ԱՐՑԱԽ ՉԵՆ ԳՆԱ, ՏԵՍԱԿԱՊՈՎ ԿԽՈՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ եւ այլք։ Հրավիրվածներից միայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ։ Ընդ որում, նա արդեն երկու անգամ է հրաժարվել ներկայանալ հանձնաժողովի նիստերին եւ պատասխանել պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախապես հայտարարվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամներն Արցախ չեն գնա՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով եւ վարակակիրների թվի շեշտակի աճով: Եվ չնայած այսօր հանձնաժողովի աշխատանքի ժամկետն ավարտվում է, սակայն եզրակացությունը հրապարակվելու է միայն աշնանը: Մինչ այդ հանձնաժողովը դեռ լրացուցիչ աշխատանքներ է իրականացնելու զեկույցի վրա, որը մի քանի հազար էջից է բաղկացած լինելու:

 

Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հանձնաժողովի անդամ, պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ:

-Տիկի՛ն Պողոսյան, Արցախ մեկնելու որոշում կար ապրիլյան քննիչ հանձնաժողովով, որպեսզի այնտեղ եւս հանդիպումներ ունենաք: Ի՞նչ որոշվեց, ե՞րբ եք մեկնելու, ինչպե՞ս եք կապ հաստատելու Արցախի հետ:

-Ապրիլյան հանձնաժողովն աշխատում է այն տեմպերով, ինչ որ այսօր Հայաստանում է: Հայաստանում շատ լուրջ է իրավիճակը՝ կորոնավիրուսի հետ կապված, վարակակիրների թիվը օր օրի ավելանում է: Մենք մեր գործունեությամբ չպետք է որեւէ կերպ նպաստենք դրան: Դրա համար որոշում կայացվեց, որ այս հանդիպումները եւս տեսակապով անեն: Բակո Սահակյանի հետ տեսակապով կզրուցենք, եթե էլի մարդ լինի, իրենց հետ նույնպես տեսակապով կզրուցենք: Որեւէ կերպ չենք նպաստի թվերի  բարձրացմանը, առավել եւս վարակի ներթափանցումն Արցախ:

-Ինչ-որ հարցեր են առաջացել, դրա՞ համար է որոշվել  նաեւ Բակո Սահակյանի հետ զրուցել:  

-Վաղուց էր պլանավորված Բակո Սահակյանի հետ հանդիպումը՝ անկախ այս ամեն ինչից: Մենք ուղղակի իրավիճակի հետ կապված հերթականություն էինք սահմանել: Շատ կարճ զրույց ենք ունենալու, շատ հարցեր չունենք, կարծեմ 10 կարգի հարց ունենք Բակո Սահակյանին:

-Դրանից հետո հանձնաժողովն ավարտո՞ւմ է աշխատանքները: 

-Այսօր հանձնաժողովի աշխատանքներն արդեն ավարտվում են, որից հետո արդեն կաշխատենք զեկույցի վրա: Հստակ չեմ կարող ասել՝ զեկույցը կլինի մինչեւ արձակուրդ գնալը, թե դրանից հետո. հիմա աշխատում ենք դրա վրա:

-Ժամանակատա՞ր գործընթաց է լինելու ուսամնասիրել այն բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եք:

-Մի քանի հազար էջ փաստաթղթեր են, որոնք պահանջել եւ ստացել ենք: Չհաշված տեսագրությունները՝ ամեն հանդիպումը տեւել է 4-5 ժամ: Այդ ամենը ընդհանուրի բերելը, այո, շատ ժամանակատար գործընթաց է:

-Կարո՞ղ ենք ասել, որ մինչեւ օգոստոս կամ սեպտեմբեր մենք ունենալու ենք եզրակացություն:

-Հիմա դրա վրա ենք աշխատում: Կփորձենք մինչեւ օգոստոս անել, եթե չեղավ, սեպտեմբերի նստաշրջանը սկսելուն պես մեր զեկույցը կլինի:

-Իսկ Յուրի խաչատուրովի չներկայանալը կարո՞ղ է վատ անդրադարձ ունենալ: Ինչպե՞ս է դա բացատրվելու:

