Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ առանց համապասխան փաստաթղթի նույն ամսվա վերջերին 2 անգամ իր կողմից վարվող «Ֆորդ» ավտոմեքենայով շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից, որի դիմաց անձամբ անտառապահին տվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարի մի մասը:

Այնուհետև 2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր վերոնշյալ ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ, սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի հասցրել անտառապահին տալ կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս