Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում (02.06) աճեց 517-ով՝ հասնելով 10009-ի: Առողջացածների թիվը կազմում էր 3427, փաստացի բուժվողներինը՝ 6368, ընդհանուր թեստեր՝ 59917, մահվան ելքերը՝ 158, իսկ մահվան ելքեր այլ պատճառով՝ 56 հոգի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանի հետ ArmLur.am-ը զրուցել է՝ հասկանալու, թե մոտ ապագայում երբ կլինի կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազում:
-Տիկի՛ն Բադալյան, այսօր ունենք թվով ավելի շատ վարարկակիրներ: Նշվում էր, որ ապրիլ ամսին կորոնավիրուսային պիկը կհասնի իր գագաթնակետին, այնուհետեւ թվերը կսկսեն նվազել: Ըստ Ձեզ՝ պիկը ե՞րբ է հաղթահարվելու:
-Ես կարծում եմ՝ հունիս-հուլիս ամիսներին: Մասնագետներն ավելի կոնկրետ կասեն: Մենք պատրաստվում ենք հանձնաժողովում շաբաթվա վերջերին մասնագետների հետ հանդիպում անել: Հավաքելու ենք բոլոր կոմպետենտ մասնագետներին եւ ընդհանուր առմամբ վերլուծենք իրավիճակը եւ փորձենք հասկանալ էստեղից էն կողմ շարունակությունը: Չնայած մենք դա պարբերաբար արել ենք, անընդհատ մասնագետների հետ շփվել ենք, ունենք ռազմավարություն: Եթե ինձ եք հարցնում, ես կարծում եմ՝ հունիսի վերջերից հուլիսի սկիզբը կունենանք պիկ, եւ դրանից հետո կսկսվի անկում: Բայց հնարավոր է՝ մասնագետներն այլ կարծիք ունենան: Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք հաղթահարմանը, եւ ես խուճապային տրամադրություններն այնուամենայնիվ չեմ հասկանում:
-Սա գալիս է նաեւ պաշտոնական տեղեկատվությունից, որովհետեւ Առողջապահության նախարարությունը մշտապես այնպիսի տեղեկություն է հրապարակում, որ խուճապ է առաջացնում: Նույնիսկ խոսվեց սորտավորման մասին, որն առաջիկայում լինելու է: Մասնագետներին չի՞ լսում Առողջապահության նախարարությունը, որ փորձում է հանձնաժողովը դա իրականացնել:
-Ես չգիտեմ, անկեղծ ասած, չգիտեմ՝ ով ում է լսում, ինչ է անում: Մենք փորձում ենք մեր մասով, որքան կարող ենք, օգտակար լինել:
-Իսկ հանձնաժողովը եթե որեւէ եզրակացության տա, արդյոք ականջալուր կլինի՞ Առողջապահության նախարարությունը:
-Առողջապահության նախարարությունն ավելի շատ հետեւում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին եւ տվյալներին, դրա համար չեմ կարող ասել, որ համաչափ մոտեցում կլինի այս առումով: Բայց, այնուամենայիվ, կարծում եմ, որ կողքից կարծիքները որեւիցե մեկին չեն խանգարում: Եվ շատ հնարավոր է, որ հանկարծ մասնագիտական քննարկումների արդյունքում բավականին հետաքրքիր լուծումներ գտնվեն: Ես ի սկզբանե խոսում եմ այդ մասին եւ ծանր վիճակում եմ հայտնվում, բայց ես կարծում եմ՝ մենք մեր ռազմավարությունը պետք է ունենանք: Պարտադիր չէ սպասել, տեսնել՝ ուրիշ երկրներում ինչ է, թեկուզ հաջողված փորձը վերցնել եւ այլ տեղ դա իրականացնել, որովհետեւ մենք ունենք մեր յուրահատկությունները, եւ բոլոր հաջողված մոդելները չեն, որ ադապտացվում են հենց մեր երկրում: Հետեւաբար շատ-շատ ավելի արդյունավետ կլիներ՝ ոչ միայն առողջապահական, այլ բաղմաթիվ այլ հարցրերում մեր իսկ քաղաքականությունը մշակենք:
-Ռազմավարություն մշակելու հարցում չե՞նք ուշացել:
-Մենք չենք ուշացել, որովհետեւ անկանխատեսելի է, քանի որ չգիտենք, թե հետո ինչ է լինելու: Դա որեւիցե մեկը չգիտի: Հիմա խոսում են երկրորդ եւ երրորդ բռնկումների մասին: Ամբողջ աշխարհում նույնիսկ չգիտեն, թե ինչ է լինելու: Տարբեր կարծիքներ կան, որոնք գալիս են չուսումնասիրված եւ նոր լինելու հետեւանքով: Սա շատ լավ ժամանակ է, եթե նախկինում եղել են սխալներ, այդ սխալների վրա սովորելու եւ ճիշտ ռազմավարություն մշակելու, եւ հետո մենք այդպիսի դարաշրջանում ենք ապրում, որ ոչնչից ապահովագրված չենք: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսը անցավ, ապա այլեւս ավելի վտանգավոր վիրուս չի տարածվելու:
-Տիկի՛ն Բադալյան, պարտադրվեց փակ վայրերում դիմակ կրելու պահանջը: Հիմա հանրությունը գրեթե բոլոր վայրերում պահպանում է կանոնները: Ինչո՞ւ նվազում չկա. տեմպն ավելի է աճում:
-Տեմպի աճը դրա հետ կապ չի ունենալու. եթե հաշվենք ինկուբացիոն շրջանը, եթե մարդը վարակվել է այսօր, եւ այսօրվա ընդունած որոշումը վաղը չի տալու արդյունք: Նա 14 օր հետո արդեն կունենա սիմպտոմներ: Մենք մեկ ամսվա կտրվածքով պետք է նայենք: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք լավ չեն զգում իրենց, ունեն սիմպտոմներ, ապա պետք է հասկանանք, որ նրանք երեկ չեն վարակվել: Մեր խնդիրն է, այս պահից սկսած, հետոն կանխել, հնարավորինս նվազեցնել, եւ դրա արդյունքը կտեսնենք հունիսի կեսից հետո: Մենք մինչեւ այդ հիմա ընդունած որոշման արդյունք չենք կարող տեսնել:
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով նույնպես վարակված է: Բոլորը խոսում են՝ երբ վարչապետը մշտապես կրել է դիմակ, ինչո՞ւ է ընտանիքի հետ միասին վարակվել:
-Դիմակ կրելն այս պահին է անձին պաշտպանում: Դու կարող ես ամբողջ օրը դիմակ կրել, բայց հանկարծ մի պահ այն հանես ու հենց այդ ժամանակ ունենաս խնդիրներ: Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք վարչապետի հանդիպումների քանակը, մարդկանց հետ կոնտակտ ունենալու քանակը: Բնականաբար, մենք չենք կարող այնքան շատ մարդկանց հետ շփվել, որքան վարչապետը պարտավոր եւ անընդհատ շփվում է այդ մարդկանց հետ, ուստի էստեղ հավանականությունը շատ մեծ է, եւ որեւիցէ զարմանալի բան չկա:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ռուսաստանաբնակ գործարար Աշոտ Օրդուխանյանի կողմից նվեր է ստացել «Տոյոտա LC 200» մակնիշի մեքենա: Հարությունյանը նաեւ հայտնել է, թե ավտոմեքենան օգտագործելու է ծառայողական նպատակներով:
Նշենք, որ այս մակնիշի ավտոմեքենայի արժեքը տատանվում է 50-65 հազար դոլարի սահմաններում՝ կախված թողարկման տարեթվից:
Նա նաեւ հայտնեց, որ շարունակելու է օգտվել էլեկտրամոբիլից՝ որպես հիմնական փոխադրամիջոց: Հավելենք, որ անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր իր էջում հրապարակել մի լուսանկար՝ մակագրելով. «Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրամոբիլով է աշխատանքի գնալու»: Հիշեցնենք՝ դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Ստեփանակերտում երթեւեկում է էլեկտրամոբիլով, որը լիցքավորում է տնային վարդակից: «Ապագայում ծրագիր կա Արցախում հրաժարվել դիզելային վառելիքից եւ գազից: Մի հետաքրքրիր բան ձեզ ասեմ՝ ես 2013 թվականի հին էլեկտրամոբիլ եմ գնել, որով երթեւեկում եմ Ստեփանակերտում ու լիցքավորում մեր տան վարդակից: Մի ամբողջ օր քշում եմ»,- «Հայաստանի եւ Արցախի տնտեսական մոդելների նմանությունները եւ տարբերությունները» թեմայով քննարկման ժամանակ ասել էր նա:
