Ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումը Կառավարությունը որպես ժամանակավոր միջոցառում չի դիտարկում: Նպատակը եկամուտների հավատարմագրման համակարգի ներդրումն է, և ըստ էության հասնել նրան, որ տեղի ունեցող գործարքները համատարած փաստաթղթավորվեն, ի վերջո նաև` տնտեսական շարծառիթներով հիմնավորված: Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ արձագանքելով պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցադրմանը:
«Առնվազն սկզբնական փուլում կլինի այն տեխնոլոգիան, որ հարկային մարմինը յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար հայտարարագրի նախագիծը այն տեղեկատվության հիման վրա, որ հասանելի է հարկային մարմնին և առաքի տվյալ ֆիզիկական անձին, որպեսզի վերջինս իր վերաբերմունքն արտահայտի»,- մանրամասնեց նախարարը և հավելեց, որ կլինի նաև սոցիալական կրեդիտների հնարավորություն:
«Հիմնական ուղղությունները, որոնք քննարկման առարկա ե՝ մարդկային կապիտալին առնչվող ուղղություններն են, և ենթադրվում է բնակարանային ապահովության, կրթության և առողջապահությանը վերագրվող ծախսերը հնարավոր կլինի ֆիզիկական անձանց համար նվազեցնել հարկման բազայից հաշվետու տարվա արդյունքներով: Եկամուտների համատարած հայտարագրումը հնարավորություն կտա նույնականացնել յուրաքանչյուրին, քանի որ համավարակի հետևանքով առաջացած իրավիճակում պարզ դարձավ, որ տեղեկատվության պակաս կա, որպեսզի սոցիալական աջակցությունը լինի հնարավորինս թիրախային: Ի վերջո նաև հարկային գործակալն այսօր վերաբերելի է սահմանափակ թվով գործարքների ու եկամուտների համար, մինչդեռ գործող կարգավորումներով ենթադրվում է, որ այլ եկամուտները ևս ենթակա են հայտարագրման, բայց որևէ մեխանիզմ կամ շարժառիթ չկա դրանք հայտարարագրելու համար»,- հավելեց նախարարը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ի հակառակ տարածվող շատ տեսակների, այն մարդկանց հարկային բեռը չի ավելացնելու:
«Նախագիծը վատթարացնող դրույթներ չի պարունակելու, և ես ամեն ինչ կանեմ, որ մինչ նախագիծը ընդունվելը մենք համապարփակ ամեն ինչ քննարկենք: Որքանով ինձ հայտնի է՝ հարկային դրույքաչափի բարձրացում չի նախատեսվում և նոր հարկատեսակների ավելացում չի նախատեսվում»,- նկատեց Թունյանը:
Իր հերթին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե եկամուտների հայտարագրման շահառու են դառնալու Հայաստանում միայն մշտապես բնակվող, թե Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձինք: Պատգամավորը նկատեց, որ շատ են անձինք, որոնք ապրում են արտերկրում, չեն հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, երկքաղաքացի են, և եթե նրանք դառնան հայտարարագրման սուբյեկտ, դա հարցեր կարող է առաջացնել:
«Քննարկվող նախաձեռնության համատեքստում ենթադրվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող բոլոր քաղաքացիները, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձինք, Հայաստանում մշտապես բնակություն ունեցող և որևէ կարգավիճակ չունեցող, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է լինեն հայտարարագիր ներկայացնող»,- արձագանքեց նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս էր անդրադարձել էր այս հարցին` ասելով, որ ժամանակն է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմ ներդնել:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան