ՀԾԿՀ-Ն ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում բնական գազի սակագների վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը առաջարկներ է ներկայացրել: Հունիսի 4-ին նախատեսվում է անցկացնել հանրային քննարկում, որի ժամանակ քննարկվել է բնական գազի սակագների վերանայման հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից 01.04.2020թ. հանձնաժողով է ներկայացվել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման եւ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր, որոնք ուսումնասիրվել են հանձնաժողովի աշխատակազմի կողմից։

 

Եվ, ահա,  հունիսի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց եւ ընկերության ներկայացուցիչների հետ։

Շենք, որ սահմանին գազը թանկացել էր 2019-ի հունվարի 1-ից, երբ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը. այդ տարիների ընթացքում հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար վճարում էր 150 դոլար։ 2019-ին սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները շատ էին, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները թանկացումը չեն զգա. սակագինը սպառողների համար կմնա նույնը: Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար հազար խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակչությանը վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ հազար խմ համար։ «Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել էր բնակչության վաճառվող գազի գինը 139 հազար դրամից դարձնել 135 909 դրամ։ ՀԾԿՀ-ն նաեւ առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի սպառման համար նախատեսված սակագինը` 100 հազար դրամ հազար խմ դիմաց։ «Գազպրոմ Արմենիայի» հայտով առաջարկվում է բոլոր սպառողների, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար սակագինը դարձնել նույնը՝ 135 909 դրամ։Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը ՀԾԿՀ-ն առաջարկում է 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե 283.1 դոլար, ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիան»։ ՀԾԿՀ-ի հաշվարկներով՝ ամսական մինչեւ 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը եւս պետք է մնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիայի» առաջարկել այդ խմբի համար սակագինը դարձնել 135 909 հազար դրամ, իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հանձնաժողովը առաջարկում է սահմանել 255 դոլար՝ «Գազպրոմ Արմենիայի» հայտով առաջարկվող 283.14 դոլարի փոխարեն։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ, իսկ ՀԾԿՀ առաջարկով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կկազմի 266.71 դոլար/հազ. խմ։ Նշենք, որ գործող սակագների հաշվարկի համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։ Եվ այդ պարագայում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի առաջարկվող սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կազմում է 11%, իսկ ՀԾԿՀ առաջարկներով աճը կկազմի 4.5 տոկոս։

Ն.Պ.

 

 

ՄԻԱԲԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո: Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգեւոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

 

 

ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է

Երեկ ԱԺ նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա անդրադարձել է  Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում արվող հայտարարություններին: «Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ էության, խոսոտովանել է, որ 2016թ. Ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից: Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016թ., այնպես էլ ցանկացած այլ պահի Ադրբեջանի սանձազարծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք ու ուժգին»,- ասել է նա: Մակունցը նշել է, որ մեր կարեւոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Մինսկի խմբի ձեւաչափով ընդունված երեք կարեւոր սկզբուքններից մեկը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքը:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

Նախօրեին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ: Դեսպանը նշել է, որ 2020թ. ավարտվում է 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը հնարավորություն կտա լիարժեքորեն օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի կարողությունները՝ մի քանի անգամ մեծացնելով Հայաստան ներմուծվող գազի եւ Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները: Ա. Թումանյանն ընդգծել է գազ-էլեկտրաէներգիա փոխանակման կարեւորագույն ծրագրի առնչությամբ նոր պայմանագրի հրատապ ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հայկական կողմի համապատասխան առաջարկություններն ամիսներ առաջ ներկայացվել են ԻԻՀ նավթի նախարարություն:

 

 

ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Սիրիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ 2020թ. հունիսի 1-ից դեսպանության հյուպատոսական բաժինը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը՝ բացառությամբ քաղաքացիության գործերի (դիվանագիտական փոստ ուղարկելու անհնարինության պատճառով): Մուտքը հյուպատոսական բաժին միայն նախնական ժամադրությամբ:

 

 

ՓՈՍՏԱՅԻՆ

Հունիսի 1-ին Ազգային ժողովը երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Քվեարկության ժամանակ 114 պատգամավորներ միաձայն աջակցել են այս օրենսդրական նախաձեռնությունը: Այսպիսով, Հայաստանում քաղաքացիներին թույլ կտան դեղամիջոցներ ստանալ փոստային փոխանցումներով:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից եւ վերադարձել աշխատանքի: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, թե Բաթոյանը վերադարձել է բնականոն աշխատանքի, սակայն կրկնակի թեստ չի հանձնել: Հիշեցնենք, որ նախարարն ինքնամեկուսացել էր մայիսի 21-ին եւ թեստ հանձնել, որի պատասխանը սակայն բացասական է եղել: Ինքնամեկուսանալու հիմք էր հանդիսացել նախարարությունում առկա դեպքերը:

 

 

ՉԵՆ ԹԵՍՏԱՎՈՐԻ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ վարակվել է կորոնավիրուս հիվանդությամբ: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնեց, որ կառավարության անդամների համատարած թեստավորում չի իրականացվելու: «Որպես այդպիսին, կառավարության անդամեների համատարած թեստավորում չի իրականացվի, քանի որ թեստավորումն իրականացվում է բժշկական ցուցումով, իսկ կառավարության աշխատակիցների շփումը վարչապետի հետ եղել է անվտանգ, այդ թվում՝ դիմակների, սոցիալական հեռավորությունը պահպանելով: Նրանք, ովքեր  չունեն ախտանիշներ, շփում կամ շփվելիս պահել են անվտանգության կանոնները, չեն մեկուսացվի, քանի որ դրա անհարաժեշտությունը չկա»,-նշեց նա: Մանե Գեւորգյանի խոսքով՝ նա երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: «Հնարավոր է՝ երկու կամ երեք օրից, անվտանգությունից ելնելով, ես էլ թեստ հանձնեմ: Այս պահին վարչապետը մեկուսացված է, եւ նրա մոտ վիրուսն անսիմպտոմ է ընթանում»,-հավելել է նա:

 

 

ՉԻ ՇՓՎԵԼ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ղեկավարած հիմնադրամի աշխատակիցների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում  հայտնեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Նա հայտնեց, որ Աննա Հակոբյան աշխատավայրի սենյակում մենակ էր նստում: «Աշխատավայրի սենյակում մենակ է նստում, անմիջական շփում չի ունեցել ոչ մեկի մոտ, եղել է դիմակով եւ ձեռնոցով: Կենդանաբանական այգի գնալուց էլ պահպանել է սոցիալական հեռավարություն, եղել է դիմակով եւ ձեռնոցով»,- հայտնեց նա: Խոսնակը նաեւ հավելեց, որ այս պահի դրությամբ Աննա Հակոբյանի շփման շրջանակում մեկուսացածներ չկան, նրա վիճակը լավ է:

 

 

 




Լրահոս