«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աժ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ իրեն հեծանիվով չեն փորձել վրաերթի ենթարկել:
-Պարո՛ն Բաղդասարյան, ունենք բավականին ուշագրավ իրավիճակ Ձեր հետ տեղի ունեցածի մասով: Հաղորդում էիք ներկայացրել իրավապահներին, որ Արթուր Ալեքսանյանը հեծանիվով վրաերթի էր ենթարկել, Ձեր հասցեին վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել: Գործով հարուցվել էր քրեական գործ, եւ վերջերս ՀՀ վերաքննիչ դատարանը Ա. Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Ի՞նչ իրավիճակ ունենք, ի՞նչ է կատարվում, քանի որ Դուք առերեսվել եք նրա հետ: Արդյոք բողոքարկվելո՞ւ է վերջինիս խափանման միջոցի հարցը:
-Արթուր Ալեքսանյանը ճիշտ է ասում, որ չի փորձել ինձ վրաերթի ենթարկել: Այն, որ նա փորձել է ինձ վրաերթի ենթարկել, չի համապատասխանում իրականությանը: Վրաերթի ենթարկելը բոլորովին այլ հոդված է, որի համար, եթե պատճառվում է մարմնական վնասվածք, արարքը որակվում է համապատասխան հոդվածով: Խոսքը վերաբերել է իմ պատգամավորական գործունեության հետ կապված այդ օրվա քվեարկությանը: Նա իր արարքը սկսել է մեկ օր առաջ, այսինքն՝ չէր կարող կիրակի օրը արարքը սկսած լինել վրաերթով, քանի որ կիրակի օրը ես չեմ էլ գտնվել ԱԺ շենքում:
-Փորձենք հիմա հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել:
-Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Որպես փաստաբան՝ ինձ համար կարեւոր է առաջնահերթ պաշտպանել մարդու իրավունքները: Կողմնակի չեմ խոչընդոտելու նախաքննությանը, կողմնակից չեմ հնչեցնել փաստերը, որը կարող է ի վնաս մեղադրյալի մեկնաբանվել: Ես ընդհամենը փորձում եմ արձանագրել այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներում ներկայացված այն փաստը, որ ինձ հեծանիվով վրաերթի ենթարկելու լուրը չի համապատասխանում իմ պաշտոնի հետ կապված ինձ սպառնալիքներ հնչեցնելուն:
-Նա ասում է, որ նման բան չի եղել: Դուք ի՞նչ կասեք: Ի վերջո, առերեսում եղել է, հակասություններ եղե՞լ են:
-Փաստերը, որի մասին մենք խոսել ենք, խոսել ենք գրավոր ապացույցների մասին, այլ ոչ թե բանավոր խոսքերի մասին: Եթե անգամ ընդունենք, որ իրականում սպառնալիք է հնչեցնել «Իմ քայլը» խմբակցության ցանկացած պատգամավորի նկատմամբ, այդ սպառնալիքը իրական դարձնելու համար կատարվել է որոշակի քայլեր հանցավորի կողմից, սակայն իրենք ներկայացնում են, որ տվյալ հոդվածը վերեբերելի չէ պատգամավորին, ինչը պայմանավորված է բացառապես մեկ տերմինով՝ պատգամավորն իր գործունեության մեջ կարգադրիչ գործառույթ չունի: Ըստ նախաքննական մարմնի՝ պատգամավորը, որը, ընդունում է օրենք, եւ այդ օրենքը պարտադիր է հասարակության ներկայացուցիչների համար եւ պարտադիր կարգադրիչ բնույթ ունի, սակայն մյուս կողմը մեկնաբանում է, որ դա կոլեգիալ մարմնի կողմից է ընդունված: Ես այս պահին չեմ ցանկանում որեւէ նկատառումներ ներկայացնել: Նախ կսպասեմ նախաքննության ավարտին: Չեմ ուզում կենտրոնանալ այդ խնդրի վրա, որ իրականում դիսպոզիցիայի մեջ ներառված է պատգամավորի գործունեությունը, թե ոչ: Ես կնախընտրեմ, որպեսզի օրենսդրորեն դա կարգավորվի: Մենք ունեցել ենք առերես հարցաքննություն, որի ժամանակ Արթուր Ալեքսանյանի մոտ կասկած կար, որ մեր մեջ եղել են որոշակ խնդիրներ՝ կոնվենցիայի վավերացման հետ կապված: Իրեն թվում է, որ ես դիտավորյալ հայտարարություն եմ տվել՝ պայմանավորված իր անձի հետ: Ես ներկայացրել եմ անժխտելի փաստեր, որ այդ պահին ես չեմ իմացել՝ այդ անհայտ անձը ով է, որ փողոցում ինձ հնչեցրել է սպառնալիքներ: Քննության ընթացքում է պարզվել է, որ դա Արթուր Ալեքսանյանն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ԶԱՆԳՎԱԾՆԵՐ
2020թ. մայիսի 28-ին ՀՀ Ան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Ա. Պ.-ին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որի մուտքի պատուհանի անկյունում նկատել են կասկածելի փաթեթ եւ անմիջապես հաղորդում ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին: Դատապարտյալ Ա. Պ.-ն, զգալով բացահայտվելու վտանգը, ձեռնպահ է մնացել իր համար նախատեսված թմրամիջոցները վերցնելուց: Ավելի, քաղաքացիներ Վ. Մ.-ն, Կ. Դ.-ն եւ Տ. Գ.-ն, պարզելով, որ վերոնշյալ դատապարտյալը իրենց կողմից նախապես դրված փաթեթը չի ստացել պայմանավորված վայրից, այն հետ են վերցրել, սակայն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայի հետ միասին հիշյալ քաղաքացիներին բերման են ենթարկել: Հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.78 գրամ քաշով, սպիտակ, փոշենման եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1.90 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգվածներ: ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հիմնարկի տարածքում՝ խոտածածկի մեջ նկատել են ներնետված կասկածելի առարկա: Հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցում եղել են ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 19.22 եւ 7.92 գրամ քաշերով շագանակագույն, մածուցիկ ու փոշենման, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ:
ԽՄԲԱԿԱՅԻՆ
Երեւանում նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կողմի եւ աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Քանաքեռ-Զեյթուն բկ-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ եւ «որովայնի ձախակողմյան առաջակողմնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դեռեւս անձը չպարզված 2 քաղաքացիներ: «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից դարձյալ ահազանգ է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ Մամիկոնյանց փողոցի 29/2 շենքի մոտ վիճաբանության ժամանակ, Ալիկ եւ Է. Ա-երը, Ռոբերտ Ս-ն եւ վերջինիս տղան՝ 32-ամյա Արսեն Ս-ն փոխադարձ հարվածներ են հասցրել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ալիկ Ա-ի որովայնին եւ աջ ազդրին:
Արսեն Ս-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ քննիչ Ղազարյանի որոշմամբ, որպես կասկածյալ, ձերբակալվել է:
ԿԱՅՈՒՆ ԾԱՆՐ Է
Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Հիշեցնենք, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետեւ շտապ տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ, որտեղ երկրորդ անգամ վիրահատվել է, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն: Նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների եւ մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված է եղել երեխայի պարանոցը: Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
2020թ. մայիսի 27-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչեւ 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում համագյուղացիների եւ Վահրամաբերդ գյուղի երիտասարդների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոները խախտելու հետ կապված, թիմերի միջեւ առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առիթով նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը եւ խաղադաշտ ժամանած 21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:
Զրույցի ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա երիտասարդի գլխի տարբեր հատվածներին, այնուհետեւ գցել է գետնին, կռացել վերջինիս վրա եւ դարձյալ շարունակել է հարվածներ հասցնել նրա գլխին: Դրանից հետո խաղադաշտ ժամանած համագյուղացին օգնության է հասել՝ վերջինիս «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության տեղափոխելու, սակայն 21-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է: