ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ Ի. ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ, տարածաշրջանային քաղաքականության գծով մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանի հետ:

 

-Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը օրեր առաջ հայտարարել է, որ ուժի գործոնն առաջին պլան է մղվում՝ արցախյան հակամարտության թեմայով ըստ էության խոսելով Արցախում խաղաղ եւ երջանիկ ապրող մարդկանց անվտանգությունը փուլ առ փուռ վտանգելու մասին։ Ի՞նչ եք կարծում, այս փուլում ինչո՞վ է պայմանավորված նման հայտարարությունը պետության ղեկավարի մակարդակով:

-Առհասարակ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության նման հայտարարություններն իրականում պարտվողի հոգեբանության շարունակական յուրացման եւ Արցախյան հարցում հաջողության հասնելու անկարողությունը հավակնոտ հայտարարություններով քողարկելու հերթական դրսեւորում են։

-Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիք ունեք, ի՞նչ պատճառահետեւանքային կապեր կարող եք նշել։ 

-Ադրբեջանը ներկայում շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ Ի թիվս էթնիկական խնդիրների, Ադրբեջանում բնակվող մարդկանց, զանգվածային լրատվամիջոցների իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումների, որոնք, ըստ էության, մեծացնում են լարվածությունը երկրում, ընդամենը մի քանի օր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից հրապարակվեց «Մակուչյանը եւ Մինասյանը՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճիռը, որն առնչվում է Ադրբեջանի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժան սպանության ենթարկած Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանը եւ հերոսացմանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 14-րդ (խտրականության բացառում) հոդվածներով նախատեսված պարտավորությունները: Այդ հոդվածների խախտումը կրել է փոխկապակցված բնույթ, ինչն արձանագրում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության հողի վրա իրականացված դաժան հանցագործության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը կատարվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Բացի այդ, Ադրբեջանում իրավիճակը բարդանում է նաեւ այլ խնդիրների ազդեցությամբ։ Նավթի համաշխարհային գնանկումներն ու դրանց հետեւանքները նույնպես որոշակի ազդեցություն են ունենում Ադրբեջանում սոցիալ-տնտեսական խնդիրների առաջացմանն ու իրավիճակի վատթարացմանը։ Չմոռանանք նաեւ, որ այս օրերին տեղի է ունեցել ԱՀ նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ բարձրաստիճան պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

-Ինչպե՞ս եք պատկերացնում իրադարձությունների հետագա զարգացումը ՄԻԵԴ-ի նշված վճռի մասով։

-Իրավական առումով զարգացումները սահմանվում են համապատասխան ընթացակարգերով։ Ինչպես գիտեք, ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են իրականացնել ՄԻԵԴ վճիռները, իսկ համաձայն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի՝ Դատարանի վճիռը պետք է փոխանցվի Նախարարների կոմիտե, որն էլ պետք է վերահսկի դրա կիրարկումը։ Այս առումով պետք է հետեւողականորեն առաջ տանենք մեր շահերը եւ հասնենք նախ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու վերաբերյալ Ի. Ալիեւի որոշման չեղարկմանը, այնուհետեւ նաեւ իր արարքի համար Ռամիլ Սաֆարովին  համապատասխան պատասխանատվության ենթարկելուն։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական մակարդակով գործողությունների իրականացմանը, արդեն իսկ ունենք ՄԻԵԴ-ի իրավական վճիռ, որն, ըստ էության, ցույց է տալիս, որ Ադրբեջանի պետության ղեկավարի մակարդակով խրախուսվում է հայատյացությունը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այդքան կարեւոր դրույթների խախտումը ոչ թե պատժվում է, այլ հերոսացվում։ Հետեւաբար կարծում եմ, որ ՄԻԵԴ այս վճռի բովանդակությունը Հայաստանն ամենաբարձր մակարդակով պետք է օգտագործի  միջազգային հանրության հետ շփումների, միջազգային կազմակերպությունների համապատասխան վեհաժողովների, խորհրդաժողովների, նստաշրջանների ժամանակ։ Այն, ըստ էության, շատ կարեւոր նշանակություն պետք է ունենա Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների ժամանակ, եւ կարգավորման տարբերակների քննարկման ժամանակ Հայաստանը պետք է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում հղում կատարի ՄԻԵԴ համապատասխան վճռին՝ շեշտադրելով Ադրբեջանի նախագահի կողմից կոնվենցիայի դրույթների կոպիտ ոտնահարում թույլ տված անձին հերոսացնելու եւ այդկերպ նաեւ այն ընդունելի, խրախուսելի եւ գնահատելի համարելու իրողությունը, եւ այդկերպ փորձի է՛լ ավելի ամրապնդել հայաստանյան դիրքերը բանակցային սեղանի շուրջ։

-Նշեցիք նաեւ, որ նավթի գնանկումները նույնպես իրենց բացասական ազդեցությունն են ունենում։ Կարո՞ղ եք նաեւ մանրամասնել եւ հստակեցնել՝ նավթի գնանկման գործոնն ինչպես է ազդում Ադրբեջանում հանրային օրակարգի ձեւավորման վրա։  

-Ադրբեջանում տնտեսությունը բազմազանեցված չէ։ Եվ հատկապես նավթի համաշխարհային գնանկման պայմաններում պետությունը մեծ դժվարությունների է հանդիպում։ Չէ՞ որ նավթն ու գազը Ադրբեջանի ընդհանուր արտահանման եկամուտների շուրջ 95%-ը եւ կառավարության եկամուտների 75%-ն են ապահովում։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի նավթի՝ $53/բարել գնի առկայությունը՝ բյուջեի հավասարակշռման հարցը կարգավորելու համար։ Նախկինում արված կանխատեսումների համաձայն՝ 2020թ. Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտների շուրջ 56%-ը առաջանալու էր նավթագազային սեկտորից, որից 6.8 միլիարդ դոլարը՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տրանսֆերներից։ Հետեւաբար 2020թ. պետական բյուջեի մոտ 47%-ը կազմված է Պետական նավթային հիմնադրամի տրանսֆերներից։ Պետբյուջեի այլ աղբյուրներ են համարվում Պետական նավթային ընկերության վճարները (10.7%), Ադրբեջանի նավթագազային հատվածում աշխատող ընկերությունների հետ կնքված պայմանագրերից ստացվող եկամտահարկը։ Ադրբեջանի 2020թ. պետական բյուջեն հաշվարկվել է՝ հաշվի առնելով, որ նավթի գինը $55/բարել է։ Բայց, ի տարբերություն 2019թ.-ի, 2020թ.-ին նավթի գնանկումները Ադրբեջանին ցավալի հեռանկարներ են խոստանում։ Օրինակ՝ 2020թ. մարտի 18-ին WTI տեսակի հում նավթի գինը իջել էր ընդհուպ մինչեւ $20/բարել: Արդեն իսկ համապատասխան պետական գերատեսչության ներկայացրած ցուցանիշների հիման վրա կատարված հաշվարկներից տեղեկություններ են շրջանառվում, որ 2020թ. հունվար-ապրիլ հատվածում Ադրբեջանի կողմից արտահանված նավթամթերքների արժեքը նվազել է շուրջ 40%-ով՝ 2019թ. համապատասխան ժամանակահատվածի հետ համեմատած։ Ուսումնասիրությունները վկայում են, որ Ադրբեջանի պետբյուջեում այդքան մեծ ներգրավվածություն ունեցող Պետական նավթային հիմնադրամը ամենաշատն է տուժելու նավթի գնանկումներից, եւ որ ընդհանուր եկամուտները նախատեսվածից մոտ 30% ավելի քիչ են լինելու։ Ինչ վերաբերում է Պետական նավթային ընկերության կողմից բյուջե վճարվող գումարներին, նավթի գնանկումները կհանգեցնեն նաեւ եկամտահարկի զգալի կրճատման։ Նավթի գնանկման եւ դրա շոշափելի ազդեցությամբ ի հայտ եկող սոցիալ-տնտեսական խնդիրների պայմաններում Ադրբեջանն իրականում արհեստական օրակարգ է հրամցնում հասարակությանը՝ մարդկանց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով Արցախյան հակամարտության հարցը, սրելով իրավիճակը առաջնագծում՝ հնարավորինս երկարաձգելով իշխող կլանի իշխանության տապալումը։

-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Ադրբեջանի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես գալիս Արցախում նոր իշխանության ձեւավորման փուլում, եւ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։    

-Իհարկե տարբեր պատճառներ կարող են լինել, այդ թվում նաեւ այն, որ Ալիեւը հրապարակայնորեն փորձում է հստակեցնել նորընտիր իշխանության տրամադրությունները Արցախյան հարցում։ Ինչպես գիտեք, Արցախի Հանրապեության նախագահ Արայիկ Հարությունյանը փուլային տարբերակով հարցի լուծման մասով նշել է, որ փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»։

Իրականում մենք բավականին բարդ տարածաշրջանում ենք ապրում, որտեղ խաչաձեւվում են տարածաշարջանային եւ արտատարածաշրջանային ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը։ Եվ տարածաշրջանային զարգացումները, կարծում եմ, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ադրբեջանում առկա լարված իրավիճակի պայմաններում չի բացառվում, որ այն կշարունակի ապակայունացնել իրավիճակը առաջնագծում: Նշյալ իրավիճակում Հայաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային կայունության ապահովման առանցքային դերակատար, որը, հիմնվելով «ոչ միջուկային զսպման» մոտեցման տրամաբանության վրա, ունի տարածաշրջանում հարաբերական կայունության պահպանմանը զգալի ներգործության ներուժ, որի իրացումը կարող է հանգեցնել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային կայունություն պահպանող դերակատարի դերի արժեւորման:

Ն. Հ.

 

 

ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Նոյեմբերյանի հիվանդանոցի 5 բժիշկներ հիվանդացել են կորոնավիրուսով: Այդ լուրը հաստատեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը: Նա ասաց, որ հիվանդ բժիշկներից 4-ին բուժման նպատակով տեղափոխվել են Երեւան: Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով՝ բժիշկները վարակվել   են ոչ թե  կորոնավիրուսով հիվանդներից, այլ ուրիշ անձանցից: Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը հայտնեց, որ  Աչաջրում վերջերս  մահվան  տարելիցի արարողություն է եղել, որից հետո սգակիր տան հարսը, ով մոտ 50 տարեկան է, հիվանդացել է կորոնավիրուսով: «Տավուշ տեքստիլ» գործարանի Բերդի արտադրամասի 80 աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Դեպքը գրանցվել է ձեռնոցների արտադրամասում, եւ այն շարունակում է փակ մնալ: «Տավուշ տեքստիլի» միայն ձեռնոցների արտադրամասում են վարակի դեպքեր գրանցվել, որը չի աշխատում, իսկ դիմակների արտադրամասը շարունակում է գործունեությունը:

 

 

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇԸ» ՀԱՄԱՅՆՔԻՑ  ՎԵՐՑՆՈՒՄ Է

Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները դժգոհ են , որ իրենց գյուղի հեռագնա սար Չիբուլլուի եւ Չալտաշի  խոտհարքներն ու արոտավայրերը վարձակալությամբ տրվել են Իջեւանի տարածաշրջանի Ներքին Ծաղկավան համայնքին, որն էլ իր հերթին վարձակալությամբ տրամադրել է անասնապահությամբ եւ պանրի արտադրությամբ զբաղվող  «ՀիմնաՏավուշ»  զարգացման հիմնադրամին: Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ «ՀիմնաՏավուշը»  վերջերս փորձել է այդ տարածքները ցանկապատել:  Ոսկեպարի վարչական ղելավարն ասաց, որ տարիներ շարունակ  այդ տարածքները հանդիսացել են Ոսկեպարի հեռագնա սարը, դրա համար նաեւ պետական մուծումներ են կատարվել: Նա ասաց, որ իրենք պաշտպանելու են Ոսկեպար գյուղի բնակիչների շահերը՝ օգտվելու իրենց պապերի օգտագործած տարածքներից: Տավուշի մարզպետարանի հողօգտագործման եւ հողաշինության բաժնի վարիչ Արծրուն Նազարյանը հայտնեց, որ 2010 թվականին կատարվել են համայնքների վարչատարածքային սահմանների փոփոխություններ, ճշգրտումներ: Ա. Նազարյանը նաեւ հարց տվեց՝ նախկինում  Ոսկեպարի բնակիչներն իրենց օգտագործած սարերի, պետական տարածքների համար համապատասխան մուծումներ  կատարե՞լ են: Նա ասաց, որ նույն այդ ժամանակ՝ 2010 թվականին, Իջեւան քաղաքի եւ Այգեհովիտ գյուղի կողմից օգտագործվող հողատարածքներ տրվել են Հաղարծին համայնքին, 2016 թվականին՝ համայնքների խոշորացումից հետո, դրանք հայտնվել են խոշորացված Դիլիջան համայնքի տնօրինության ներքո:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս