ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ` ՍՊԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարում տպագրված 18-ամյա Թաթուլ Հակոբյանի մահվան հանգամանքներին վերաբերող հոդվածի հետքերով կրկին զանգահարեցինք իրավապաշտպան Արթուր Սաքունցին` պարզելու, թե ինչ ընթացք է ունեցել հարցված քրեական գործը, արդյոք երիտասարդի մահվան համար որեւէ մեկը պատասխանատվություն կրել է: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի` 2010-ի հոկտեմբերի 19-ին Վանաձորի պետական մանկավարժական  ինստիտուտի  պատմության բաժնի առաջին կուրսի ուսանող, Սպիտակ քաղաքի բնակիչ 18-ամյա Թաթուլ Հակոբյանը  դասի ժամանակ իրեն վատ է զգացել, իսկ ժամեր անց մահացել Վանաձորի թիվ 1 hիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Մահվան պատճառը պաշտոնապես համարվել էր գլխուղեղի կաթվածը: Հարազատները, որդու մահվան հանգամանքների հետ կապված, լուրջ կասկածներ ունեին, սակայն նախաքննության մարմինը  մերժել էր դեպքի կապակցությամբ  Լոռու մարզի քննչական գլխավոր վարչության   բաժնում  նախապատրաստվող  նյութերով քրեական գործի հարուցումը` հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ հարազատները, ինչպես նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտնում էին, որ Թաթուլը մահացել է այդ օրը ինստիտուտի զուգարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ստացած վնասվածքներից: Հարազատների մոտ առաջին կասկածները ծագել են, երբ առանց իրենցից որեւէ մեկի ներկայության դիահերձումից հետո երիտասարդին տուն են բերել, մայրը` Ցողիկ Յաղուբյանը, նրա մեջքի, պարանոցի, այտերի վրա նկատել է բազմաթիվ վնասվածքներ ու կապտուկներ: Նախքան այդ էլ  նրան որդու համակուրսեցիներից մեկը պատմել է, որ առավոտյան մեծ կռիվ է տեղի ունեցել ինստիտուտի զուգարանում, որից հետո Թաթուլի համակուրսեցի Տիգրան Մուրադյանը տարբեր ժամանակահատվածներում հակասական բաներ է պատմել նրա մորը, որը հետագայում պնդում էր, որ այդ տղան  ցուցմունքը հարյուր ձեւով փոխել է. սկզբից ասել է, որ վարժարանի միջանցքում կանգնած է եղել, ուժեղ դմփոց է լսվել, եւ Թաթուլին հարցրել է, թե ինչ ձայն էր, նա էլ ասել է. «Հեչ գլուխս էր»: Ապա Թաթուլի մորն ասել էր, որ նախօրեին եւ այդ օրը շատ էր ծխել:Եւ, վերջապես, Թաթուլի քույրը` Անժելան, մորը պատմել էր, որ շաբաթ օրը  (դեպքը կատարվել էր երեքշաբթի) եղբոր հեռախոսի վրա ինչ-որ զանգեր են եկել, որոնց նա չի պատասխանել: «Էրեխեն նայել  էր, ասել էր` ի~, չեմ ուզում խոսամ»,-ասել է տիկին Ցողիկը:Երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ հարազատների եւ իրավապաշտպանների բարձրացված աղմուկի արդյունքում նոր նախաքննություն է նշանակվել, եւ հերքվել են բոլոր այն վարկածները, թե բուհի զուգարանում կռիվ է եղել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իր` որպես իրավապաշտպանի եւ հարազատների  կասկածներն իրապես են ցրվել, Արթուր Սաքունցը դրական պատասխան տվեց: Նշանակում է` դեռ հույս կա, որ նոր սկսված քրեական գործի քննությունը որեւէ արդյունք կփոխի: Սաքունցը նշեց նաեւ, որ ինքը ցանկացել է հանդիպել տղայի համակուրսեցիների հետ, ինչը, սակայն, չի հաջողվել: «Չուզեցին, սենց ասեմ»,-մանրամասնեց նա` ավելացնելով, թե իրեն պատճառաբանվել է, որ այդ բուհում են սովորում: Այսինքն` չեն կարող շատ բան խոսել մի բուհի մասին, որտեղ ուսանողներից մեկը մահացել է, սակայն մինչ այժմ պատժվողներ չկան:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս