Առաջին օրերը շատ ծանր էին. Հասմիկ Կարապետյանը` 40 օրական որդու և ստեղծագործական նորությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը խոսել է դեռ 40 օրական որդու, դստեր արձագանքի եւ ստեղծագործական նորությունների մասին:

-Հասմի’կ, արդեն երկրորդ անգամ եք զգում մայրության բերկրանքը: Կկիսվե՞ք մեզ հետ Ձեր զգացողություններով:

-Բնականաբար խոսքերով շատ դժվար է նկարագրել այն զգացողությունը, որն ապրում է յուրաքանչյուր մայրիկ, երբ առաջին անգամ իր բալիկին իր գիրկն է առնում: Դա մի աստվածային զգացողություն է, բայց միեւնույն ժամանակ վախենալու է, քանի որ զգում ես, թե ինչքան մեծ պատասխանատվություն ես կրում այդ էակի նկատմամբ: Ինչեր դեռ պետք է անես, որպեսզի ճիշտ մարդ դաստիարակես, երբ հասկանում ես` ինչ աշխարհ ես բերել այս երեխային` լի անարդարություններով, մանավանդ հիմա` այս վատ ժամանակներում, երեխա ունենալը կարծում եմ հերոսություն է:

-Մեր նախորդ զրույցում երեխայի սեռի մասին չէիք ցանկանում խոսել, հիմա երբ արդեն բալիկը լույս աշխարհ է եկել, կասե՞ք երեխայի սեռը:

-Այո, իրավացի եք, նախորդ հարցազրույցներում չէի ցանկանում ասել, թեեւ մենք արդեն գիտեինք, որ որդի ենք ունենալու: Նա իսկապես Աստծու պարգեւ է, քանի որ ամուսինս իր ամբողջ գիտակցությամբ, հոգով ցանկանում էր տղա երեխա ունենալ: Դե կարծում եմ յուրաքանչյուր տղամարդ էլ իր հոգու խորքում երազում է որդի ունենալու մասին, բայց համոզված եմ, որ պակաս ուրախ չէր լինի, եթե աղջիկ ունենայինք: Ինձ թվում էր, թե Տաթեւից հետո էլ երբեք երկրորդ զավակ չեմ ունենա: Տաթեւն ունեցավ եղբայր, կարծում եմ այդպես էր նախատեսաված:

-Իսկ ինչպե՞ս եք անվանակոչել երեխային:

-Անկեղծ ասած երկրորդ երեխայի դեպքում շատ չենք մտածել, թե ինչ անուն պետք է ընտրենք: Երեխային անվանել ենք Գրիգոր, Շանթի հոր անունով, թեպետ այնքան էլ ինձ դուր չէր գալիս, քանի որ ես ավելի շատ Արեգ, Նարեկ անունների կողմնակիցն էի, բայց ծնվելուց հետո հասկացա, որ նա հենց Գրիգորն է:

-Ինչպե՞ս եք հասցնում երեխաների խնամքը:

-Շատ դժվար է երկու մանկահասակ երեխա խնամելը, եւ շատ մայրիկներ ինձ կհասկանան, բայցեւ այդ դժվարության հետ մեկտեղ հաճելին էլ շատ է: Մինչ օրս երեխաներին խնամել ենք ես եւ ամուսինս, սակայն այս իրավիճակի հետ կապված` ամուսինս տանից է աշխատում, եւ ինձ օգնում է, մասնավորապես տղայիս հարցում: Հանգիստ կարող եմ երեխային թողնել նրա խնամիքին եւ տանից բացակայել մի քանի ժամով, սակայն վերջերս հասկացա, որ ֆիզիկապես չեմ հասցնում, օրվա ընթացքում անգամ չեմ հասցնում մեկ անգամ ճաշ պատրաստել, եւ ինքս ուտել: Որդիս դեռ 40 օրական է, եւ դեռ հասցնում եմ տանը աշխատանքներ կատարել, հիմա ունեմ արդեն տանն ինձ օգնող մի մարդ, ով ինձ շատ է օգնում, եւ նա ինձ հնարավորություն տվեց, որպեսզի ես երկու կես չլինեմ:

-Ինչպե՞ս կբնութագրեք նրանց:

-Աղջիկս լիդեր է միանշանակ, որն արդեն ակնհայտ երեւում է, ուժեղ, ազատ բնավորություն ունի: Շատ խելացի է, էնէրգիայով լինի, նա պետք է անընդհատ զբաղվի, շարժվի, շատ վառ անհատականություն է, որը հետագայում արդեն պարզ կլինի: Կարեւորը, որ նա ուժեղ աղջիկ է: Որդիս շատ նուրբ ու քնքուշ է, կապուտաչյա մի փոքրիկ տղամարդ է , որի դիմագծերը շատ գեղեցիկ են: Շատ խարիզմատիկ, հանգիստ երեխա է, դեռ փիսիկի ձագուկ է:

-Սովորաբար մայրիկները նշում են, որ երկրորդ բալիկ ունենալուց հետո առաջնեկները, որ այդքան ուշադրության կենտրոնում են եղել ծնողների կողմից սկսում են խանդով վերաբերվել իրենց քույրիկին կամ եղբորը: Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս արձագանքեց Տաթեւը:

-Տաթեւն առ այսօր խանդով է լցված փոքրիկ եղբոր հանդեպ, քանի որ նա շատ սպասված երեխա էր, եւ նրան շատ սեր է տրվել եւ տրվում: Նա ինձ հետ շատ կապված է, եւ երբ տեսնում է` Գրիգորին գրկիս սենյակից դուրս է գալիս, շատ վատ է զգում: Առաջին օրերը շատ ծանր էին, նույնիսկ եղավ դեպք, երբ եղբոր վրա շշով ջուր էր լցրել, բայց նաեւ ինձ ուրախացնում է այն փաստը, որ նրա մեջ չկա ագրեսիա եւ չարություն եղբոր նկատմամբ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կապվածություն ստեղծվի քույր եւ եղբոր միջեւ, որը ժամանակի հարց է, բոլոր երեխաներն էլ նման բարդույթներ ունենում են:

-Հասմի’կ, արդեն բավականին ժամանակ է` հեռացել եք շոու-բիզնեսից: Ե՞րբ եք պատրաստվում կրկին վերադառնալ:

-Հեռանալ շոու-բիզնեսից ասելը սխալ է, քանի որ ես երբեք այդ հասկացողության մեջ չեմ եղել: Ես ուղղակի մարդ եմ, ով ունի իր սիրած աշխատանքը, Աստծու կողմից տրված փոքրիկ շնորհ` երգեր ստեղծելու, եւ նվիրելու իր երկրպագուներին: Բախտս բերել, որ այսօր ես ունեմ երկրպագուների մի բանակ, ովքեր սպասում են իմ երգերին: Վերադառնալու խնդիր չկա, նախ պետք է հասկանանք, թե մեր երկրում եւ թե շոու-բիզնես ասվածում ինչ է կատարվում, ամենուր հիմա վախի մթնոլորտ է եւ բացի այդ ոչ մի հետաքրքիր բան չկա, այնպես չէ, որ ամեն օր համերգներ են կազմակերպվում, որին ես չեմ մասնակցում եւ հետ եմ մնացել: Վերադառնալու խնդիր չկա, կլինեն լավ ստեղծագործություններ, ես չեմ դադարում ստեղծագործել եւ կնվիրեմ իմ երկրագուներին:

-Նախորդ զրույցում նշել էիք, թե Դեր Հովայի հետ աշխատում եք մի երգի ստեղծման վրա: Ի՞նչ փուլում են գտնվում այդ աշխատանքները:

-Այո, բազմիցս ասել եմ, որ ինձ համար` համար մեկ երաժշտական պրոդյուսերը Դեր Հովան է: Ես առանձնացնում եմ նրան, քանի որ շատ հոգեհարազատ ճաշակ ունի, եւ մեր համագործակցությունները հավանության են արժանանում:

Վերջերս ծնվեց մի երգ, որը որ ես պատկերացրեցի նորից Դեր Հովայի հետ աշխատելիս, որովհետեւ այն երանգը, որ ես եմ պատկերացնում գործիքավորման միայն նա կարող էր ստանալ: Չնայած, որ նա բծախնդիր մարդ է, եւ երբ նրան մի բան դուր չի գալիս նա պարզապես ուղիղ ասում է: Համագործակցության ընթացքում հանգեցինք մի ընդհանուր, բայց լրիվ այլ կետի: Երգն արդեն գործիքավորման ավարտի փուլում է, եւ պետք է շուտով ձայնագրվեմ: Վստահ եմ, որ ամառվա ընթացքում այն տեսահոլովակով կհանձնենք մեր երկրպագուների դատին:

Ես կարծում եմ, որ երգը կսիրվի, քանի որ կա հետաքրքրիր միտք, ճաշակ, խոսքերը իմաստալից են, եւ երգի մեղեդին եւ երաժշտությունը ես ինքս եմ գրել: Երգի երաժշտական պրոդյուսինգով զբաղվում է Հարութը, եւ բնականաբար ունի իր կարեւոր մասնակցությունը, ես շատ չեմ բացահայտում փակագծերը, բոլորն արդեն քիչ թե շատ կկռահեն: Եվ ի ուրախություն ինձ արդեն շատերը սպասում են երգին, քանի որ շատ նամակներ եմ ստանում, որն էլ ավելի է ինձ ոգեւորում:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս