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ էր հանձնել, քանի որ մի քանի օր առաջ շփվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդություն:

 

 

ԼՈՒԾՎԱԾ ՉԷ

Երեկ՝ երեխաների պաշտպանության օրը, 13-ամյա Նազելին, որն անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, երկարատեւ բուժումից հետո լիարժեք ապաքինվել է եւ  պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից: Իսկ թե հիվանդանոցից դուրս գրվելուց հետ ինչ ճակատագիր է սպասվում 13 ամյա աղջնակին, դեռեւս անհայտ է: ArmLur.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը հայտնել է, որ Նազենին շարունակելու է մնալ հիվանդանոցում, քանի որ դեռեւս լուծված չէ նրա խնամակալության հարցը, իսկ բուժման մասով նա հիվանդանոցից դուրս է գրվել: Ինչպես հայտնում է մեր զրուցակիցը, Նազենին տրամադրություն չունի. «Ասում է՝ չեմ ուզում գնալ հիվանդանոցից, անգամ արտասվել է, բայց վստահ ենք, որ հիվանդանոցի պատերից դուրս նրան սպասվում է նոր ու ավելի ապահով կյանք»,-ասել է հիվանդանոցի խոսնակը:

 

 

ՏՆԱԿԱՆ ՕՂԻՈՎ

Տավուշի մարզի Իջեւան քաղաքում տաքսիների վարորդների համար դժվար օրեր են. գործ չկա: Ձեռնոց, ալկոգել, դիմակ ունեն, բայց ուղեւոր՝ ոչ: Վերլուծում են՝ ամեն ինչ կախված է ժողովրդի սոցիալական վիճակից, ու արձանագրում, որ այն 400 դրամը, որը պետք է վճարեն տաքսու վարորդին, հաց են գնում: Նրանցից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ մեկ օրվա ընթացքում աշխատել է ընդամենը 1200 դրամ: Բայց չնայած սրան՝ ավտոմեքենան ախտահանում են ժավելի սպիրտով օրական մի քանի անգամ, իսկ տնական օղին էլ օգտագործում են հաճախակի, բայց գործից դուրս:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում Հայաստանի գազալցակայաններում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը: Նրա խոսքով՝ տեսուչներն այժմ Գյումրիում են: Պարզվում է, որ գազալցակայաններում արձանագրված խախտումները հիմնականում ճնշման հետ են կապված: Մյուս կողմից, վարորդները չեն դադարում դժգոհել՝ մեքենաները բնական սեղմված գազով լիցքավորելիս սովորականից ավելի են վճարում, բայց տեսչական մարմինն այլ բացատրություն ունի:

 




Լրահոս