Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 01:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար․ ավտոմեքենայի մեջ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Ford Transit» (վարորդ՝ Գագիկ Թ․, ծնված 1986 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Հ․, ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Կարեն Գ․-ն (ծնված 1996 թ․), Գրիշա Ա․-ն (ծնված 2000 թ․) եւ Միքայել Գ․-ն (ծնված 1995 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Աբովյանի ԲԿ: Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։