Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում»:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ։
«Ներկա դրությամբ ունենք 5 վարակակիր, երեկվա դրությամբ 21 թեստ են հանձնել, բայց պատասխանը դեռ հայտնի չէ։ Իսկ վարչապետի ասած դեպքը քառասունքի արարողություն է եղել մեկ շաբաթ առաջ, իսկ մահացածի հարազատների մի կողմը Ձորագյուղից է եղել, մի մասը մեր գյուղից են, բայց դեռ սա հստակ չէ»,-նշեց գյուղապետը։
Ըստ նրա՝ համայնքում կատարվում են ախտահանման եւ իրազեկման բոլոր աշխատանքները, ոստիկանության աշխատակիցների հետ միասին։
«Խուճապ չկա: Երբ համայնքում դեպք չկար, մարդիկ չէին հավատում, բայց հիմա արդեն ավելի զգույշ են, բոլորը կրում են դիմակներ»,-հավելեց նա։
Լիդա Եղիազարյան