Ոստիկանության համակարգում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մոտ 100-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ դա հանգեցրել է մեկուսացումների: Ինչ վերաբերում է վարակակիրների առողջական վիճակին, Սարգսյանն ասել է, որ ունեցել են դեպքեր, երբ վատ են եղել, բայց հիմա ապաքինվել են:
Ոստիկանապետ Արման Սարգսյանն այն համոզման է, որ Ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը` անդրադառնալով հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում ոստիկանության գործողություններին:
Ոստիկանապետի խոսքով` ոստիկանության անցակետեր գնալիս շատ է նկատել դեպքեր, երբ քաղաքացիները, խցանումներ տեսնելով, իջեցված դիմակը բարձրացրել են, ապա անցնելով անցակետը կրկին իջեցրել:
«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել, սա ուղղակի անտրամաբանական է: Մենք վարչական մեթոդներ կիառել ենք, շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ունենք: Վարքագծի կանոն պետք է ձևավորվի` սկսած ինձանից, վերջացրած մեր սիրելի քաղաքացիներով»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ դիմակով շնչելը դժվար է, ոստիկանապետն ասաց. «Ինձ թվում է` ավելի լավ է դժվար շնչել, քան Աստված մի արասցե մի բան լինի ու չշնչել»:
Նրանից ArmLur.am-ը հետաքրքրվել է Գավառում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերի և դրա հետևանքների մասին, երբ հիվանդանոցում մարդկանց պարանոցից վնասվածքներ հասցրեցին:
Մանրամասները՝ տեսանյութում