Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որը հեռավար ռեժիմով վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին եւ պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում: Առաջարկում եմ այսօրվա նիստում քննարկել հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը եւ վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ մեր հետագա գործողությունները»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վիճակագրության, ապաքինման եւ մահացության ցուցանիշների, պացիենտների առողջական վիճակի, անախտանիշ դեպքերի մեկուսացման նկատմամբ առողջության առաջնային պահպանման օղակի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքների վերաբերյալ: Նախարարն անդրադարձել է վարակի տարածման դինամիկային եւ դրան համահունչ առողջապահական համակարգի կարողությունների ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Ապա վարչապետին զեկուցվել է պարետատան սահմանած կանոնների պահպանման ուղղությամբ ձեռնարկվող վերահսկողական միջոցառումների եւ դրանց արդյունքում հանրության վարքագծի փոփոխությունների, պաշտպանիչ միջոցների կիրառման հետ կապված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել առանձին վարչական շրջաններում իրականացվող «ռեյդերի» արդյունավետությանը, տեսչական մարմինների եւ ոստիկանության կանխարգելիչ գործողություններին: Քննարկվել են առավել ռիսկային ոլորտներում կանխարգելիչ կանոնների պահպանման հետ կապված իրավիճակը, արձանագրված խախտումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: Նշվել է, որ, չնայած սահմանափակումներին, երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք եւս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:
Հետագա անելիքների շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են մի շարք դիտարկումներ, որոնցում գերակշիռ է եղել վերահսկողության միջոցառումների առավելագույնս խստացման առաջարկը:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, նշել է. «Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման եւ զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը եւ դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:
Ն. Պ.
ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է
ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով: Հունիսի 1-ից՝ ժամը 9:00-ից, hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը: Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետեւյալ հայտատուները՝
l 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
l 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի: Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել: Հունիսի 11-ից՝ ժամը 9?00-ից սկսած, գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում, որ դեռեւս չհայտագրված ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք: Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի եւ երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն:
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔ՝ ՄԱՐԶՈՒՄ
Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, կան մոտ 20 կոնտակտավոր անձինք, որոնք մեկուսացվել են: Ըստ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ ընդհանուր առմամբ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը երեկվա դրությամբ 96 է: Նախորդ օրվա համեմատ՝ այդ թիվն ավելացել է 5-ով: Մինչ օրս գրանցվել է մահվան 1 դեպք: «Ունենք նաեւ ծանր առողջական վիճակում գտնվող հիվանդներ: Վարակված պացիենտներից 3-ը Վանաձորի բնակիչներ են, մյուսները՝ մարզի այլ համայնքներից»,-ասել է նա:
Նա, անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկայում արձանագրված դեպքին, նշել է. «3 հոգի հաստատված դեպք ունենք, աշխատանքներ են տարվում կոնտակտավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»: Այն արտադրամասում, որտեղ աշխատել են վարակակիրները, ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են տանում մեկուսացման ռեժիմ ապահովելու համար: Հսկողություն կիրականացվի ե՛ւ տեղում, ե՛ւ առողջության պահպանման առաջնային օղակի միջոցով: Կարի արտադրամասի վարակված պացիենտները, նախնական տեղեկություններով, Վանաձորի բնակիչներ են: Նշենք, որ «Գլորիա» կարի ֆաբրիկան ունի մոտ 3000 աշխատակից, նրանք մարզի տարբեր համայնքներից են:
3 ԴԵՊՔ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է եւս 3 քաղաքացու մոտ: Նրանք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից եւ գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում: Արցախում կա կորոնավիրուսի 46 հաստատված դեպք, որից 26-ն առողջացել է: Մեկուսացման մեջ է գտնվում 100 քաղաքացի, թեստավորվել է 926-ը:
86-ԱՄՅԱ ԿԻՆԸ ԻՆՔՆԱՎՆԱՍՎԵԼ Է
Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները Մարիետա Ս.-ին (ծնված 1935թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին:
ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՃՈ-ի փոխանցմամբ՝ երթեւեկության 2020թ. հունիսի 3-ից Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթեւեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթեւեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթեւեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն դեպի աջի փոխարեն:
214 ՔԱՂԱՔԱՑԻ ԵԿԵԼ Է ՀՀ
Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երեւան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի: Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երեւան երթուղու միջոցով մայիսի 30-ին Երեւան են ժամանել 70 ՀՀ քաղաքացի: Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները: Չվերթներն իրականացնող KLM եւ Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում եւ օգտվում են տարանցիկ գոտուց: Հունիսի 1-ին նույն երթուղիով Հայաստան վերադարձել է եւս 23 ՀՀ քաղաքացի:
Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երեւան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի: Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը՝ Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին: