ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԶԱՎԵՇՏԱԼԻ ԴՐՎԱԳՆԵՐ՝ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը հունիսի 1-ի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ զրուցել է հայտնի մայրիկների հետ, ովքեր մեզ հետ զրույցում պատմել են իրենց մանկության ամենահիշարժան դրվագների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե կորոնավիրուս համավարակի պայմաններում, երբ ամեն ինչ գրեթե սահմանափակ է ու վտանգավոր, ինչպես են անցկացնելու օրն իրենց փոքրիկների հետ:

 

Քրիստինե Պեպելյան. «Կարիերաս սկսել եմ մանկապարտեզից»

Իմ մանկության տարիներին, անկեղծ ասած, չեմ հիշում, որ հատուկ հունիսի 1 նշած լինենք, որովհետեւ այն ժամանակ այդքան էլ ընդունված չէր նշելը, կամ գուցե նաեւ ես չեմ հիշում: Ես ունեցել եմ բավականին ուրախ մանկություն դժվարությունների հետ մեկտեղ, քանի որ ես ինքս եղել եմ շատ ուրախ երեխա: Մանկությանս տարիներին ամենահիշարժանը երեւի թե  եղել են մանկապարտեզի տարիները, շատ աշխույժ երեխա լինելով հանդերձ՝ կարողանում էի մանկապարտեզում փոքրիկ մենահամերգներ կազմակերպել, կարելի է ասել, կարիերաս մանկապարտեզի տարիներից եմ սկսել, (ծիծաղում է), դրանից ավելի լավ հիշողություններ չունեմ:

Հիմա արդեն ունեմ փոքրիկ` Արեգս, մենք մարդաշատ վայրեր չենք գնում այս վիրուսի պատճառով՝ փոձելով պահել անվտանգության կանոնները, եւ քանի որ նա դեռ փոքրիկ է, այդքան էլ չի հասկանում, որ ինչ-որ բանից զրկվում է այսօր, եւ ինչն արդեն հնարավոր չի լինի հաջորդ տարի թաքցնել, բայցեւայնպես երեկոյան ինչ-որ սրճարան կգնանք հաստատ: Եվ ուզում եմ շնորհավորել բոլոր բալիկներին, թող բոլորը պաշտպանված լինեն, բոլոր հնարավոր միջոցներն ունենան առողջ ու լավ ընտանիքներում մեծանալու համար:

 

Անահիտ Կիրակոսյան.  «Տան ջուր կրողն էի»

Աշխույժ մանուկ եմ եղել, ծնվել ու մեծացել եմ Վանաձոր քաղաքում, եղել եմ մեր ընտանիքի ամենաակտիվ երեխան, ով միշտ վազում էր հացի ու աղբ թափելու: Իմ մանկությունից հիշում եմ մի դրվագ, երբ ջուր էինք կրում, քանի որ տանը ջուր չունեիք, դրա համար կար հատուկ աղբյուր, որտեղից գնում բերում էինք թաղի բոլոր երեխաներով, ու մամաս ինձ շատ գովում էր, ասում էր՝ Անահիտն իմ տան ջուր կրողն է, եւ երբ որեւէ տղա ինձ սիրահարվում էր, փորձում էի, ասում է՝ տեսնես ինչքան է ինձ սիրում, ուղարկում էի իմ փոխարեն ջուր կրելու, ու այդպես իմ ջուր կրողը միշտ կար: Հիշում եմ նաեւ, թե ինչպես 12 տարեկանում առաջին անգամ հաց թխեցի: Ընդհանուր մեր մանկության դժվարությունների հետ մեկտեղ շատ հետաքրքիր, հագեցած մանկություն ենք ունեցել: Խաղում էինք մինչեւ ուշ գիշեր, եւ ոչ-ոք անհանգստանալու կարիք չուներ, չկային այսօրվա սմարթֆոնները, բոլորս ուրախ եւ անհոգ խաղում էինք, եւ եթե ինձ հիմա հարց տան, թե կուզենայի նորից իմ մանկությունը կրկնվեր, ապա միանշանակ կասեի՝ այո:

Երեխաներիս հետ նոր ենք վերադարձել Դսեղից, որտեղ շատ հետաքրքիր ու լավ օրեր ենք ունեցել: Վայելել ենք բնության շունչը, ձի ենք նստել, աննկարագրելի պահեր ենք ապրել, երեկ ենք վերադարձել, բայց կրկին երեխաներս ուզում են գնալ, եւ երեւի թե հաճախակի կկազմակերպենք հանգիտ բնության գրկում: Իսկ այսօր կփորձենք մի քիչ քայլել, զբոսնել, օրն ավելի պասիվ անցկացնել,  տարբեր հետաքրքիր խաղեր խաղալ, իսկ դրանք շատ-շատ են:

Սոնա Շահգելդյան.  «Փայտով ծեծ կերա»

Իմ մանկությունը շատ բուռն, հետաքրքիր ու խենթություններով է անցել եւ շատ գունեղ: Մեր բակում ես միշտ հավաքում էի բակի երեխաներին եւ համերգներ էի կազմակերպում, եւ իսկապես մաքուր, պարզ մանկություն էինք ապրում, ու շատ կցանկանայի նորից վերապրել այդ քաղցր տարիները: Մանկության տարիներին ես բավականին ուժեղ ֆուտբոլ էի խաղում: Քանի որ մորեղբայրս հայտնի ֆուտբոլի մարզիչ Արմեն Շահգելդյանն է, իրենից ժառանգել էի այդ ունակությունները: Բակի տղաներով ու աղջիկներով ֆուտբոլ էինք խաղում, եւ ես միշտ հանդես եմ եկել՝ որպես հարձակվող՝ 10 համարի ներքո: Եթե երգչուհի չդառնայի, անպայման կա՛մ ֆուտբոլիստ, կա՛մ դերասանուհի էի լինելու: Բակում նաեւ ունեինք թթի ծառ, բոլորին ստիպում էի բարձրանալ ծառի վրա` թութ ուտելու, եւ էլի երեխաներից ամենահամարձակը ես էի միշտ լինում:  Մի անգամ էլ բակի երեխաներին հավաքել տարել էի «Նաբերեժնիի» ձորը, եւ բոլորը ընկած մեզ ման էին գալիս, անգամ տատիկս, մայրիկս շատ էին վախեցել, եւ մեզ գտնելուց հետո մի հատ լավ ծեծ կերանք, անգամ փայտով հարվածեցին, բայց կրկին լիդերը ես էի: Դպրոցական տարիներին կրկին շատ ակտիվ եմ եղել, դասերից շատ հաճախ փախչել ենք: Եվ ուզում եմ նշել, որ իմ մանկությունը հիմա էլ իմ մեջ է, եւ բոլոր մանուկներին ցանկանում եմ անհոգ մանկություն:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵԹԵ ՄԵԿԸ ՄԵԿԻՆ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԷՐ, ՊԱՏԱՍԽԱՆ ԷՐ ՏԱԼԻՍ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանը խոսել է ընդհանուր հասարակությունում առկա ատելության խոսքի տարածման, միմյանց նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի եւ ստեղծագործական նորությունների մասին:

 

«Ես նախօրոք արդեն գիտեմ՝ այն, ինչի մասին որ հիմա խոսում ենք, հրապարակվելուց հետո հասարակությունը կրկին բուռն է արձագանքելու եւ հայհոյանքներ է գրելու, ավելի քան համոզված եմ, քանի որ խոսքի ազատությունը մի քիչ ավելի շատ է Հայաստանում: Նարեկ Դուրյանն  իր ներկայացումների մեջ մի հետաքրքրիր միտք ունի. ասում է՝ այն ժամանակ մեկը մեկին հայհոյում էր, պատասխան էր տալիս,  կա՛մ ծեծում էին իրար, կա՛մ խոսում վերջանում գնում էր, հիմա սոցցանցերում ով ինչ ուզում գրում է, հայհոյում է, եւ սոցցանց գրանցվողը պետք է իր անձնագրով, հասցեով գրանցվի, որպեսզի կարողանաս գտել այդ հայհոյողին ու դատի տալ, բայցեւ նորմալ եմ ընդունում, որովհետեւ կարծիքները տարբեր են, բայց խոսքի ազատությունը չափազանց շատ է Հայաստանում, չգիտեմ՝ դրա դեմն ինչպես պետք է առնել»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Անդրանիկ Հարությունյանի կարծիքով`  նախորդ իշխանությունների ժամանակ, երբ ինչ-որ մեկը կառավարության անդամներից մեկին հայհոյում էր, դրանց գտնում, բերում ծեծում էին ու մի հատ էլ լայվ էին անում, որտեղ ներողություն էր խնդրում, իսկ հիմա լրիվ հակառակ պատկերն է ստեղծվել:

«Ով ինչ ուզում, ասում է ու չի պատժվում, եւ, իմ կարծիքով, խոսքի ազատության հետ կապված պետք է սահմանափակումներ կիրառվեն, գոնե մի քիչ կոռեկտությունի լինի, քանի որ համացանցում եւ դրանից դուրս այդ վիճակն է: Պատգամավոր են տեսնում, հայհոյում են, դա ի՞նչ վիճակ է, դա նորմալ չէ, իսկ այն ժամանակ նման բան լինել չէր կարող, լինելու դեպքում կա՛մ կորում էր, կա՛մ էլ մի քանի օր հետո լայվ էր մտնում, ներողություն խնդրում: Ու հիմա համոզված եմ, որ ամեն խոսքից հետո մի երեք հայհոյանք ավելանալու է: Ես անձամբ քոմենթ չեմ գրում ու չեմ պատրաստվում պատասխանել քոմենթներին, իսկ պատասխանելու դեպքում դառնալու է մի հատ շիլաշփոթ»,- նկատում է դերասանը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՊԱՏՃԱՌԸ ՉԳԻՏԻ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը խոսել է Բունդեսլիգայի 29-րդ տուրի «Պադերբորնի» դեմ խաղում թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի պահվածքի մասին:

«Ես չգիտեմ՝ ինչու է Սանչոն նման բան արել: Ես անձամբ չեմ տեսել այդ շնորհավորանքըեւ միայն հանդիպման ավարտից հետո մամուլում եմ տեսել, որ Սանչոյի համազգեստի վրա ինչ-որ բան է գրված»,-ասել է Ֆավրը:

«Պադերբորնի» հետ խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո Ջայդոն Սանչոն խաղաշապիկի վրա արված գրությամբ աջակցություն է հայտնել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով ցույցերի դուրս եկած սեւամորթներին: Ամերիկյան մի քանի նահանգներում ցույցերն ու զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել մայիսի 25-ին՝ Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո, ում մեղադրում էին կեղծ թղթադրամներ օգտագործելու մեջ: Սպիտակամորթ ոստիկանները սեւամորթ քաղաքացուն ձեռնաշղթաներ են հագցրել եւ վայր գցել գետնին: Կարգի պահապաններից մեկը ծնկով սեղմել է ձերբակալվածի պարանոցը՝ անտեսելով Ֆլոյդի բղավոցները, որ չի կարողանում շնչել: Աֆրոամերիկացին շուտով մահացել է քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մայիսի 26-ին իրավակարգի պահպանման 4 աշխատակցին էլ հեռացրել են, նրանցից մեկը կալանավորվել է ոչ դիտավորյալ կատարած սպանության մեղադրանքով:

 

 

ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի գլխավոր նպատակի մասին: «Մեր գլխավոր նպատակն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին քառյակում հայտնվելն է: «Տոտենհեմը» կկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, եթե հաղթի առաջիկա 7-8 խաղերում»,-ասել է Քեյնը: Անգլիայի առաջնության վերսկսումն առանց հանդիսականների նախատեսված է հունիսի 17-ին:

 




Լրահոս