-Հանձնաժողովում եւ ես անձամբ կարծում եմ, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվում է գալ հանձնաժողով, որովհետեւ գիտի, թե ինչ աշխատանք է կատարել  հանձնաժողովը: Ես ցավում եմ, որ Խաչատուրովը լսեց այլ մարդկանց խորհուրդները եւ չեկավ: Իսկ այն մարդիկ, որոնք եկան, նշված հարցերի հասցեատեր նշեցին իրեն: Շատ վատ է, որ նա չեկավ:  Նա միայն իրեն չի վնաս տվել: Այստեղ բանակի հարց է, ազգային անվտանգության հարց է, Այս աշխատանքը, որ մենք անում ենք, մենք չենք  անում որեւէ մեկին պատժելու համար: Մենք անում ենք հասկանալու  համար, թե ինչով կարող ենք բանակին օգնել, որտեղ բացեր կան, որտեղ պետք է լրացվեն դրանք:

-Դա կխանգարի՞ կոնկրետ եզրակացության գալու համար:

-Կածում եմ՝ ոչ, չի խանգարի, որովհետեւ հսկայական աշխատանք ենք արել, բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք. որը կարողացել ենք, որը դրված է եղել մեր առաջ, բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՍՏԻՔՆԵՐ ԱՎԵԼԱՑԵԼ

ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ՝ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար: Այսինքն՝ դատախազությունում հաստիքներ են ավելացել, որը բազմաթիվ շահարկումների առիթ է տվել:

 

Դատախազությունից պարզաբանում են, թե ներկայումս, քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված, գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ: Եթե, օրինակ, 2008թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք: Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն՝ անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը: Եթե 2008թ. ընթացքում դատախազական հսկողություն եւ դատավարական ղեկավարում է իրականացվել 20.329 նյութի նախապատրաստման եւ 16.593 քրեական գործի հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ, 2019թ. դատախազական հսկողություն եւ դատավարական ղեկավարում է իրականացվել 58290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27.961 նյութ կամ շուրջ 137%) եւ 35.168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը՝ 18575 գործ կամ շուրջ 112 %): Այսինքն՝ եթե 2008թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019թ. ընթացքում՝ 130,7 գործ: Օրինակ՝ միայն առաջին ատյանի դատարանում քննված գործերի քանակը, որոնցով դատախազները պաշտպանում են մեղադրանքը, 2008թ համեմատությամբ՝ 2020թ. մայիսի 15-ի դրությամբ աճել է 66%-ով: Իսկ, օրինակ, 2015թ. համեմատությամբ՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ դատարան ներկայացված բողոքների քննությանը դատախազների մասնակցության ծավալն ավելացել է 125%-ով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննարկված միջնորդությունների քանակը՝ 80.6%-ով, պատիժը փոփոխելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից ազատելու քննարկված միջնորդությունների քանակը՝ 184%-ով:

Բացի այդ, դատախազությունից հայտնում են, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը եւ հարակից օրենքները, որոնց համաձայն՝ ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մի շարք լիազորություններ: Դրանց իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ բաղկացած 5 դատախազներից, ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաեւ նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առանձին հաստիք՝ այդ ստորաբաժանման աշխատանքները համակարգելու նպատակով: Սրանով պայմանավորված եւս անհրաժեշտ է ավելացնել ՀՀ դատախազության համակարգի հաստիքների թիվը՝ դրանում ներառելով ոչ միայն դատախազների, այլ նաեւ ստորաբաժանմանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, փորձագետների, օժանդակող անձնակազմի հաստիքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 15 հաստիք:

Այսպիսով, դատախազությունում ավելացված հաստիքների թիվը 73-ն է:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ

Գյումրիում մի խումբ թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2.5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետեւ տեղափոխվել Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել է դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ:

 

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նախօրեին ուղղաթիռով Գորիսից Երեւան են տեղափոխել վրաերթի ենթարկված 5-ամյա երեխայի: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները: Փոքրիկն ունի համակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք, կրծքավանդակի վնասվածք, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր: Սանավիացիայի միջոցով հնարավոր է եղել երեխային մի քանի անգամ արագ տեղափոխել ու ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն:

 

ՆՈՐ ԳՈՐԾ

Նոր քրեական գործ Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության շուրջ: Մասնավորապես,, մեզ հայտնի դարձավ, որ Հայկ Հայկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, օգտագործելով գույքի նկատմամբ իր ունեցած լիազորությունները, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված, «Ֆլեշ» ՍՊԸ-ին պատկանող խոշոր չափերի գույքը՝ վերջինիս պատճառելով ընդհանուրը 1.109.820 ՀՀ դրամ գումարին համարժեք խոշոր չափերի գույքային վնաս: Հայկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ, ահա, գործը քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որը Սերժ Սարգսյանի անվտանգությունը ապահովվող «Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի որդին է:

 




Լրահոս