ՀՀԿ-ԱԿԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակից Նարեկ Թադեւոսյանը քիչ առաջ հայտնել է, թե իր սեփական դիմումի համաձայն ավարտում է աշխատանքը քաղաքապետարանում: Նա իր հայտարարության մեջ հայտնել է, թե 2018 թվականից ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտ էր քաղաքապետարանում, եւ բոլոր պայմաններն առկա են նախկին փորձառու կադրերից հրաժարվելու համար: ArmLur.am-ը զրուցել է Նարեկ Թադեւոսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչն է պատճառ հանդիսացել նման որոշման, եւ ինչու են այդպիսի խնդիրներ առաջացել: Նախ նշենք, որ Նարեկ Թադեւոսյանը 2016 թվականից աշխատել է Երեւանի քաղաքապետարանում, զբաղեցրել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետի պաշտոնը: ArmLur.am-ի հետ զրույցում Թադեւոսյանը հայտնեց, որ աշխատանքային խնդիրները սկսվել են դեռեւս 2018 թվականից, սակայն պատճառների մասին չցանկացավ այս պահին խոսել՝ ասելով, թե ավելի ուշ կարձագանքի: Նրա խոսքով՝ քաղաքապետարանում տիրող մթնոլորտի ստեղծման պատճառը նաեւ կոնկրետ անձինք են, որի հետեւանքով էլ շատերն են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնում: Նկատենք, որ Նարեկ Թադեւոսյանը եղել է նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի երիտասարդական կազմակերպության նախագահ: ArmLur.am-ը Թադեւոսյանից նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք իր ՀՀԿ-ական լինելը եւս կարող էր իր հանդեպ նման մթնոլորտի ձեւավորման պատճառ դառնալ: «Իհարկե, իրական կուսակցականների համար անցած տարիների ընթացքում բան չի փոխվել։ Մենք ոնց ամեն օր աշխատում էինք մեր երկրի ապագայի համար, նույն ձեւ ամեն օր քրտնաջան աշխատելու ենք, կապ չունի, թե ինչ կարգավիճակով։ Նժդեհի ասածի պես՝ կուսակցությանս հետ՝ ազգիս համար։ Ինձ պատեհապաշտների հետ չշփոթեք: Իսկ պատճառներն մասին արդեն խոսել եմ, իսկ մնացածի մասին ավելի ուշ», – նշեց նա։
ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ
ArmLur.am-ը բազմիցս է հայտնել, որ վերջին շրջանում ավելացել են ավտոմեքենաներից կատարվող գողությունները: Եվ դրանց թվին են պատկանում նաեւ պետհամարանիշների գողությունները: Այդ մասին այսօր հայտնել է նաեւ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը, որը նաեւ հիշեցրել է, որ զույգ պետհամարանիշները գողանալու դեպքում ճանապարհային ոստիկանությունը նույն պետհամարանիշը չի վերականգնում։ Այս հարցի շուրջ այսօր ArmLur.am-ը նաեւ ահազանգ է ստացել բնակիչներից: Նրանք մեզ հետ զրույցում պատմեցին, թե մեքենայի վրա գրություն է դրված լինում եւ հեռախոսամար՝ գրությամբ, որ եթե ցանկանում են համարանիշը ստանալ, ապա պետք է այդ հեռախոսահամարին գրել: Արդեն գրելուց հետո որոշակի չափով գումար են պահանջում՝ 15-20 հազարի սահմաններում, պայմանավորվում եւ համարանիշը թողնում են որեւէ վայրում, իսկ, ահա, գումարը պետք է փոխանցել հաշվեհամարի: