Երեկ օնլայն հարթակում բախումներ տեղի ունեցան Առողջապահության նախարարության և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ներկայացուցիչների միջև: Նախ երեկ առավոտյան հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարությունը և բժշկական կենտրոններին առաջարկեց ներգրավել կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում: Մինչ այդ հայտարարությունը, նկատենք, որ երկար ժամանակ է՝ խոսվում էր հիվանդանոցներում տեղ չլինելու մասին, նաև հրապարակումներ եղան, թե այդ դեպքերի պատճառով մարդ է մահացել: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, որ սպասում է հոսպիտալիզացիայի ենթարկվելու իր հերթին:
Եվ ահա, փաստորեն կրիտիկական վիճակ է եղել, սակայն առողջապահության նախարարությունը միայն երեկ հայտարարություն տարածենք: Դրան զուգահեռ նկատենք, որ այս հայտարարությունից հետո ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, թե իրենք մարտից պատրաստ են եղել ընդունելու կորոնավիրուսով վարակված անձանց: «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած»: Նկատենք, որ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դեռ մարտին հայտնել էր. «Մարտի 25-ից ամբողջովին պատրաստ կլինի մեկուսարան՝ առանձնացված շենքում տեղակայված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած»
Վահան Արծրունու հայտարարությունից հետո էլ Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, թե Առողջապահության նախարարության հետ համաձայնեցրել են թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մի հատված տրամադրել covid հիվանդներին։ «Մեկուսարանը հագեցված է տեխնիկական բոլոր հզորություններով, և համալսարանական բժշկական հաստատությունները ևս։ Ի դեպ, նշեմ, որ այսօր փոխնախարարի հետ քննարկվել է եկող շաբաթվանից թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մի հատված տրամադրել covid հիվանդներին, իսկ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի՝ մի մեծ մասնաշենք»,- հայտնել է Դանիելյանը:
Եվ ուշագրավ է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչու մարտից մինչև այժմ չեն օգտվել հիվանդանոցի ընձեռած հնարավորությունից և միայն հիմա են որոշել համագործակցել: Նրանք չմեկնաբանեցին նաև, թե արդյոք հիվանդանոցների «սորտավորում է» արվել, ինչպես պնդում է Վահան Արծրունին: Դրա փոխարեն ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեկնաբանությամբ հանդես եկավ, սակայն մեղադրեց անձնակազմին՝ իրենց «подножка» անելու մեջ:
Ընդ որում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցն ու Միքայելյան համալսարանական հիվանդանոցը միակ բուժհաստատությունները չեն, որոնք այս օրերին չեն օգտագործվել: Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե մոտակա օրերին կորոնավիրուսի դեմ պայքարին կմիանան այլ բուժհաստատություններ ևս: «Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ): Հիշեցնեմ նաև, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար», – հայտնել էր նա:
Իհարկե, կարևոր է, որ նոր բուժհաստատություններ են ներգրավվում պայքարին, սակայն սա պետք է վաղուց արվեր՝ մանավանդ որ հիվանդանոցներն իրենք էին պատրաստ՝ առանց առաջարկության:
Նաիրա Հովհաննիսյան