ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության եւ չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:
ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից 25-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով՝ «Գավառի բժշկական կենտրոն»-ում զանգվածային անկարգություններին մասնակցելու, մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույն կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ սպանության փորձի համար, իսկ երեքը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի «Ազատության» փողոցում խմբի կողմից, երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու , իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու եւ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար:
Վերոնշյալ 30 մեղադրյալներից 19-ը կալանավորվել է, իսկ 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները բավարարվել են, եւ հայտարարվել է հետախուզում: 8 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները մերժվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար: