ՊՆ ԳՆԴԱՊԵՏԻՆ ԵՎ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների կողմից շարունակվում են բացահայտումները Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարվող գործողությունների մասով: Աս անգամ ՊՆ գնդապետն ու փոխգնդապետը մեղադրյալի աթոռին են հայտնվել նպաստի հափշտակության գործով:

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լեւոն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, այսինքն` պաշտոնատար անձ, զորամասի նախկին հրամանատարի՝ թիկունքի եւ կոմունալ շահագործման գծով տեղակալ, փոխգնդապետ Մխիթար Մարատի Ավետիսյանի դրդմամբ, որպես պետ (հրամանատար), անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, որը պատճառել է էական վնաս՝ խաթարվել է հիշյալ զորամասի ծառայության, զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքը: Միաժամանակ միեւնույն արարքով վերացնելով ընտանեկան նպաստից զրկվելու համար խոչընդոտները՝ օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Արտեմի Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Մխիթար Ավետիսյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով կոչումով փոխգնդապետ, զորամասում կատարվող մաքրության աշխատանքները հեշտացնելու, նյութական միջոցներ խնայելու նկատառումներից ելնելով, իր խնդրանքով ու հորդորով համոզել է դրդել զորամասի հարամանատար, գնդապետ Լեւոն Հայկարամի Հովհաննիսյանին անցնելու պաշտոնեական լիազորությունների սահմանը, որը պատճառել է էական վնաս՝ խաթարվել է հիշյալ զորամասի ծառայության, զինվորական ղեկավարման մարմինների գործունեության բնականոն ընթացքը: Միաժամանակ միեւնույն արարքով վերացնելով ընտանեկան նպաստից զրկվելու համար խոչընդոտները՝ օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Արտեմի Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:

Բացի ՊՆ պաշտոնատար անձանցից մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Արշալույս Խոյլունցին, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Արտեմի Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:

Արարատ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի բնակիչ Կամո Էլիզբարյանի կողմից միասնական հանցավոր դիտավորությամբ խաբեության եղանակով զգալի չափերով ընտանեկան նպաստ հափշտակելուն:

Պաշտոնատար անձանց եւ մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Իսկ, ահա, գործով նախաքննական մարմինը հայտարարել է նախաքննության ավարտ եւ գործը ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը քննելու է դատավոր Նապոլեոն Օհանյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿՈՉ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել համաքաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ: «Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար բոլորս պետք է լինենք համախմբված: Կորոնավիրուսի դեմ գիշեր ու ցերեկ պայքար մղող տարբեր ոլորտների մեր մասնագետների աշխատանքի իրական գնահատականը ոչ թե սոցիալական ցանցերում նրանց մասին գնահատանքի խոսքերով նկարներ ու տեսանյութեր տարածելն է, այլ մեր վարքագծի փոփոխությունն ու իրական պատասխանատվությունն իրար հանդեպ»,-ասված է ՄԻՊ-ի ուղերձում:

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում ընթացիկ տարվա 4 ամսում ՀԴՄ-ներով արտացոլված իրացման շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շուրջ 20 տոկոսով նվազել է: Այս մասին ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Ըստ նրա՝  բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: «Դա հիմնականում պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Համավարակի պատճառով գործունեության որոշ տեսակներ սահմանափակված են եղել, որոշները մասամբ են եղել սահմանափակված: ՀԴՄ-ների հետ կապված պատկերը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված խնդիր է: Չորս ամսվա կտրվածքով պատկերն այլ է, որովհետեւ, համավարակով պայմանավորված, վերջին երկու ամսվա իրավիճակը թողեց իր բացասական ազդեցությունը»,-ասել է նա: Անդրադառնալով համավարակի ընթացքում աշխատողներին աշխատանքից ազատելու հարցին՝ նա նշել է, որ չորս ամսում 12 հազար աշախատակից է ազատվել աշխատանքից:

 

ԵՐԵՔ ՀՈԳԻ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ

2020թ. հունիսի 3-ին՝ տարբեր ժամերի, «Թալին»-ի բկ-ից ահազանգեր են ստացվել, որ ձախ կրծքավանդակի ծակած կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք եւ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկան կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արագածավան գյուղի  3 բնակիչներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հարուցվել է քրական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություներ: Պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին  դանակահարել է 21-ամյա համագյուղացին:

 

 

ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

Զինված ուժերում եւ ՊՆ համակարգում վերահսկելի իրավիճակ է կորոնավիրուսի առումով: Վարակակիր զինծառայողների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից է, նրանք, որոնք օրենսդրությամբ հնարավորություն ունեն ելումուտ անելու զորոմասեր: Մի քանի դեպքեր եղել են նաեւ ժամկետային զինծառայողների շրջանում, սակայն նրանք բուժվել են: «Անհանգստանալու կարիք չկա, կարեւորը Զինված ուժերի մարտունակության եւ մարտական պատրաստվածության վրա դա չի ազդել: ԶՈՒ-ի պատրաստության պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են»,- հայտարարել է Բալայանը:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ

2020թ. հունիսի 2-ին քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ նույն Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ գլխիվայր շրջել Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, որոնք Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 եւ 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խուլիգանություն խմբի կազմում կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

Հիշեցնենք, որ երեկ ծայրահեղ լարված իրավիճակ ու վիճաբանություն էր Արմավիրի մարզի «Մեյմանդար»-ի շուկայում: Պարետի որոշմամբ՝ շուկան երեկ չէր աշխատելու, բայց գյուղմթերք վաճառողները ընդդիմացել ու աղմուկ-աղաղակով ոստիկաններին թույլ չէին տվել գործողություն կատարել:

 

 




Լրահոս