ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԱՌՕՐՅԱՆ Covid-19-Ի ՕՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ եւ հետաքրքրվել այդ օրերին նրա ունեցած ինքնազգացողությունից, առողջական խնդիրներից, ինչպես նաեւ այն ախտանիշներից, որոնք մեր զրուցակիցն ունեցել է:  Հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականն է, որը, պարզվում է, մոտ մեկ ամսից ավելի է՝ պայքարում է վիրուսի դեմ: 

 

-Քնարի՛կ, ինչպես պարզեցիք, որ Ձեզ մոտ կորոնավիրուսային հիվանդություն է:

-Ամեն ինչ սկսվեց ջերմությամբ, սկզբից 37.2, իսկ հաջորդ օրն արդեն 38.5, նաեւ դողի զգացողություն: Ում հետ որ նախորդող օրերին շփվել էի, ինքն էլ էր ջերմում: Սկզբից նա դիմեց հիվանդանոց թեստ հանձնելու, եւ երբ իր պատասխանն արդեն դրական էր, ես կասկած արդեն չունեի, որ վարակված եմ: Դիմեցի շտապ օգնության ծառայությանը եւ ինձ տեղափոխեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Երկու օր անց (միգուցե մեկ օր անց, արդեն չեմ հիշում) եկավ իմ թեստի պատասխանը, որը դրական էր:

-Բայց Դուք ո՞ւմ հետ էիք շփվել, ո՞ւմ եք վարակել…

-Այդ հարցը անցնենք, որովհետեւ դա անձնական գաղտնիք է ու տվյալ, ես դա չեմ կարող բարձրաձայնել: Ես միայն իմ անունից կարող եմ խոսել:

-Նկատի ունեմ՝ մարդ կա արդյոք, ում վարակել եք, թե ոչ, անձի անունը պետք չէ նշել…

-Այո, իմ մտերիմների շրջանակից: Ազգային ժողովում որեւէ մեկին չեմ վարակել: Իմ մոտ սկզբնական շրջանում դեռ ենթադրություն էր: Երբ թեստի պատասխանը դրական ստացվեց, առանձնապես չզարմացա կամ անակնկալի չեկա, որովհետեւ երբ համադրում էի իմ շփման շրջանակը, ախտանշանները, արդեն պարզ էր դառնում ամեն բան: Բայց այդ թվացյալ հանգստությունը ժամանակավոր էր, հետո հիշում եմ՝ արդեն հիվանդանոցում լացում էի, մտածում էի ինձ հետ շփված մարդկանց մասին: Մի տեսակ մեղքի զգացում ունեի, որ իրենց հավանաբար վնասել եմ: Հետո անցա անհրաժեշտ բուժզննումները, պարզվեց, որ թոքաբորբ չունեմ: Դա արդեն լավ էր:

-Քանի՞ օր մնացիք հիվանդանոցում:

-Հինգ օր հիվանդանոցում, ընդ որում՝ երկու օր Նորքի ինֆեկցիոնում, հետո տեղափոխեցին Գյումրու ինֆեկցիոն, այնուհետեւ՝ մայիսի 9-ին, տեղափոխվեցի Ծաղնաձոր: Ծաղկաձորից տուն եմ եկել մայիսի 23-ին: Ծաղկաձորում բժիշկների հսկողության տակ էի:

-Ծա՞նր եք տարել հիվանդությունը: Ի՞նչ ընթացք է եղել:

-Ես քանի որ թոքաբորբ չունեի, առանձնակի դժվարություններ չեմ ունեցել: Բարձր ջերմությունը 3 օր անց նահանջել է, ինձ հիմնականում անհանգստացրել են մկանային ցավերն ու հազը, որը երբեմն շնչահեղձ անող էր: Հետո կորցրել եմ հոտի զգացողությունը, որն, ի դեպ, դեռ լիարժեք չի վերականգնվել: Բոլոր ախտանշաններից զատ ավելի շատ տրամադրության անկում էր: Այ դրա դեմ ոչ մի կերպ պայքարել չէր ստացվում:

-Իսկ բուժում, դեղորայք ընդունո՞ւմ էիք:

-Հինգ օր հակաբիոտիկ եմ ընդունել ու վիտամին:

-Հիմա տանն եք: Հարազատների հետ շփվում եք հանգի՞ստ, թե՞ դեռ սահմանափակումներ կան:

-Ամսի 23-ին, երբ ինձ տուն բերեցին, հստակ ցուցում կար, որ եւս երկու շաբաթ պետք է ինքնամեկուսանամ: Հունիսի 5-ից սկսած՝ լիարժեք ազատ կլինեմ, եւ, ըստ էության բոլոր սահմանափակումները կվերանան: Ես մենակ եմ ապրում, որեւէ մեկի հետ չեմ շփվում: Իմ հայրական տունը Գյումրիում է:

-Քնարի՛կ, հունիսի 8-ից հետո ինչպե՞ս եք շարունակելու ապրել, նկատի ունեմ՝ ինչն եք փոխելու:

-Աննկարագրելի ընկճախտ էր, մենակության զգացողություն: Հիվանդության հետ կապված բազմաթիվ հարցեր, որոնք պտտվում էին գլխումս, ու որոնց պատասխանը չունեի, հիմա էլ չունեմ: Սովորաբար, երբ մենք վատառողջ ենք, մեզ հետ են մեր մտերիմները, այս դեպքում դու ստիպված ես ինքդ հոգալ քո մասին: Հիվանդությունը «վայելում ես» կատարյալ միայնության մեջ: Ես արդեն մեկ ամիս է՝ փակված եմ չորս պատի մեջ, հազիվ եմ դիմանում, ես դրսում քայլելու, օդ շնչելու անհագ ցանկություն ունեմ: Ինձ մի բան էր ոգեւորում՝ հեռախոսը: Դա միակ միջոցն էր, որն ինձ կապում էր աշխարհի ու ինձ մտերիմ մարդկանց հետ: Այնքան սեր ու ջերմություն եմ ստացել, ու շնորհակալ եմ բոլորին: Ես հիմա խոսում եմ ապագայից այն իմաստով, որ զգացել եմ այն, ինչը դեռ շատերին է անծանոթ: Ես իհարկե, բոլորին ամուր առողջություն եմ ցանկանում, բայց նաեւ զգոնության կոչ եմ անում: Ես շարունակելու եմ ապրել իմ բնականոն կյանքով, գնալու եմ աշխատանքի, շարունակելու եմ ուսումս մագիստրատուրայում, շարունակելու եմ սիրել ու շնորհակալ լինել մարդկանց: Մտածելու եմ կյանքի ամեն մի րոպեն շատ ավելի արժեքավոր ու հետաքրքիր դարձնելու մասին: Փորձելու եմ ագահաբար կյանքը սիրել ու գնալ կիսատ թողած երազանքների հետեւից:

-Իսկ քեզ նորմա՞լ էին վերաբերվում, ուշադի՞ր էին քո նկատմամբ:

-Այո, բավականին, օրը մի քանի անգամ ստուգայցեր: Բոլոր հիվանդանոցներում նաեւ հոգեբաններ կային, որոնք պատրաստակամ էին զրուցելու ու համապատասխան օգնություն ցուցաբերելու: Ուզում եմ նաեւ շեշտել սնունդը՝ օրը երեք անգամ, պարտադիր ներառված հյութ եւ միրգ: Ես երբեմն զարմանում էի բուժանձնակազմի համբերության վրա: Հիվանդ մարդիկ դյուրագրգիռ են, գիտեք, իրենք բոլորի հետ փորձում էին լեզու գտնել, բոլորին ոգեւորել, ուժ տալ: Իրենք անձնվեր աշխատանք են անում, ու շնորհակալություն բառն, ըստ էության, ոչինչ է՝ իրենց արածի համեմատ: Միրգը այնքան շատ էր, ես չէի կարողանում ամբողջն ուտել, ու երբ արդեն տուն էի գալիս, իմ սառնարանում այսքան միրգ էր հավաքվել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ՝ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ էր հրապարակել եւ Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր զբաղվել միջոցառումների կազմակերպիչներով: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հետ:

 

-Պարո՛ն Մկրտչյան, վարչապետի հայտարարությունից հետո ի՞նչ եք արել:

-Մենք ինքներս փորձել ենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել: Ամենայն հավանականությամբ, այն կազմակերպվել է ծնողների կողմից, վարչական շրջանը բացարձակ կապ չունի տեղի ունեցածի հետ: Խոսել ենք նաեւ համատիրության նախագահի հետ, եւս հաստատեց, որ ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեն եկել իրենք: Ամեն դեպքում, քաղաքապետարանը հայտարարել էր, որ անգամ Կենդանաբանական այգին է փակ լինելու: Մենք ամեն ինչ արել ենք, որ անգամ այգիներում նման միջոցառումներ տեղի չունենան:

-Դա Ձեր ենթադրությո՞ւնն է, որ ծնողներն են կազմակերպել, թե՞ արդեն հաստատված փաստ:

-Չէ, տեսեք, համատիրությունը չի կազմակերպել, բնականաբար վարչական շրջանն էլ չի կազմակերպել, քանի որ այդ դեպքերում հատուկ ծրագիր է: Վարչական շրջանը բացարձակ կապ չունի: Եվ ենթադրում եմ, որ դա կարող է կազմակերպված լինել ծնողների կողմից:

-Այսինքն՝ Դուք այդ միջոցառման մասին իմացել եք վարչապետի՞ հրապարակումից:

-Իմացել եմ վարչապետի հրապարակումից հետո: Չեմ ուսումնասիրել՝ այլ վայրերում նման միջոցառումներ եղել են, թե ոչ: Իհարկե, հետեւանքներ կլինեն, սակայն այդ  հարցերով արդեն պետք է զբաղվեն իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՉՎԵՐԹ

Հունիսի 4-ին կիրականացվի Երեւան-Ռոստով-Երեւան չվերթը՝ Երեւանից մեկնում՝ ժամը 08:30, ժամանում դեպի Երեւան՝ 12:30: Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղեւորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղեւորների կողմից նախապես տրված հասցեներ, ուստի ժամանող ուղեւորների հարազատներին հորդորում են անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան:

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ «ՄԵՅՄԱՆԴԱՐ»-ՈՒՄ

Երեկ առավոտից Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայի տարածում բողոքի այցիա էր: Ոստիկանները ցանկանում էին փակել շուկան, սակայն գյուղացիներն ընդդիմանում էին:  Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ: Նա զրույցում նշել է. «Պարետի որոշման համաձայն՝ սննդի օբյեկտներում, վաճառակետերում, այդ թվում նաեւ «Մեյմանդար»-ի շուկայում որոշում է կայացվել, որպեսզի շուկան 24 ժամ փակ լինի՝ որպես տուգանք պարետի կողմից սահմանված կարգերը խախտելու համար: Որոշման հայտնի լինելուց հետ ոչ միայն մեր մարզի բնակիչները, այլ նաեւ հարակից գյուղերի բնակիչները բողոքի ալիք են բարձրացրել, որ կա խնդիր իրացման հետ, բայց քանի որ մենք գտնվում ենք արտակարգ իրավիճակի պայմաններում, պարետի որոշումները չեն քննարկվում: Սակայն այս պահի դրությամբ պարետատունը բնակիչների խնդրանքով ընդառաջ է գնացել քաղաքացիներին, եւ որոշում է կայացվել, որ այսօր էլ «Մեյմանդար»-ի շուկան կաշխատի որոշակի սահմանափակումներով, սակայն վաղվանից այն 24 ժամով փակ կլինի»:

Մարզպետի փոխանցմամբ՝ գյուղացիների հետ համաձայնեցնելուց հետո բողոքի ակցիան ավարատվել է, ինչպես նաեւ նրանց առաջարկվել է երեք կետ, որպեսզի նրանք շարունակեն վաճառել իրենց մթերքը, սակայն ոմանք համաձայնել են, ոմանք՝ ոչ:

 

 

ՏԱՎՈՒՇՈՒՄ՝ 242 ՎԱՐԱԿԱԿԻՐ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ մինչեւ այժմ Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակվել է 242 անաձ: Ներկայումս վարակից բժշկական հաստատություններում բուժվում է 10 անձ, մնացած հիվանդները գտնվում են ինքնամեկուսացման մեջ, նրանց առողջական վիճակը թույլ է տալիս, որ վարակը հաղթահարեն տնային պայմաններում: Մարզի 4 տարածաշրջաներից ամենաշատ վարակակիրները Բերդի տարածաշրջանի բնակիչներ են: «Տավուշտեքստիլ» ընկերության Բերդ քաղաքի գործարանի ձեռնոցի արտադրամասի տասնյակ աշխատակիցներ կորոնավիրուսով են վարակվել:

 




Լրահոս