Լուսանկարն արվել է Կենտրոնում
Երեկվա ուժգին քամին չի խնայել նույնիսկ շատերի լվացքը. պարանից կախված ներքնաշորը դարձել է քամու «զոհը»։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կարելի է արդյոք արտոնագիր վերցնել կոնկրետ օրերի համար:
Գայանե Ասրյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 12-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված, Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում՝ 300 մ2 եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում՝ 200 մ2 եւ ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում կարող է տրամադրվել արտոնագիր որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում հավելված 8-ով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում եւ չեն վերադարձվում:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Նախորդ վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարել եմ ուշացումներով: Արդյունքում ձեւավորվել է վատ վարկային պատմություն, որի պատճառով բանկերը հրաժարվում են ինձ հետ նոր վարկային պայմանագիր կնքել: Ուզում եմ իմանալ՝ արդյոք մեզ չեն կարող նոր հնարավորություն տալ:
Կարեն Պետրոսյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն՝ վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:
Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ վարկային տեղեկատվությունը կամ, այսպես կոչված, «վարկային պատմությունը» վարկառուի վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վերջինիս կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց վարկեր: