ԵՐԲ ՎԵՐՋԱՆՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ սկսվեց Հայ ազգային կոնգրես-իշխող կոալիցիա երկխոսությունը, ՀԱԿ-ի կողմից նշվում էր, որ սեպտեմբերի վերջին երկխոսությունը պետք է ավարտվի կոնկրետ արդյունքներով: Այսինքն` իշխանություններն արդեն պետք է հայտարարեն արտահերթ ընտրությունների անցկացման իրենց մտադրության մասին: Սակայն սեպտեմբերն ավարտվում է` օր օրի նվազեցնելով թե՛ երկխոսության, թե՛ դրա վերջնարդյունք համարվող արտահերթ ընտրությունների անցկացման փաստացի հնարավորությունները:Չնայած իշխանական կոալիցիան դեռ շարունակում է «քաղաքական եւ իրավական գործընթացներն» իրար չխառնելու պայմանով Կոնգրեսին հրավիրել երկխոսության, բայց արդեն որեւէ բան չի ստացվում: ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց. «Դժվար է ակնկալել ողջամտություն իշխանություններից, ու երեւի թե այդ գործընթացն արդեն խափանվել է: Արդեն երեւի թե մեզանից յուրաքանչյուրը համապատասխան եզրակացության է հանգել: Տիգրան Առաքելյանի ձերբակալությունն ընդամենը մի դեպք էր, որը ցույց տվեց, թե որքանով է իշխանությունը պատրաստ երկխոսության, ընդառաջ գնալու ժողովրդի պահանջներին, եւ թե երկխոսության խափանման դեպքում ինչ լրջագույն իրավիճակ է ստեղծվելու երկրում»: Տիկին Սարգսյանից մեկ օր առաջ էլ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանն էր հայտարարել. «Ինչ-որ պահի իշխանությունը կքցի ՀԱԿ-ին»: Այսինքն` գոնե ընդդիմության ներսում արդեն երկխոսությունից որեւէ լուրջ ակնկալիք չունեն: Բայց վերջնական խոսքը, բնականաբար, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանինն է, որը սեպտեմբերի 23-ին նշանակված հանրահավաքին կհայտարարի` արդյո՞ք իմաստ ունի հուսալ, որ իշխանությունները քայլ կկատարեն երկխոսությունը  շարունակելու ուղղությամբ, թե՞ ոչ:Իհարկե, քանի դեռ Հայ ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 23-ին նշանակված հանրահավաքը չի անցկացվել, տեսականորեն կարելի է պնդել, որ ամեն ինչ ավարտված չէ, եւ որ  իշխանությունները սպասում են հանրահավաքին` կարծելով, որ գուցե լրացուցիչ ժամկետներ առաջ կքաշվեն: Մանավանդ, որ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության դեմագոգիկ եւ առայժմ դեկլարատիվ հայտարարություններից բացի, երկու օր առաջ իշխանությունները փոքրիկ մի ժեստ էլ արեցին` Տիգրան Առաքելյանի գործը տեղափոխելով ՀՔԾ, ինչի անհրաժեշտությունն ի սկզբանե պնդում էր Կոնգրեսը` նշելով, որ նախաքննության մարմինը չի կարող լինել ոստիկանությունը, որը շահագրգիռ կողմ է: Այն, որ Տիգրան Առաքելյանի կալանքը եւ մյուս ակտիվիստների ձերբակալությունները սադրանք էին ՀՀ իշխանությունների կամ այլ շահագրգիռ շրջանակների կողմից, վկայում է այն իրավակիրառական պրակտիկան, որն այլ իրավիճակում այլ ելք կունենար: Այսինքն` իշխանությունները կարող էին կալանքից ազատել Տիգրան Առաքելյանին: Իսկ ՀԱԿ-ն էլ իր հերթին կարող էր չձախողել երկխոսությունը, եթե նույն Տիգրանին ասվեր, որ պետք է կալանավայրից հայտարարի, որ իր ձերբակալությունը չի կարող դառնալ երկխոսության առկախման թեկուզ ֆորմալ պատճառ: Բայց սա կլիներ այն դեպքում, եթե ՀԱԿ-ում իշխանությունների կողմից ստանային երաշխիքներ կամ գոնե ազդակներ, որ վերջնարդյունքում իրենց չեն «քցելու»: Ակնհայտ է, որ երկխոսության առայժմ առկախումը, իսկ իրականում, կարծում ենք, վիժեցումը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Դրան կարող է նպաստել ինչպես գերտերությունների միջամտությունը, այնպես էլ բազում այլ գործոններ: Կարծիք կա, որ իշխող կոալիցիան, ստորագրելով Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած փաստաթղթի «Լեգիտիմ իշխանության ձեւավորումը» վերնագրի տակ, «փշի-փշի» արեց ընդդիմությանը կամ էլ հույս ուներ, թե արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը ՀԱԿ-ն ինչ-որ պահից նախկին սրությամբ չի դնելու: Սակայն ավելի ուշ գիտակցեց, որ շատ մեծ զիջումների է գնացել ու զղջաց: Թեեւ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հաշվարկել էր, որ երկխոսության մեջ ներգրավվելով` ՀԱԿ-ի հեղինակությունը բավականին ընկել է, եւ հանրահավաքներն այլեւս բազմամարդ չեն լինելու, մի ստվար զանգված հիասթափվելու է Կոնգրեսի առաջնորդից, դրա համար էլ անիմաստ է համարում երկխոսության շարունակությունը: Բայց կա նաեւ երրորդ տարբերակը, որն առավել հավանական է, որ երկու կողմն էլ առայժմ ժամանակ են ձգում:Այնուամենայնիվ, ինչո՞ւ իրավիճակ փոխվեց եւ ինչո՞ւ իշխանությունները սկսեցին հրաժարվել` կատարել ՀԱԿ-ի պահանջները եւ շարունակել երկխոսությունը: Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով, ինչպես միշտ, իրավիճակի վրա իրենց բացասական ազդեցությունն են ունեցել եվրոպական կառույցները: Այսինքն` իշխանություններին թեւավորած Պրեսկոտի այն ձեւակերպումից, որ մարտի մեկի էջը փակված է, եւ երկրում առկա են դրական գործընթացներ, իրենց գործը համարեցին ավարտված. «Բայց հիմնական պատճառն այն է, որ իրենց աթոռներին կառչած իշխանությունը երբեւէ չի կարող այնպիսի կամային հատկանիշներ ունենալ, որ գիտակցի, հաշվարկի շարունակությունը եւ կամովին մասնակցի բարեփոխումների ընթացքին»: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս