Նոյեմբերյանի համայնքապետը՝ բժիշկներին չթեստավորելու և աղանդավորական հավաքների արդյունքում կորոնավիրուսով վարակվածների ավելացման լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին հունիսի 4-ին ԱԺ ամբիոնից իր ելույթում ասել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ասում են՝ մեզ թեստեր չեն անում, բոլորս վարակված ենք, տաքությունով գնում ենք հիվանդներին առաջնային օգնություն ցույց տալու»,- ասել էր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ պատրաստվում են փակ նիստ հրավիրել՝ պարզելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները, որ փոխանցվում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորի հայտարարությանը, ասաց․ «Նման բան չկա։ Հիմնական մասը թեստավորվել է, մի քանիսն են մնացել, իսկ նրանց թեստավորումն ընթացքի մեջ է։ Բժիշկները, ովքեր որ կասկածներ են ունեցել, նրանք թեստավորվել են, մեկուսացվել։ Հիվանդանոցն էլ այս պահին գործում է»։

Հարցին՝ արդյոք հավաստի՞ են այն տեղեկությունները, որ համայնքում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի ավելացումը կապված է նրա հետ, որ աղանդավորական հավաքներ են եղել ու այդպես տարածվել է վարակը, Նոյեմբերյանի համյանքապետը պատասխանեց․

«Նման հավաք մեզ մոտ չի եղել, ես տեղյակ չեմ»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս