Իշխանությունը չունի թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ, չունի ապարանքներ և պաշտոններ չի օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին:
«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել»,-գրել է Մակունցը:
Նա նշել է, որ վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ:
«Բայց իհարկե որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ: Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար: Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում: Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը: Ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»,-գրել է խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի նիստում անդրադարձել էր կառավարության գործունեությանը եւ քննադատություն հնչեցրել`մասնավորապես նշելով, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի: